ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱԴԵԿՎԱՏ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ասում է, որ երեկ՝ մարտի 9-ին, խորհրդարանում մեկնարկած արտահերթ նիստում պետք է քննարկվեր Արցախում գազամատակարարման դադարի խնդիրը, ինչն ուղիղ կապված է ադրբեջանական սադրանքի հետ: «ԱԺ-ն ադեկվատ չէ, փոխանակ Արցախում գազ չլինելու հարցը բարձրացնի, ծխախոտի թեման է քննարկում»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

-Արցախում, տեւական ժամանակ է՝ գազամատակարարում չկա, եւ, փաստորեն, դա կապված է ադրբեջանցիների կողմից սադրանքների հետ: Հոսանքի խնդիր է լինում, քանի որ ՀԷԿ-երի մեծ մասն անցել է հակառակորդին: Ասում են, որ այս պահին բանակցություններն արդյունք չեն տալիս: Ի՞նչ պետք է անել այս հարցի կարգավորման համար:

-Սա յուրահատուկ սադրանք էր ադրբեջանցիների կողմից՝ հավանաբար պայմանավորված աշխարհաքաղաքական նոր դասավորումներով, եւ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանն այս պահին բավականին լուրջ իրադրության մեջ է՝ ուկրաինական ճգնաժամի հետ կապված: Ադրբեջանցիներն, ըստ էության, փորձում են օգտվել իրավիճակից, անում են իրենց սեւ գործը: Այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը գնում է սադրանքի, ու այս կողմից ոչ թե համարժեք պատասխաններ են տրվում, այլ ընդհամենը ասում են, որ պետք է գնանք խաղաղության պայմանագրի ստորագրման եւ այլն, այս ամենն ավելի է նսեմացնում մեր դիրքերը: Թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ մատակարարման մեխանիզմների խաթարման հարցում, հստակ տեղեկատվություն չկա, բայց փաստ է, որ ադրբեջանական կողմը բլոկում է որեւէ փորձ այնտեղ գնալու եւ հասկանալու, վերականգնելու: Ադրբեջանի մեծագույն նպատակը ո՞րն է. ըր, ի վերջո, Արցախը մնա Ադրբեջանի կազմի ներսում առանց հայերի, եւ իրենք շարունակական կերպով այդ քաղաքականությունը տանում են առաջ: Ամեն օր տեսնում  ենք, թե մեր գյուղերից մեկում ինչպիսի սադրանքների են գնում՝ կրակոցների, հոգեբանական ճնշումների տեսքով: Սա չպետք է ուղղակի դիտարկել կենցաղային մակարդակի վրա, սա պետք է դիտարկել Ադրբեջանի ավելի երկարաժամկետ քաղաքականության մի մասը: Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության օրակարգի ո՛չ Արցախի ու ո՛չ էլ Հայաստանի հետ: Ցավոք սրտի, խորհրդարանական երկրում խորհրդարանն էլ ադեկվատ չէ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներին:

-Փորձե՞լ եք զրուցել իշխանական Ձեր գործընկերների հետ: Արցախի իշխանությունը դիմել է ռուս խաղաղապահներին, իսկ մենք ի՞նչ ենք արել:

-Անիմաստ է զրուցել, քանի որ մեծ մասը տեղյակ չէ, իսկ ովքեր տեղյակ են, իրենց չի էլ հետաքրքրում այդ իրավիճակը, որովհետեւ ես անձամբ մի քանի անգամ լսել եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներն ասում են, որ Արցախի հետ կապված թեմաներն այլեւս մերը չեն, եթե ցանկություն ունենք տեղեկություն ստանալու, ապա դիմենք ռուսական կողմին, նրանք են հարցեր լուծում, իրենք այլեւս կապ չունենք: Հետեւաբար այս խորհրդարանական մեծամասնությանը որեւէ բան ասելը կամ հարցեր ուղղելն անիմաստ է:

-Ինչպե՞ս եք լուծումը տեսնում խաղաղապահների բանակցությունների միջոցով, քանի որ Դուք էլ եք նշում, որ շարունակական կարող է լինել այս ամենը:

-Ադրբեջանի նման ագրեսիվ քաղաքականությունը սրվել է՝ հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամը, այսինքն՝ Ռուսաստանը մի փոքր թեքել է գլուխը եւ գտնվում է այլ խնդիրների մեջ, Ադրբեջանը օգտվում է առիթից: Ե՛վ Հայաստանի Հանրապետությունում, ե՛ւ Արցախի Հանրապետությունում ավելի մեծ ջանքեր պետք է գործադրեն ռուսական կողմի հետ ավելի ճիշտ հաղորդակցվելու համար:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՆՈՐ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿՍՏԵՂԾՎԻ

Armlur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է ստեղծել Սահմանադրությանը համապատասխանող, բավարար լիազորություններով օժտված եւ հանրային լայն ու հավասարակշիռ մասնակցություն ունեցող պետական առանձին մարմին, որը կզբաղվի  2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելով:

