ԻՆՉՈ՞Ւ Է ՁՈՒՆ ԷԺԱՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպվել էր մասնագիտական քննարկում՝ ձվի շուկայի իրավիճակի հետ կապված։ Հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր բացման խոսքում նախ նշեց, որ ձվի շուկայում գնիջեցում կա, ինչն ազդել է ընկերություններից մեկի աշխատանքի վրա։ Պատգամավորը հիշեցրեց, որ նախորդ տարի՝ Զատիկի օրերին, հավկիթ չկար, մարդիկ անգամ ծանոթ էին խառնում հավկիթ գնելու համար:

 

«Հիմա մրցակցային խնդիրներ են առաջացել, եւ արհեստական գնանկումը, իսկ հետո՝ գների բարձրացումը բերել է որոշակի խնդիրների։ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան դադարեցրել է գործունեությունը։ Սա ահազանգ է, քանի որ 88 աշխատակցի ճակատագիր անհայտ է։ Գնիջեցման հետեւանքով տուժում են փոքր ընկերությունները»:

Քննարկմանը ներկա էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը: Նա նախ տեղեկացրեց, որ հանձնաժողովը մի շարք բողոքներ է ստացել, որ շուկայում կան ցածր գնի հավկիթներ, ու կատարել է ուսումնասիրություն. «Արձանագրվեց, որ գների իջեցումը նախաձեռնել է շուկա նոր մտնող տնտեսվարողը 2021թ. նոյեմբերից։ Ընկերությունը ներկայացնում է «Շիրակ» ապրանքանիշը։ Տնտեսվարողի մասնաբաժինն ավելի քիչ է, քան տասը տոկոսը, ուստի հանձնաժողովը հաստատեց, որ գերիշխող դիրք չկա, եւ եթե տնտեսվարողը չունի գերիշխող դիրք, ուրեմն չի կարող գերիշխող դիրքի չարաշահում իրականացնել, այդ թվում՝ վարել այնպիսի գնային քաղաքականություն, որ լինի չարաշահում։ Այսինքն՝ գերիշխող դիրք չունեցողներն ազատ են իրենց գնային քաղաքականության մեջ, հետեւաբար վարույթ չենք հարուցել»:

Հայկ Կարապետյանը նաեւ նշեց, որ ցածր գնային առաջարկն աշխարհում ընդունված եւ նորմալ մարկետինգային քայլ է. «Ամեն դեպքում, եթե փոքր տնտեսվարողը չունի գերիշխող դիրք, չի կարող միակողմանիորեն ազդել շուկայի վրա։ Իսկ թե ինչպես կարող է փոքր տնտեսվարողն աժիոտաժ առաջացնել շուկայում, դա արդեն կապված է շուկայի խնդիրների հետ։ Շուկայում պարբերաբար արձանագրվում է պրոֆիցիտ կամ դեֆիցիտ, ինչը պատճառ է խնդիրների, օրինակ՝ մանրածախ առեւտրի կետերին առաքման համակարգը, որի դեպքում ընկերությունների գնային առաջարկները կարող են փոխվել։ Այսինքն՝ ընկերությունները չեն որոշում իրենց գնային քաղաքականությունը, գինը կարող է թելադրվել նաեւ առեւտրային ցանցերի կողմից, եւ մենք ուսումնասիրությամբ արձանագրել ենք նման երեւույթներ»:

Թագուհի Թովմասյանը նիստի ժամանակ հարցրեց՝ առաքիչը կամ առեւտրային ցանցերը ձվի շուկայում կարո՞ղ են լինել գին որոշող։ Հայկ Կարապետյանը պատասխանեց, որ որեւէ անձ ինքնուրույն չի կարող գին որոշել կամ շուկայում իրավիճակ փոխել. «Մեր կարծիքով՝ ընդհանուր համակարգն է բերում այս վիճակին։ Կազմակերպության կողմից ձվի գնի իջեցումը բերում է շղթայական ռեակցիայի, եւ բոլոր ընկերությունները որոշակի ժամանակ անց իջեցնում են գինը։ Օրինակ՝ մրցակից առեւտրային ցանցն իր մատակարարից խնդրում է իջեցնել գինը, որովհետեւ մյուս մրցակիցն առավելություն է ստանում։ Ձվի գինը սպառողների մոտ հեշտ է տպավորվում, ուստի առեւտրային ցանցերը փորձում են ձվի գնի շուրջ ունենալ այնպիսի քաղաքականություն, որ մրցակցային պայքարում չտուժեն, ձգտում են ավելի ցածր կամ մրցակցային գին ունենալ»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

«Պարենային ապրանքների թանկացում արդեն հիմա է նկատվում, եւ կարծում ենք, որ այն կշարունակվի»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության եւ ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գեւորգ Ղազարյանը։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է պարարտանյութերի եւ ներկրվող առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճով։ Այդ միտումը կշարունակվի:

 

 

 

ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) եզրակացության ձեւակերպումը Մերձդնեստրի վերաբերյալ անընդունելի է եւ չի համապատասխանում իրերի իրական վիճակին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մերձդնեստրի վերաբերյալ ԵԽԽՎ եզրակացության ձեւակերպումն անընդունելի եւ իրերի իրական վիճակին չհամապատասխանող ենք համարում»,- ասել է նա։ Զախարովան նաեւ մեկնաբանել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հայտարարությունը Դնեստրի ձախ ափից ռուսական զորքերի դուրս բերման պահանջի վերաբերյալ՝ հիշեցնելով, որ «ռուս զինվորականների սահմանափակ քանակությունը գտնվում է Մերձդնեստրում՝ 1992 թ. հուլիսի 21-ի Մերձդնեստրի տարածաշրջանում Մոլդովայի Հանրապետությունում զինված հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների մասին համաձայնագրի համաձայն»: «Նրանց գտնվելու նպատակը խաղաղապահ օպերացիայի իրականացումն է, որի շնորհիվ 30 տարի շարունակ Դնեստրում հուսալիորեն ապահովվել է ոչ միայն խաղաղությունն ու անդորրը, այլեւ խորհրդային ժամանակներից տարածաշրջանում գտնվող զինամթերքի պահեստների հուսալի պաշտպանությունը», – նշել է նա։

 

 

ՍՈՒՏ

«Թե՛ այստեղ նստած թշնամին, թե՛ սահմանից այն կողմ գտնվող թշնամին պետք է հասկանա, որ մի խունտայի քիրվայությունը, դրական ազդակներ տեսնելը այն փաստում, որ մեր եղբայրներին են սպանում, որ Հայաստանի հետ վերջնագրերով չեն խոսում»,- ՀՅԴ եւ ՀՀԿ երիտասարդական կառույցների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ կառավարության շենքի առջեւ հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայում արած հայտարարությանը, թե Հայաստանի ժողովուրդը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, Մամիջանյանն ասել է. «Արարատ Միզրոյանի ներկայացրածը սուտ է: Ըստ ամենահեղինակավոր հարցումների՝ 5-10 տոկոսն է  ՀՀ քաղաքացիների համարում, որ Թուրքիան այն երկրներից է, որի հետ արժե բարելավել հարաբերությունները: Երկրորդ՝ ինքը պնդում էր, որ 10-ամյակում ինքը միակ բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելել է Թուրքիա: 2014-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը եւ փոխանցել է նամակ-հրվեր Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար»,- նշել է պատգամավորը:

 

 

 

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՆ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՎՈՒՄ

2018-ի ի վեր երկրի կառավարման ղեկը ստանձնած նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները մեկ անգամ չէ, որ վերամբարձ տոնով հայտարարել են, թե հանրությունն իրավունք ունի իմանալու՝ իրենց մատուցած լրատվության հետեւում ով է կանգնած: Հայաստանում գործող օնլայն մեդիայի 37, տեսալսողական մեդիայի 20 %-ն է միայն թափանցիկ։ Այս տվյալները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն է ներկայացրել՝ ուսումնասիրելով հայկական 89-ն առցանց լրատվամիջոց ու 41 հեռուստառադիոընկերությունների 44 առցանց կայքէջ: Փաշինյանի եւ թիմակիցների՝ ԶԼՄ-ների թափանցիկության մասին հայտարարությունները, սակայն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական գիծը տանող որոշ լրատվամիջոցների վրա չեն տարածվում: Կենտրոնի հրապարակած հետազոտությունից պարզ է դառնում, որ, օրինակ, Civic.am-ի ու FreeNews ՀԸ-ի (ինչպես նաեւ համանուն կայքէջի) սեփականատերերի, ինչպես նաեւ կոնտակտային այլ տվյալների ու մանրամասների մասին տեղեկություններ հայտնի չեն։ Ասել է թե՝ լրատվամիջոցները չեն նույնականացվում։

 

 

ՆԱԽԱԳԻԾ՝ ՆՈՐ ՏՈՒԳԱՆՔՆԵՐՈՎ

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություն կկատարվի: Օրինակ՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբարկղերից, աղբամաններից, ինչպես նաեւ սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս երեք խորանարդ մետր եւ ավել աղբ կուտակելու համար կտուգանվեք 100.000-200.000 դրամի չափով, իսկ աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելու համար կնշանակվի 100.000-200.000 դրամ տուգանք: Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելու դեպքում տուգանքի չափը կկազմի 20.000-30.000 դրամ: Իսկ մինչեւ 5 անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի) առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, 5-ից ավելի անվադող թափելու դեպքում տուգանքի չափը կկազմի 100.000 դրամ: Նշենք նաեւ, որ մինչեւ մեկ խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը եւս առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 20-30 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 60-80 հազար դրամի չափով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը Կառավարության կողմից կընդունվի 2022 թվականին, իսկ աղբավայրը շահագործողները հնարավորություն կունենան 2023 թվականի ընթացքում նախապատրաստելու աղբավայրի մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական, նյութատեխնիկական միջոցները: Ի դեպ, աղբավայր շահագործողների կողմից աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելու դեպքում կնշանակվի տուգանք՝ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` 50.000 դրամի չափով, իսկ իրավաբանական անձը կտուգանվի 100.000 դրամով: ՀՀ կառավարության հաշվարկներով՝ այս նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեում եկամուտներ կավելանան. 2022 թվականի ընթացքում կկազմի 16 մլն 311 հազար 800 դրամ, 2023թ.՝ 16 մլն 311 հազար 800 դրամ։

 

 




Լրահոս