ՔՐԳՈՐԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2021թ. նոյեմբերի 27-ին հարուցված եւ քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երեւան քաղաքի մի բնակիչ տեղեկանալով, որ ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքի բնակիչ Գ. Գ.-ն կարող է օժանդակել փաստացի առանց սահմանված կարգով քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայական ստանալու հարցում, այդ նպատակով դիմել է վերջինիս՝ պատրաստակամություն հայտնելով դրա համար վերջինիս տրամադրել 350.000 ՀՀ դրամ:

Գ. Գ.-ն վերոնշյալն իրականացնելու նպատակով համաձայնություններ է ձեռք բերել իր մտերիմ, համագյուղացի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Է.Ս.-ի հետ: Արդյունքում 2021թ. նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքում անձը մասնակցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությանը: Քննությունն ընդունող տեսուչ Է. Ս.-ն, ուղղորդել է վարորդի թեկնածուին՝ նշելու համակարգչային թեստերի միջոցով առաջադրված հարցերի ճիշտ պատասխանները։ Տեսուչի հիշյալ ապօրինի գործողությունների արդյունքում անձը դրական է հանձնել տեսական քննության հոգեբանական եւ գիտելիքների ստուգման թեստերը, Է.Ս.-ն կազմել եւ գործին է կցել վարորդի թեկնածուի կողմից տեսական քննությունը հաջողությամբ հանձնելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթուղթը, որի հիման վրա վերջինիս թույլատրվել է մասնակցել գործնական քննությանը։

Քննությունից հետո քաղաքացին եւ Գ. Գ.-ն վերադարձել են Երեւան, որտեղ 350.000 ՀՀ դրամը ստանալուց անմիջապես հետո Գ.Գ.-ն բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, ձերբակալվել է նաև ՃՈ տեսուչը։ Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոմեքենա վարելու հմտություններին փաստացի չտիրապետող անձը տեսական քննությունից կարճ ժամանակ անց պետք է հանձներ նաև գործնական քննությունը, որի ժամանակ ավտոմեքենան պետք է վարեր ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցներից որեւէ մեկը: Է. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Գ.Գ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: 2022թ. մարտի 1-ին դատախազը նշված երկու անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկել է դատարան: ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում նման բնույթի առանձին քրեական գործերի ուսումնասիրությունը փաստել է, որ նշված եղանակով, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներին տրված կաշառքի դիմաց անձինք հնարավորություն են ստացել հանձնելու ոչ միայն տեսական, այլ նաեւ գործնական քննությունները եւ ձեռք բերել վարորդական իրավունքի վկայականներ: ՀՀ կառավարության 2020թ. մարտի 26-ի 325-Ն որոշմամբ նախատեսված է, որ գործնական քննության անցկացումը ենթակա է տեսաձայնագրման համապատասխան սարքավորումների միջոցով: Դրանք տեղադրվում են գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցներում և (կամ) դրանց վրա: Սակայն որոշմամբ սահմանվել է, որ ՃՈ տարածքային ստորաբաժանումները գործնական քննություն ընդունելու համար նախատեսված տրանսպորտային և տեխնիկական միջոցներով ապահովվում են մինչեւ 2027թ. դեկտեմբերի 31-ը: Վերլուծությունը փաստում է, սակայն, որ թեեւ տեսական քննությունները վերահսկելու համար, թերություններով հանդերձ, առկա են որոշակի մեխանիզմներ՝ քննության ընթացքը ցուցադրվում է, սակայն գործնական քննությունը վերահսկելու որևէ մեխանիզմ առկա չէ: Վերջինս, ի թիվս այլնի, նպաստում է նման հանցանքների կատարմանը, ինչի մասին են վկայում ոստիկանության ծառայողների ապօրինի միջամտության արդյունքում մի շարք քաղաքացիների կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականները: Բացի այդ՝ համապատասխան գիտելիքներ չունեցող անձանց կողմից օրենքի խախտմամբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ձեռք բերելը նպաստավոր պայմաններ է ստեղծում ճանապարհատրանսպորտային հանցագործությունների կատարման համար: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հղել ՀՀ Ոստիկանության պետին:

 

 

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ՝ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանում գործող քաղհասարակության մի քանի կազմակերպություններ հանդես են եկել արցախյան 44-օրյա պատերազմում վարձկանների օգտագործման վերաբերյալ զեկույցով: Նշվում է, որ այս զեկույցը մշակվել է մի շարք հետազոտությունների, այդ թվում՝ մի խումբ իրավապաշտպանների կողմից՝ 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո իրականացված դաշտային աշխատանքների շրջանակում ձեռքբերված ապացույցների հիման վրա:

 