 

Հիմնավորման մեջ խմբակցությունը նկատում է, որ այժմ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ այս հարցերով զբաղվող առանձին մարմին չկա: Եվ թեեւ կառավարման խորհրդարանական ձեւին անցած Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությունն ու «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված է քննիչ հանձնաժողովի ստեղծման հնարավորություն, սակայն այս հարցերով նման ծավալի, խորության, բովանդակության, մասնագիտական մոտեցում եւ քաղաքական չեզոքություն պահանջող ուսումնասիրության համար քննիչ հանձնաժողովի առկա մոդելն ու ձեւավորված քաղաքական հարաբերակցությունը ակնհայտորեն չեն կարող բավարարել:

Այսպես, առաջարկվում է, որպեսզի Սահմանադրության 122-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող Հանձնաժողովի 9 անդամներից 8-ին առաջադրեն կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները հավասարաչափ՝ թվով 4-ական թեկնածուների առաջադրման միջոցով, եւ մեկ թեկնածու՝ մարդու իրավունքների պաշտպանը: Ընդ որում, խմբակցությունների կողմից առաջադրվող թեկնածուների համար առաջարկվում է սահմանել հետեւյալ պայմանները. հանձնաժողովի առնվազն մեկական անդամի թեկնածությունն առաջադրվում է՝

1) Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների կողմից Ազգային ժողովի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցություններին առաջարկվող թեկնածուներից,

2) այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ խորհրդակցությունների հիման վրա, որոնք Հայաստանի Հանրապետության վերջին համապետական ընտրությունների արդյունքում ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի ոչ պակաս, քան 1 տոկոսը,

3) Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական կազմակերպությունների հետ խորհրդակցության հիման վրա, որոնց կանոնադրական նպատակներից է պետության պաշտպանության, անվտանգության, ինչպես նաեւ զոհված, վնասվածքներ ստացած, գերեվարված եւ/կամ ռազմական գործողությունների հետեւանքով այլ կերպ տուժած անձանց հիմնախնդիրներով զբաղվելը, եւ որոնք վերջին հինգ տարիներին իրականացնում են նման գործունեություն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱԱԾ-Ն՝ ԱԺ-ՈՒՄ

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը օրերս գնացել է ԱԺ՝ հարցաքննելու ԱԺ  ՔՊ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին: Դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում ծեծկռտուք էր. ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունէ Գեւորգյանը պատմել էր, որ, ծեծկռտուքը տեղի էր ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Ըստ Գեւորգյանի՝ ծեծկռտուքին մասնակցել են ՔՊ-ական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը եւ Սիսակ Գաբրիելյանը։

Արդյունքում, ԱԱԾ-ն քրգործ հարուցեց ԱԺ-ում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի գործով: Եվ, ահա, տարեսկզբից ԱԱԾ-ն սկսել է ակտիվ քննչական գործողություններ իրականացնել: Նախաքննական մարմնի քննչական ակտիվ գործողություններից մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Ղազարյանը եւ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սեւակ Նազարյանը տուժող են ճանաչվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն այցելել է Ազգային Ժողով եւ կոնկրետ հարցաքննել է Հրաչյա Հակոբյանին: Մեզ հետ զրույցում պատգամավորը հաստատեց տեղեկությունը: Նկատենք, որ քրեական գործով դեռեւս որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ:

 

 

4 ԱՄԻՍ ԱՆՑ

Շուրջ 4 ամիս է, ինչ ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է, թե արդյոք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կոռուպցիոն գործընթացներ իրականացրել է, թե ոչ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այս 4 ամսվա ընթացքում ոստիկանությունը տարբեր կառույցներին հարցումներ է իրականացրել՝ հասկանալու համար, թե կոռուպցիոն ռիսկեր կան, թե ոչ: Ոսստիկանությունը սպասում է համապատասխան պատասխաններին, որից հետո պարզ կլինի նախարարի գործողություններում քրեական տարրեր կան, թե ոչ: Փաստ է մեկ բան, որ մինչ օրս նախարարի գործողություններում քրեական տարրեր չեն հայտնաբերվել, կամ միգուցե իրավապահները չեն ցանկանում հայտնաբերել: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզային իր գործուղումներն իրականացնում է ուղղաթիռով՝ սանավիացիայով, բնականաբար՝ պետբյուջեի հաշվին: Այս մասին նախարարը խոստովանել էր նաեւ լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ:

Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը դեռեւս երկու տարի առաջ մանրամասն ներկայացրել էր, թե ինչ իրավիճակներում կարող են քաղաքացիներն օգտվել սանավիացիայի ծառայություններից: Ըստ էության, նման իրավիճակ չի եղել, որը դրդեր նախարար Ավանեսյանին իրեն թույլ տար սանավիացիայի ծառայություններից օգտվել, ուստի իրավապահները օբյեկտիվ քննության արդյունքում պետք է հարուցեն քրգործ:

 




Լրահոս