Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի առեղծվածն իրավապահների տունը կռիվ է գցել: Գլխավոր դատախազությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն միմյանց դեմ են դուրս եկել:
Արդեն մի քանի օր է, ինչ մամուլը հրապարակում է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել է Մոնումենտում գտնվող իր շքեղ առանձնատունը, որը դեռեւս 2018 թվականից ՀՔԾ-նում քննվող քրեական գործի շրջանակներում կալանքի տակ էր պահվում: Գնորդն էլ եղել է, ոչ ավել, ոչ պակաս, Նարեկ Նալբանդյանը, որը օրեր առաջ նաեւ ձեռք էր բերել «Գոլդեն փելիս» հյուրանոցը 5 միլիարդ դրամով:
Եվ, ահա, նախկին վարչապետի առանձնատան վաճառքի թեման դարձել է լուրջ կռվախնձոր, թե ինչպես թեթեւ ձեռքով նախկին վարչապետը կարողացավ կալանքի տակ գտնվող տունը վաճառել: Արդյունքում երեկ իրավիճակին անդրադարձավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ տարակուսանք հայտնեց:
Ցավալի է, սակայն փաստ՝ վերահսկող մարմնի ղեկավարը անտեղյակ է, ու ինչպես շատ դեպքերում, գնացքը վաղուց գնացել է, ու մեր իրավապահ համակարգը նոր է գործի անցնում՝ հասկանալու համար, թե այդ ինչպես վաճառվեց: Ու մինչ Գլխավոր դատախազությունը փորձում է գտնել մեղավորներին, կրակը ավելի թեժացրեց Հակակոռուպցիոն կոմիտեն եւ հերթական անգամ հրապարակային դաշտում պատասխան է տալիս Գլխավոր դատախազին, թե իրենք օրենքի շրջանակում են աշխատում. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան 3 օր հետո:
Ընդ որում, վերը նշված որոշումների բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը, հետեւաբար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը պարտավոր էր առաջնորդվել բացառապես օրենքով եւ կատարել դատարանի որոշումը։
Ի դեպ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն: Այսպիսով, առնվազն տարակուսելի է, որ գլխավոր դատախազը, քաջատեղյակ լինելով վերը նշված քրեադատավարական նորմերին, նման կերպ է արձագանքել: Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ականջահաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետեւելու կոմիտեի կամքի վրա եւ ստվերել նրա գործունեությունը»:
Ի դեպ, արձանագրենք մեկ բան. սա առաջին դեպքը չէ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն պատասխանում է Գլխավոր դատախազությանը, եւ դեռ ավելին՝ արձանգրենք, որ աղմակահարույց մի շարք քրեական գործեր դատախազությունը չի հաստատում եւ կրկին ուղարկում է Կոմիտե՝ այն քննելու եւ թերությունները շտկելու: Վերլուծելով իրավիճակը՝ ակնհայտ է մեկ բան՝ գլխավոր դատախազի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի ջրերը մեկ առվով չեն հոսում, ու ներքին տարաձայնությունը թեւակոխել է հրապարակային դաշտ: Իսկ թե որքանով այս ամենից կշահի արդարադատությունը, ցույց կտա ժամանակը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹԱԼԱՆՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՆԱՄԱԿԸ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արտաշես Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի մարտի 23-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք գործելով շինություն հանդիսացող Երեւան քաղաքի Խանջյան 29 շենք, իր հետ վերցրած պտուտակահանով հանել է շենքի «Լեւոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությանը պատկանող ընդհանուր զգալի չափերի՝ 147000 ՀՀ դրամ արժողության 5-րդ հարկի բնակարանների թվով 2 դռները, 4-րդ հարկի բնակարանների թվով 3 դռները եւ 3-րդ հարկի բնակարանների թվով 2 դռները հաջորդ օրը շենքից դրանք տեղափոխելու եւ հանցագործությունն ավարտին հասցնելու նպատակով, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում՝ այլ անձի կողմից հափշտակելու պատճառով:
Հիշեցնենք, որ 2015 թվականին փետրվարի 16-ին՝ ժ.10.40-ին, «Նոր-Հաճն» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Նոր-Հաճն քաղաքի Պարգեւաշեն թաղամասում՝ տանը՝ սենյակում, մահացած մարդ կա, զենքը՝ կողքին: Պարզել են, որ նույն օրը՝ ժ.08.30-ի սահմաններում, 61-ամյա Համլետ Ամիխանյանը, որը «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն է, Նոր Հաճն քաղաքի նշված հասցեում գտնվող իր առանձնատան ննջասենյակում ինքնասպանություն էր գործել ատրճանակից կրծքավանդակին կրակելու միջոցով: Դիակի կողքին հայտնաբերվել էր «VIKING» մոդելի գործարանային համարի ատրճանակ՝ պահունակով, 3 հատ փամփուշտ, տուժածի հագուստների միջից՝ 9 մմ տրամաչափի 1 պարկուճ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը: Ի դեպ, ինքնասպան եղած գործարարը նամակ էր թողել եւ այն վերագրել այսպես՝ «Հրեշը»: Ավելին՝ ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ նամակում նա նշել էր նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի անունը:
Հավելենք, որ 2005 թվականին հիմնադրված այս ընկերությունը իրականացնում է բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցապատման գործունեություն եւ վերջերս հայտնվել էր ֆինանսական ճգնաժամի մեջ: «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն մայրաքաղաքում կառուցել է Սայաթ-Նովա 40, Բաղրամյան 53 շենքերը: Սայաթ-Նովա 40 հասցեում կառուցված շենքում բնակարաններ գնած անձինք այդպես էլ չէին ստացել իրենց բնակարանները, դրանք գրավադրվել էին բանկում:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ
2022 թվականի մարտի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողները, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նույն բաժնի ծառայողների հետ համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձ Ն. Ս.-ի անվամբ քաղաքացի Գ. Մ.-ի կողմից որպես հանձնուք բերված սառնարանը: Զննության արդյունքում սառցախցիկի հետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 16 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 3 ականջակալ եւ 3 բաժանորդային քարտ: Նույն օրը առավոտյան՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, խուզարկություն իրականացնելով խցերից մեկում, լվացարանի հետեւում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, USB լար, ականջակալ, իսկ խցի նստարանի վրայից՝ ինքնաշեն էլեկտրական ջրատաքացուցիչ: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ԶԵՆՔԵՐ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների ամենօրյա միջոցառումները շարունակվում են։ Արձանագրվել են Կապանում՝ գործարանային համարով «Դրագունովի» դիպուկահարի, Գորիսում՝ «Կալաշնիկովի» գնդացրի եւ զինամթերքի, Սիսիանում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի հանձնման դեպքեր։ Ճամբարակի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի, այդ թվում՝ հակատանկային նռնականետի, նռնակների, հրացանի կամավոր հանձնման 5 դեպք։ Մարտունիի բաժնում արձանագրվել է նռնակների եւ փամփուշտների, Սեւանի բաժնում՝ նռնակի եւ փամփուշտների, Գավառի բաժնում՝ տարբեր տեսակի ատրճանակների եւ ռազմամթերքի, իսկ Վարդենիսի բաժնում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի եւ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ինչպես եւ նռնակի եւ փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաեւ ոստիկանության Թալինի բաժնում։ Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ արձանագրվել է գործարանային համարով ինքնաձիգի եւ տարբեր տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպք։ Թմբուկավոր ատրճանակի եւ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնում։ Թմբուկավոր ատրճանակի, հրացանի ու փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաեւ Նաիրիի բաժնում՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, իսկ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ կամավոր հանձնել է «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ ու փամփուշտներ։