Եվ քաղհասարակության ներկայացված զեկույցում սիրիացի վարձկանները Թուրքիայի կողմից հավաքագրվել եւ տեղափոխվել են Ադրբեջան՝ արցախահայության դեմ կռվելու համար, եւ նրանք մարտական գործողություններին մասնակցել են՝ նյութական շահագրգռվածությունից ելնելով, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։ Այս բոլոր ապացույցները փաստագրված են «Մարդու իրավունքների խախտումներն արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ» փաստահավաք զեկույցում, որը պատրաստվել է քաղհասարակության մի խումբ կազմակերպությունների կողմից։

ՄԱԿ-ի աշխատանքային խմբին ներկայացված զեկույցում քաղհասարակության կազմակերպությունները նշել են, որ Լեռնային Ղարաբաղում վարձկանների կիրառման զոհ են դարձել ինչպես հայ զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ տարեցներ, որոնք չեն կարողացել լքել մարտական գործողությունների վայրերը։

Ըստ այդմ, կազմակերպությունները կոչ են արել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հետաքննել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից վարձկանների հավաքագրման եւ տեղակայման փաստերը թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ այլ հակամարտությունների կոնտեքստում, ինչպես նաեւ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի եւ Ադրբեջանի այն բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել սիրիացի վարձկանների հավաքագրման, տեղակայման պլանավորման եւ իրականացման մեջ։

Քաղհասարակության անդամները նաեւ առաջարկել են զեկույցում տեղ գտած տեղեկությունը փոխանցել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանին եւ Թուրիքային, վարձկաններ կիրառած այլ երկրներին պատասխանատվության եւ արդարադատության կանչելու համար։

Քաղհասարակության ներկայացուցիչները նաեւ մտահոգիչ են համարել ՄԱԿ-ի աշխատանքային խմբի կողմից Ադրբեջանի կեղծ պնդումները կառույցի հայտարարության մեջ զետեղելու փաստը եւ ընդգծել, որ երկու կողմերի միջեւ հավասարության նշան դնելով՝ տվյալ կառույցը եւ մյուս միջազգային կազմակերպություններն ավելի են խորացնում անպատժելիության մթնոլորտն ու սահմանափակում զոհերի համար փոխհատուցման հնարավորությունները։

Ն.Հ.

 

 

ՓՈՐՁԵԼ ԷՐ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՏԵԼ

Օրեր առաջ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել Կենտրոնական բաժին, որ Երեւանի ոսկերչական գործարանի շենք է մտել անհայտ անձ: Բաժնի խումբը շտապ մեկնել է Արշակունյաց պողոտա՝ դեպքի վայր: Պարզվել է, որ շինություն մուտք գործելու նպատակը գողությունը չի եղել:

Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են ծխախոտի տուփ, որի մեջ Կոկաինի, Հերոինի եւ Մեթամֆետամինի նմանվող զանգվածներով փաթեթներ էին: Գործարանի անվտանգության աշխատակիցներն արդեն բռնել էին շենք մտած անձին: Պարզվել է, որ Նոր Արեշի բնակիչ է, 47 տարեկան: Տղամարդը մտել էր գործարան, որպեսզի այնտեղից թմրամիջոցներով տուփը նետեր մոտակա շենքի տարածք, իսկ մոտակա շենքը դատապարտյալների հիվանդանոցն է: 47-ամյա տղամարդը, թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ: Տղամարդը ձերբակալվել է, դեպքի հանգամանքները պարզվում են:

 

 

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻ

Գյումրու աղբանոցում  հայտնաբերվել է տղամարդու դի: Շիրակի մարզի դատախազի խոսքով՝  կատարվում է դեպքի վայրի զննություն: Այս պահին դեռ գործ չի հարուցվել, կատարվում է դեպքի վայրի զննություն ու դիակի դատաբժշկական փորձաքննություն, մարմնական վնասների առկայության դեպքում  դրանց տեղակայումը, բնույթը, առաջացման մեխանիզմն ու վաղեմության ժամկետներն ու մահվան պատճառները պարզելու համար: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

 

 

ԽԱՂԱԼԻՔ ԱՏՐՃԱՆԱԿՈՎ

«Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր դիմել 14-ամյա երեխա՝ գանգատվելով աջ այտային շրջանում ցավերից, այտուցից: Այնուհետեւ պարզվել է, որ օրեր առաջ երեխան ընկերների հետ խաղալու ժամանակ ստացել է խաղալիք ատրճանակից հարված: Այս մասին հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Կատարված ռենգեն հետազոտությամբ հայտնաբերվել է աջ այտային շրջանի փափուկ հյուսվածքներում մետաղական գնդիկի առկայություն: Վիրահատական միջամտությամբ այն հեռացվել է: Համալսարանական մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս լինել առավել ուշադիր, երեխաներին թույլ չտալ խաղալ նմանատիպ խաղալիքներով, քանի որ նման խաղալիքները կարող են առաջացնել կարեւոր օրգանների լուրջ վնասվածքներ, որոնք անդառնալի հետեւանքների կարող են հանգեցնել»,- նշել է Արմեն  Մուրադյանը։

 

 

 

 

 

 

 

 




Լրահոս