Թեժ մարտական գործողությունները Ուկրաինայում անկասկած մի պահի կանգնելու են։ Բնականաբար, որքան շուտ, այնքան լավ։ Ինչը հնարավորություն կտա խուսափել նորանոր զոհերից ու ավերածություններից։
Այլ հարց է՝ տնտեսական պատերազմը, որն իր ծավալներով դուրս է գալիս ռացիոնալ մտածողության սահմաններից։
Սա նախադեպը չունեցող տնտեսական պատերազմ է, որի երկարաժամկետ հետևանքների մասին ոչ ոք իրատեսական պատկերցումներ չունի՝ ոչ Ռուսաստանը, ոչ ԵՄ-ն, ոչ՝ ԱՄՆ-ն, ոչ՝ Չինաստանը, ոչ ոք։
Հայաստանը փոքր, դեպի ծով ելք չունեցող պետություն է, որի ցամաքային սահմաններից երկուսը փակ են, անշուշտ, ենթարկվելու է համաշխարհային տնտեսական աղետի հետևանքներին։
Խոսքը գնալու է, թե պարենային անվտանգության, թե մակրոտնտեսական իրավիճակի համար լրջագույն ռիսկերի մասին։ Ցանկանում եմ ընդգծել՝ սա մեր ուզել կամ չուզելու խնդիրը չէ. սա չոր իրականությունն է։
Մենք պետք է պատրաստվենք այդ դժվարություններին, մենք պետք է մշակենք հակաճգնաժամային կառավարման և քայլերի փաթեթ, որը թույլ կտա հնարավորինս մեղմել բացասական հետևանքները։ Վստահ եմ իշխանությունը լավ հասկանում է իրավիճակը և Կենտրոնական Բանկի պարբերաբար տրվող տեղեկանքները խոսում են իրավիճակը մշտական մոնիտորինգի մասին։
Իմ մտահոգությունն այլ է. իսկապես անհնար է հաշվարկել այս տնտեսական պատերազմի նույնիսկ միջնաժամկետ հետևանքները, իսկապես դրա ծավալները ահռելի են, և Հայաստանը պետք է իր ներսում գնա վերակազմավորումների և ավելի երկարատև լուծումների։
Այս առումով, հարկ եմ համարում ներկայացնել մի քանի առաջարկ, որոնցից շատերը հնչեցրել եմ թե ԱԺ-ում, թե հրապարակային այլ ձևաչափերում։
Կառուցվածքային փոփոխություններ
Վերականգնել Գյուղատնտեսության նախարարությունը։ Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիաների նախարարությունների ներուժի միաձուլում, և դրանցից՝ նոր երկու նախարարությունների ձևավորում. Գյուղատնտեսության նախարարություն և զարգացման նախարարություն։ Այս կառուցվածքը այսօրվա համաշխարհային տնտեսական մարտահրավերների համար կարծում եմ ամենաարդյունավետն է։
Հակաճգնաժամային գործողություններ
Ամենասուղ ժամկետներում ավարտել հողային ֆոնդի չմշակվող հողատարածքների հաշվառումը և տալ կոնկրետ լուծումներ։ Հողերի 60 տոկոսը չի մշակվում։ Անհրաժեշտ է իրականացնել հողային ֆոնդի մանրակրկիտ մոնիտորինգ։ Չմշակվող հողատարածքների սեփականատերերի հետ արագ բանակցություններ՝ կամ մշակում եք, կամ պետությունը գտնում է այլ լուծումներ՝ դրանք մշակելու. Օրինակ համայնքային կառավարման տարբերակով։ Գաղտնիք չէ, որ շատերը հողատարածքներ են ձեռք բերել դրանք վերավաճառելու համար, և որևէ ցանկություն չունեն գյուղատնտեսությամբ զբաղվելու։ Մենք նման շռայլություն այսօր մեզ չենք կարող թույլ տալ. Կա՛մ մշակում ես, կա՛մ մշակում է՝ ուրիշը։
Ջրային ռեսուրսներ
Կառավարությունը այսօր իրականացնում է մի քանի խոշոր ջրամբարների կառուցում՝ ինչն իհարկե ճիշտ է։ Մտավախությունս հետևյալն է՝ խոշոր ջրամբարների կառուցումը և ժամանակատար է, դրանց կառուցումը պահանջելու է զգալի ժամանակ և՝ ծախսատար։ Ջրային ռեսուրսների մինչև 80 տոկոսին մենք չենք տիրապետում։ Իմ առաջարկն է, ողջ երկրով մեկ փոքր և միջին ջրահավաք ջրամբարների ստեղծումը։ Մեծ թվով՝ տարեկան մինչև 1000-1500։ Հայաստանում արդեն իսկ կան նման հաջողված փորձեր, որոնք ապացուցել են իրենց էֆեկտիվությունը։
Գյուղատնտեսական ռեգիոնալ ծրագրեր
Հաշվի առնելով բնակլիմայական պայմանների առանձնահատկությունները, ՀՀ տարածքում նախաձեռնել 30-40 նոր առանձնահատուկ ծրագրեր։ Սա և կարճաժամկետ՝ հակաճգնժամային տրամաբանության մեջ է, և երկարատև՝ գյուղատնտեսության գրագետ զարգացման և վերափոխման։
Բերեմ մի քանի օրինակ. Աշոցք-Ամասիա-Շիրակի դաշտավայրի մի մասում՝ ոսպ, Մեղվաբուծություն, անասնապահություն։
Հրազդան, Աբովյանի որոշ գյուղեր՝ կանաչ ոլոռ։ Սևանի ավազանի հողեր՝ հնդկաձավար, մեղվաբուծություն, բալ, ծիրան։
Վայոց ձոր՝ Մեղվաբուծություն, ծիրանի տնկարաններ, խեցգետնի և ձկան աճեցում։ Արփա գետի հունը՝ Վայքի եկեղեցուց մինչև Արենի՝ ջրամբարների կասկադ, ջուրը մղել Արարատյան դաշտավայր։
Սյունիքում՝ ջրամբարներ/ ձուկ, խեցգետին/ , մեղվաբուծություն, ծիրան։
Վայոց ձոր, Սյունիք, Տավուշ, Կոտայք, Լոռի՝ ալոճի վերամշակում՝ կոմպոտներ, մասուրի վերամշակում՝ մուրաբա։
Մրգային որակյալ օղիների արտադրություն։
Այն ինչի մասին ես գրում եմ այս պահին միջազգային շուկայում ունեն բարձր գին։ Օրինակ, ամբողջ աշխարհում առկա է որակյալ մեղրի դեֆիցիտ։ Պատահական չէ, որ Ֆրանսիան նախորդ տարի մեծ քանակներով մեղր է գնել հարևան Վրաստանից։ Մեղվաբուծությունը Հայաստանի համար կարող է ապահովել ոչ միայն ֆինանսական եկամուտ, այլև շատ մեծ թվով աշխատատեղեր՝ ողջ երկրով մեկ։ Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում հարյուր հազարավոր մարդկանց զբաղվածության խնդիրը կարող է լուծվել։ Մեղրի գինը միջազգային շուկայում այսօր բավական բարձր է։
Պետություն և բիզնես
Ճգնաժամը ստիպում է պետության և բիզնեսի ավելի ճկուն համագործակցություն։ Մենք ունենք հայ գործարարներ, ովքեր աշխարհի տարբեր երկրներում ներգրավված են գյուղատնտեսության մեջ։ Անհրաժեշտ է գույքագրել ողջ ինֆորմացիան՝ ով, որտեղ, ինչ ծավալներ է ապահովում, ինչ հնարավորություններ կան։ Պետությունը կարող է ուղիղ համագործակցության մեջ մտնել նրանց հետ, միջպետական խողովակներով կարգավորելով ծագող խնդիրները։
Ամփոփում
Տնտեսական մարտահրավերների թեմայով գուցե անհրաժեշտ է հրավիրել մասնագիտական խորհրդակցություններ։ Պատրաստ եմ ավելի մանրամասն ներկայացնել իմ առաջարկները։
Իշխան Զաքարյան
ԱԺ պատգամավոր