Մենք առաջարկել ենք մեր փորձը կողմերին՝ աջակցելու խաղաղության հասնելուն. ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը խոսում են խաղաղության հաստատման մասին, եւ որ Հայաստանի ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցություններ կազմակերպելու համար,  ArmLur.am-ը մի քանի հարցեր է ուղղել Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

– Խաղաղության պայմանագրի գործընթացի մասին ձեզ ի՞նչ է հայտնի, ինչպես եք վերաբերվում նման օրակարգի:

– Իմ նախորդները եւ ես միշտ սերտորեն համագործակցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ միշտ աջակցել ենք նրանց ջանքերին՝ 2020 թվականի արցախյան պատերազմից առաջ եւ հետո: Որպես ԵՄ՝ մենք միշտ փորձել ենք նպաստել տարածաշրջանում խաղաղության եւ վստահության ամրապնդման ջանքերին: Անձամբ ես վերջին մի քանի տարիների ընթացքում եւ՛ Երեւանում, եւ՛ Բաքվում կանոնավոր մասնակցել եմ բարձր մակարդակի խորհրդակցություններին: 2020 թվականի պատերազմից հետո ԵՄ-ն մշտապես բարձրաձայնել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտության մասին: Այս համատեքստում մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից արված վերջին առաջարկը եւ դրա շուրջ Հայաստանի հանրային արձագանքը: Ցանկացած առաջարկ, որը թույլ կտա կողմերի միջեւ բանակցություններ վարել եւ հասնել խաղաղության, ինքնին լավ է: Որքան ես գիտեմ, կողմերը շահագրգռված են առաջ շարժվել այն առաջարկների հիման վրա, որոնք հանրությանը հասանելի են դարձել 2022 թվականի մարտի 14-ին:

– Ըստ Ձեզ՝ Ադրբեջանը պատրա՞ստ է այս փուլում առանց նախապայմանների խաղաղություն հաստատել, երբ հրաժարվում է վերադարձնել ռազմագերիներին:

– Ես ենթադրում եմ, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, երբ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, նկատի կունենան իրենց դիրքորոշումներն ու հիմնական շահերը։ Այլ կերպ դժվար թե լինի։ Կարևորը կլինի, որ երկու կողմերն էլ պատրաստ լինեն փոխզիջումների և բանակցությունների ընթացքում փոխադարձ ընդունելի արդյունքներ փնտրեն։ Այս ոգով Եվրամիությունը ողջունում է անցյալ շաբաթ արված հայտարարությունները:

– Երկու երկրների միջև խաղաղություն հաստատման համար ձեր պատկերացրած մեխանիզմները կամ ճանապարհային քարտեզը ո՞րն է:

-Յուրաքանչյուր բանակցային գործընթաց կտարբերվի: Առաջին հերթին ես կարծում եմ, որ կարեւոր է անկացնել հանդիպումներ լիդերների եւ փորձագետների հետ: Կարևոր կլինի ստեձղծել մի գործընթաց, որտեղ հարցերը հնարավոր կլինի լուծել փուլ առ փուլ, որը հնարավորություն կտա անցկացնել բարձր մակարդակով հանդիպումներ՝ ձեռք բերված պայմանավորվածություննեի ամրապնդման համար: Ինչպես Եվրոպական Միություն, մենք, բնականաբար, ցանկանում ենք, որպեսզի երկու կողմերն ավելի ակտիվ փոխըմբռնում ունենա, որպեսզի հնարավոր լինի հասնել կոնկրետ պայմանավորվածությունների եւ որոշումների:

– Դեռևս նախորդ տարվա մայիսից ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքի ճակատագիրն ի՞նչ է լինելու, ջանքեր գործադրո՞ւմ եք նրանց՝ Հայաստանի սուվերեն տարածքից հեռացնելու ուղղությամբ:

-Մենք ոչ մեկ անգամ ենք հայտնել մեր մտահոգությունը հայ-ադրբեջանական պետական սահմանին 2021 թվականի մայիսից սկսված եւ տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ: Դա արել ենք նաեւ մյուս, մասնավորապես՝ շփման գծում տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ: Կողմերին մնում է կանխամտածված քայլեր ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի տեղում լարվածութունը թուլացնել եւ երկկողմ բանակցություններ վարել սահմանազատման եւ սահմանագծման հարցերի շուրջ: Մենք տեսանք Սոչիում արված հայտարարությունները 2021 թվականի նոյեմբերի 26-ին, և երկրի ղեկավարները Բրյուսելում անցյալ տարվա դեկտեմբերին նաև որոշակի փոխըմբռնումներ ձեռք բերեցին՝ տեղում լարվածությունը նվազեցնելու համար։ 2021 թվականի դեկտեմբերին մենք նաև առաջարկել ենք մեր փորձը կողմերին՝ այս նպատակին աջակցելու համար, և հուսով ենք, որ կողմերը շուտով համաձայնության կգան համապատասխան խորհրդակցությունների և կոնկրետ աշխատանքի մեկնարկի վերաբերյալ։

– Սահմանազատում ու սահմանագծում անելիս՝ Հայաստանն ու Ադրբեջանն անվտանգության գոտի պե՞տք է ունենան:

-Կարծում եմ, որ սա այն տարբերակներից մեկն է, որը սեղանին է դրված եղել վերջին մեկ տարվա ընթացքում: Բայց նորից չենք կարող բացառել այլ տարբերակների հնարավորությունը։ Դա ակնհայտորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարց է։ Նրանք առաջին հերթին պատասխանատու են արդյունքների և լուծումներ գտնելու համար, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար:

Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի կարգավիճակը, քանի որ խաղաղ համակեցություն Ադրբեջանի կազմում ուղղակի հնարավոր չէ, ինքնորոշված արցախցիները դա կտրուկ չեն ուզում:

– Մենք հիշում ենք, թե ինչպես սկսվեց պատերազմը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ճակատագրի համար։ Այս խնդիրը եղել է վերջին 30 տարիների ընթացքում հակամարտության հիմքում։ Մենք գիտենք, որ կարգավիճակի հարցը միշտ եղել է բանակցությունների ամենադժվար կողմերից մեկը։ Միևնույն ժամանակ, մենք վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ հայտարարություններ ենք լսել թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի պաշտոնյաների կողմից այդ կապակցությամբ։ Ի վերջո, անհրաժեշտ է մի իրավիճակ, երբ յուրաքանչյուր անհատ իրեն ապահով և ապահով զգա խոսելու իր լեզվով և դավանելու իր կրոնը՝ անկախ քարտեզի վրա քաղաքական գծերից:

Հ.Գ. Հարցերը ԵՄ հատուկ ներկայացուցչին ուղարկվել են մինչ մարտի 24-ի խրամորթյան դեպքերը։

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս