«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ տեղի է ունեցել Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մոտ 30 ուսանողի եւ մի քանի պատգամավորների հետ հանդիպումներ։ Հանդիպումներին մասնակից ուսանողներից մեկը մեզ մանրամասներ է ներկայացրել հանդիպումներից: Երբ նրանք զայրացած դուրս եկան նիստերի սրահից, պատմեցին, որ բոյկոտեցին ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ հանդիպումը: Ասել է թե՝ Արման Եղոյանի հետ ուսանողների հանդիպումն ավարտվել է սկանդալով, ուսանողները սենյակում մենակ են թողել Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահին եւ դուրս եկել։
Ի՞նչն էր պատճառը. հանդիպման մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ երբ ուսանողները խոսել են դիվանագիտության մասին եւ, որպես բացասական օրինակ, մատնանշել ոչ դիվանագետ Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու փաստը` ասելով, թե, փաստորեն, ոչ թե կրթությունն է կարեւոր, այլ ծանոթ ունենալը, ի պատասխան Եղոյանն արձագանքել է, թե ավելի լավ է նրանք հողափորություն սովորեին, քան միջազգային հարաբերություններ։ Նա բացատրել է Մակունցի նշանակումը այն հանգամանքով, որ վերջինս կգա եւ վարչապետին կզեկուցի այն ամենը, ինչ կատարվում է, իսկ դիվանագետները ամեն ինչ չէ, որ զեկուցում են վարչապետին։ Եվ այս հանգամանքն էլ զայրացրել է ուսանողներին, նրանք բղավել են ու զայրացել իրենց հողափոր դառնալու ճանապարհ ցույց տալու համար եւ դուրս եկել նիստերի դահլիճից։
Ինչու՞ է պատգամավորը վիրավորել ուսանողներին. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ի պատասխան՝ Արման Եղոյանն ասաց. «Ասել եմ, որ կան դեպքեր, երբ որոշակի քանակով պետք է լինեն դեսպանների քաղաքական նշանակումներ՝ կապված երկրների հետ հարաբերություններից։ Ու դա եղել է բոլոր ղեկավարների օրոք, իսկ մեր իշխանության ժամանակ քաղաքական նշանակումները ամենաքիչն են»: Եղոյանի խոսքով՝ միգուցե ուսանողների մոտ տպավորություն է եղել, թե թերագնահատում է իրենց մասնագիտությունը, սակայն, հակառակը, բարձր է գնահատում։
Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով կկանոնակարգվի քարոզչական պաստառներ փակցնելու կարգը: Բանն այն է, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք»-ը սահմանում է քարոզչական պաստառներ եւ այլ նյութեր տեղադրելու, փակցնելու կարգը, սակայն հանման կարգ գոյություն չունի: Օրենքում որեւէ կերպ կարգավորված չէ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ փակցված նյութերի հանման կարգը: Եվ, պատգամավորի փոխանցմամբ, ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ամիսներ շարունակ քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր ՀՀ մի շարք համայնքներում շարունակում են փակցված մնալ: Օրինակ՝ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից անցել է մոտ ութ ամիս, սակայն քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր դեռեւս փակցված են մի շարք համայնքներում: Այս պայմաններում հասարակությունը շարունակաբար գտնվում է նախընտրական մթնոլորտում, որը բացասաբար է անդրադառնում մարդկանց առօրյա կենսագործունեության վրա: Այսպիսով, պատգամավորն առաջարկում է ամրագրել, որ ընտրությունների վերջնական արդյունքներն ուժի մեջ մտնելուց հետո այդ պաստառները պետք է հանվեն. եթե դա չեն անում կուսակցությունները, գովազդային կազմակերպությունները, պետք է անի համայնքի ղեկավարը եւ փոխհատուցում պահանջի իր ծախսերի համար այն տեղադրողներից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ հարուցված քրեական գործով եւս երեք անձի մեղադրանք է առաջադրվել, ընդ որում՝ նրանցից մեկը կին է: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով ուշագրավ բացահայտումներ են եղել, որ, օրինակ, մարտի դաշտից վարչության պետերից մեկի տղային դուրս են հանել եւ տեղափոխել են ավելի անվտանգ տեղ, ասել է թե՝ փախցրել են: Հիշեցնենք, որ Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ հանդիսացող գեներալ-լեյտենանտ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով): Մակարյանի նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը։ Մակարյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Մակարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, հարցաքննվել է: Հավելենք, որ այս եւ այլ քրեական գործերով Զինվորական քննչական կոմիտեում հարցաքննվել են նաեւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը: Հավելենք նաեւ, որ առաջիկայում այս քրեական գործով եւս նախաքննության ավարտ կհայտարարվի:
Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ից հետո Վանաձոր համայնքը դեռ ղեկավար չունի: Հիշեցնենք՝ Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը հաղթանակ էր տարել դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններում: Իշխանությունները չեն հաշտվում Վանաձորում ընտրված «Մամիկոն Ասլանյան» դաշինքի թեկնածու, գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հաղթանակի հետ: Այժմ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ով է զբաղվում քաղաքի կառավարչական հարցերով: Մեր հարցին ի պատասխան՝ Խաչատրյանն ասաց. «Այս պահին Վանաձոր համայնքը ղեկավարվում է աշխատակազմի քարտուղարի կողմից: Հիմա դատական գործընթացի մեջ է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության մանդատի հարցն է քննարկվում, չեմ կարող ասել, թե ինչ ժամկետներում վճիռ կկայացնեն: Բայց նշեմ, որ աղբահանության, լուսացույցների, քաղաքացիների սպասարկման հետ կապված խնդիր չունենք: Իհարկե, կան որոշակի տեխնիկական խնդիրներ, բայց ասել, որ խնդիր չկա, այդպես չէ: Իմ նշած աշխատավարձերի մասով եւս խնդիր չունենք: Հուսով ենք, որ մոտ ապագայում դատական գործընթացը կավարտվի, եւ կընտրվի քաղաքապետ, եւ բնականոն հունով կկառավարվի քաղաքը, բայց այս պահին լուրջ խնդիրներ չունենք»: