Երեւանի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Մենուա Սողոմոնյանն ասում է, որ Ռուսաստանն այժմ քննութուն է հանձնում՝ աշխարհին ցույց տալու, որ ինքը գերտերություն է, ու Արեւմուտքի միաբեւեռ որոշումներն իր համար ուղղակի ընդունելի չեն կարող լինել:
-Ռուս ուկրաինական հակամարտությունը, զինված բախումը կամ պատերազմը արդեն քանի օր է՝ ընթանում է, եւ մեզ հուզող ամենաառաջին հարցը հետեւյալն է՝ այս ամենը Հայաստանի քաղաքական դաշտի վրա ի՞նչ կերպ է անդրադառնալու:
-Քիչ հավանական ու նաեւ անթույլատրելի եմ համարում, որ արտաքին վեկտորի փոփոխություն տեղի ունենա, որովեհետեւ շատ պարզ աշխարհաքաղաքական անվտանգային կառուցվածք ունի հարավային Կովկասի ճարտարապետությունը, Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է: Հետեւաբար անմտություն եւ կործանարար կլինի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն այն պարագայում, երբ մենք ինքներս տեսնում ենք, թե, օրինակ, Վրաստանն ինչպես է դեպի Արեւմուտք կողմնորոշում ձեռք բերել, բայց միեւնույն ժամանակ շատ խելամիտ քայլ է կատարում՝ չմիանալով արեւմուտքի սկսած սանկցիաների շքերթին: Մենք տեսնում ենք, որ այդ լարվածության ֆոնին Ադրբեջանի հետ դաշնակցային գործընեկերության պայմանագիր է ստորագրել, եւ այս պարագայում անթույլատրելի կլինի որեւէ փոփոխություն: Կան որոշ մարգինալ ուժեր, որոնք այդպիսի շեշտադրումներ կատարում են, որոնց հիմքում չկա լուրջ վերլուծություն: Ինչ վերաբերում է այդպիսի անվտանգային միջավայրի վրա ազդեցությանը, ապա, այո, մեզ հետաքրքրում է, որ կոնֆլիկտը արագ հանգուցալուծում ստանա, եւ այդ կոնֆլիկտից Ռուսաստանը թուլացած դուրս չգա: Իհարկե, անհնար է, որ չթուլանա, որովհետեւ ե՛ւ տնտեսական սանկցիաներն են ազդելու Ռուսաստանի վրա, ե՛ւ այդքան կատարված ռազմական ծասխերը: Բայց ինչքան շուտ վերջանա, այնքան մեզ օգտակար է, որովհետեւ ինչքան ձգձգվի, այնքան Ռուսաստանում կարող է առաջ գալ ներքին վիճակի դեստաբիլիզացիա, որը մեզ համար, իրական, լուրջ ռիսկ կարող է պարունակել:
-Այսինքն՝ Ռուսաստանում այն, ինչ որ կգրանցվի, ուղղակիորեն անդրադառնալու է Հայաստանի վրա՞: Դուք նման համոզմունք ունե՞ք եւ, փաստորեն, փոփոխություն Հայաստանի արտաքին վեկտորի դեպքում անթույլատրելի եք համարում: Ինչո՞ւ:
-Միանշանակ, որովհետեւ դա շատ ծանր հետեւանքներ կբերի: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը թուլանալու է այն աստիճան, որ տեղի ունենա մոտավորապես այն, ինչ տեղի ունեցավ 1917թ., թեեւ նորից եմ ասում, որ ռիսկեր բավականին կարող են լինել: Բայց այս պարագայում եթե մենք հետ ենք կանգնում մեր դաշնակցային հարաբերություններից, այսօր Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման առանցքը կազմում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները: Եթե չկա դրան այլընտրանք, ապա այդ փոփոխությունը կնշանակի, որ մենք մեր ձեռքով մեր անվտանգության համակարգը քանդում ենք:
ԱՊՐԻԼԻ 1-Ի ԳԱԶԸ ԿԹԱՆԿԱՆԱ
Գազի սակագինն ապրիլի 1-ից սովորական սպառողների համար կբարձրանա 4.7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ.Զ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր բավարարեց «Գազպրոմ Արմենիայի» հայտը, սակայն ՀԾԿՀ-ի արած առաջարկների հիման վրա՝ ռուսական ընկերությունն առաջարկում էր կապույտ վառելիքի միասնական սակագին սահմանել 135.6 դրամ, կարգավորող հանձնաժողովն էլ հայտն ուսումնասիրելուց հետո իր հաշվարկներն էր ներկայացրել՝ առաջարկելով անապահով խավերի համար սակագինն անփոփոխ թողնել՝ 100 դրամ, սովորոկան սպառողների համար գազը թանկացնել 4.7 դրամով՝ սահմանելով 143.7 դրամ։
Մեծ ծավալի՝ ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների, այսինքն՝ բիզնեսի համար ՀԾԿՀ-ն շուրջ 4 տոկոս թանկացում էր նախատեսում, ավելի քան 4 տոկոս թանկացում էլ՝ ջերմոցային տնտեսությունների համար։ Փաստորեն գազը միջինը 4.1 տոկոսով կթանկանա, ռուսական ընկերությունը մինչդեռ 6 տոկոս թանակցում էր նախատեսում ու միասնական սակագնի սահմանում։ Ավելի վաղ ավելացել էին ջրի, ապա նաեւ հոսանքի սակագները, փորձագետների կանխատեսմամբ, թանկացող կումունալ ծառայությունները հնարավոր է ավելի սրեն սոցիալական վիճակը Հայաստանում ու հանգեցնեն ապրանքների ինքնարժեքի ավելացմանը: ՀԾԿՀ հաշվարկների վրա հիմնված առաջարկով՝ գազի միջինը 4.1 տոկոսի թանկացում է սպասվում, ռուսական ընկերությունը մինչդեռ 6 տոկոս թանակցում էր նախատեսում ու միասնական սակագնի սահանում, եթե ընդունվի «Գազպրոմի» առաջարկը, բիզնեսի համար թանկացումը շատ ավելի մեծ կլինի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտն ուսումնասիրելուց հետո որոշեց տարբեր խմբերի համար առանձին սակագներ առաջարկել, այս սկզբունքը նախկինում էլ էր գործում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ-ռուսական ավելի քան երկու տարի տեւած գազային բանակցությունների արդյունքում որոշվել է ապրիլի 1-ից սահմանին կիրառել գազի գնի ճշգրտման մեխանիզմը։ Սա նշանակում է, որ ջերմատվությամբ՝ կալորիականությամբ պայմանավորված՝ գինը կփոփոխվի, ավելի որակյալ գազի համար Հայաստանն ավելի շատ կվճարի։ Ըստ էության, նույն «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվածության հետեւանքով անցած ամիս հանձնաժողովը որոշեց միջինը 4.7 դրամով թանկացնել էլեկտրաէներգիան. պատճառը ռուսական կողմի նկատմամբ Հայաստանի չկատարված պարտավորություններն են։
«Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի համար ներդրված գումարը չվերադարձնելու պատճառով փետրվարի 1-ից սկսած տասը տարի ժամկետով Հայաստանը «Գազպրոմ»-ին տարեկան շուրջ 32 միլիոն դոլար պետք է տրամադրի։ Ու մինչ փորձագետներն ու ընդդիմությունը ահազանգում են, որ գազի, հոսանքի, ջրի սակագների բարձրացման անխուսափելի հետեւանքը կլինի էլ ավելի բարձր գնաճը, Հայաստանի իշխանությունները հիշեցնում են՝ նույնը տեղի է ունենում ողջ աշխարհում եւ հատկապես՝ այն երկրներում, որտեղ գազը չորս անգամ ավելի թանկ է։
Նյութերը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ ԱԺ-ՈՒՄ
Ազգային ժողովի հանձնաժողովներում պատգամավորների փոխատեղումներ կլինեն: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ու Արթուր Ղազինյանը փոխատեղում կանեն՝ Ղազինյանը` ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողով, Գրիգորյանը Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով կգնա: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց Արթուր Ղազինյանը՝ նշելով, թե «տեղեկատվությունը լիարժեք չէ, առաջիկայում դրա վերաբերյալ կլինի հայտարարություն»: Նշենք, որ Արթուր Ղազինյանը ընդդիմության թեկնածուն էր՝ Պատշպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնագահի պաշտոնում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», սակայն, նրան այդպես էլ չնտրեց այդ պաշտոնում, ինչից հետո հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը մինչեւ այսօր թափուր է:
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Հայկական օղու արտադրության ծավալները զգալի նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում օղու արտադրության ծավալները պակասել են 14 տոկոսով: Armlur.am-ը տեղեկացավ, որ նախորդ տարվա ընթացքում մեր հանրապետությունում արտադրվել է 4 մլն 272 հազար լիտր 400 լիտր օղի, մինչդեռ 2020 թվականին արտադրված օղին կազմել է 4 մլն 969 հազար 800 լիտր օղի:
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ այսօր հայաստանյան սուպերմարկետներում, խանութներում հիմնականում վաճառվում են ավելի շատ ռուսական, բելառուսական արտադրության օղի: Հայկական արտադրության օղի առեւտրի կետերում քիչ կարող ենք հանդիպել: Բայց նկատենք, որ շատերը հիմնականում նախընտրում են սպառել ինքնաշեն օղի, որը բավականին թանկ է, իսկ տեղական օղին դրսից բերվող օղու հետ կարող է մրցել միայն ցածր գների պատճառով: Մյուս կողմից՝ արձանագրենք, որ ակցիզների սպասվող բարձրացումը բերելու է օղու գների աճին:
Հայաստանում ոգելից խմիչքների արտադրության ոլորտում կոնյակն առաջատար է: Պաշտոնական տվյալներով՝ հայրենական կոնյակի արտադրության ծավալներն ավելացել են 19.2 տոկոսով. 2021 թվականին արտադրվել է 46 մլն 696 հազար 300 լիտր կոնյակ՝ 2020 թվականի 39 մլն 191 հազար լիտրի դիմաց: