Կառավարությունը հաստատել է համայնքների ֆինանսների կառավարման համակարգը բարեփոխելու օրենսդրական նախաձեռնությունը: Գործադիրը որոշել է հավանություն տալ ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է՝ նախաձեռնության նպատակը համայնքների համար միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման գործընթացի օրենսդրական կարգավորումն է: Այն հնարավորություն կտա համայնքին միջնաժամկետ կտրվածքով ճիշտ կառավարել իր ֆինանսական ռեսուրսները, որն էլ հիմք կհանդիսանա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար: Հաջորդաբար նախատեսվում է այս կարգավորումների հիման վրա փոխել սուբվենցիոն կարգը, եւ սուբվենցիոն հայտերն ընդունել ոչ թե փետրվար-մարտ ամիսներին, այլ ավելի շուտ: Ըստ նախարարի՝ այս բարեփոխումը բխում է խոշորացման գործընթացից, քանի որ համայնքներում այժմ առկա են կարողություններ, ֆինանսական ստորաբաժանումներ, որոնք ի զորու են ծրագիրն առաջ տանելու: Վարչապետը կարեւորել է որոշման ընդունումը՝ նշելով, որ հանրային ֆինանսների արդյունավետ կառավարումն ամենամեծ մարտահրավերներից է ցանկացած երկրում: «Արդեն հայտնի փաստ է, որ Կառավարություն-Տեղական ինքնակառավարման մարմիններ համագործակցության եւ համատեղ ներդրումների որոշակի համակարգ է ստեղծվել: Այդ առումով կարեւոր է, որպեսզի ՏԻՄ ֆինանսների կառավարման տրամաբանությունը փորձենք որոշակի կապի մեջ դնել եւ հնարավորինս սինխրոնացնել Կառավարության հետ: Ցանկանում եմ հիշեցնել, որ այս փոփոխությունից հետո գործնականում պիտի այնպես անենք, որ համայնքների բյուջեները մինչեւ տարեվերջ ընդունված լինեն: Երբ ՄԺԾԾ մասով այս կարգավորումն անենք, արդեն որոշակի պարզություն կլինի, բայց, մյուս կողմից, նաեւ պետք է հասնենք նրան, որ համայնքները Կառավարության նման մինչեւ տարեվերջ ունենան ընդունված բյուջե, որպեսզի ֆինանսական տարին եւ կապիտալ ներդրումների ցիկլը մեկնարկի ավելի վաղ, եւ մենք ընդհանրապես ժամանակի կորուստ չունենանք: Կառավարության ղեկավարի խոսքով՝ հանրային ներդրումների առումով սկսել է իրագործվել մեկ այլ կարեւոր որոշում, եւ խոսքը Ներդրումային կոմիտեի մասին է. «Այս շաբաթ տեղի ունեցավ հանրային ներդրումների կառավարման Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Այդ կոմիտեի անդամ են վարչապետը, փոխվարչապետերը, ֆինանսների նախարարը, էկոնոմիկայի նախարարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Էությունը հետեւյալն է. 250 մլն դրամը գերազանցող կապիտալ ծախսերը քննարկվում են Ներդրումային կոմիտեում, եւ որոշվում են առաջնահերթություններ, որովհետեւ ամեն տարի պետական բյուջեով նախարարություններն առաջարկում են ծրագրեր, եւ պետք է դրանց քննարկման ու որոշումների կայացման ավելի ինստիտուցիոնալ համակարգ ունենալ: Ուզում եմ բոլոր ներկաների ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա, որ 250 մլն դրամը գերազանցող բոլոր ծրագրերը նախ պիտի ներկայացվեն Էկոնոմիկայի նախարարություն, որտեղ արդեն նախնական քննարկում է տեղի ունենում, որից հետո հարցը մտնում է Ներդրումային կոմիտե, եւ կոմիտեում կայացվում են որոշումներ: Նախորդ նիստի ընթացքում մենք քննարկել ենք 4 նախագիծ եւ հետագա ընթացքն ենք որոշել: Քննարկումը բավական գոհացուցիչ էր, որովհետեւ բազմաթիվ ինստիտուցիոնալ հարցեր այդ ընթացքում վերհանվում են, բարձրացվում են, լուծումներ են տրվում, եւ տրվում են նաեւ համապատասխան հանձնարարականներ: Այս թեման առավել կարեւոր է սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներում, որտեղ պիտի փորձենք միջոցները ծախսել առավելագույնս արդյունավետ եւ ժամանակին: Կրկին ցանկանում եմ ընդգծել ժամանակի գործոնը: Մենք ժամանակը գումարային արտահայտությամբ հաշվելու մեթոդ չունենք, բայց, ի վերջո, ամենաթանկ բանը ժամանակն է: Պետք է որոշումները ճիշտ ժամանակին կայացնել, ներդրումը ճիշտ ժամանակին անել, որ ցանկալի արդյունքն ունենա»: Նիստում մտքերի փոխանակություն է ծավալվել Ներդրումային կոմիտեի գործունեության մեխանիզմների, հանրային ներդրումային ծրագրերի գնահատման չափանիշների շուրջ: Վարչապետն ընդգծել է այս ռեֆորմի կարեւորությունը բյուջետային գործընթացի կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում եւ նշել, որ Կառավարությունը հետեւողականորեն շարունակելու է ոլորտային բարեփոխումների իրականացումը:
Ն. Պ.
ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾ՝ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ
Ռուս-ուկրաինական հակամարտությունը ծանր հարված է հասցրել նաեւ Հայաստանի տնտեսությանը, մասնավորապես՝ ալկոհոլային արտադրանք արտահանողներին։ Երկարատեւ ճգնաժամի դեպքում եւ հաշվի առնելով կոնյակի եւ գինիների արտադրության ու արտահանման ցուցանիշները՝ խոսքը կարող է հարյուր միլիոնավոր դոլարի վնասի մասին լինել։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ 2021 թվականի հունվար-դեկտեմբերին կոնյակի արտադրության ծավալը 122.7 մլրդ դրամ է կազմել, ծավալը՝ 46.7 մլն լիտր։ Արտահանումը կազմել է 229.7 մլն դոլար (49 մլն լիտր)։ Արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը եւ Ուկրաինան։ Արտահանման մյուս ուղղություններն են Գերմանիան, ԱՄՆ-ն, Լեհաստանը, Իրաքը, Ղազախստանը, Չինաստանը, Վրաստանը եւ այլն: Խաղողի գինիների արտադրության ծավալը 14.5 մլրդ դրամ է կազմել, ծավալը՝ 13.1 մլն լիտր։ Արտահանումը կազմել է 11.5 մլն դոլար (3 մլն լիտր)։ Արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն, Բելգիան, Գերմանիան։ Արտահանման այլ ուղղություններ են Իսրայելը, Իտալիան, Կանադան, Ղազախստանը, Մեծ Բրիտանիան եւ այլն:
Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի փոխանցմամբ՝ կոնյակի եւ գինու արտահանումը Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան ամբողջությամբ դադարեցվել է: Նրա խոսքով՝ հայկական կոնյակի արտահանման մեջ այս չորս երկրների մասնաբաժինը գերազանցում է 90 տոկոսը (դրա մոտ 90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, որին հաջորդում են Ուկրաինան, Բելառուսը եւ Ղազախստանը), իսկ գինու մասնաբաժինը` 75-80 տոկոս: 2020 թվականին Հայաստանից արտահանված կոնյակի ավելի քան 85 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին, բացի այդ, կոնյակն արտահանվում է նաեւ աշխարհի 40-ից ավել երկրներ։ Ռուսաստանին բաժին է ընկել նաեւ 2020 թվականին արտահանված խաղողի գինու մոտ 70 տոկոսը, բացի այդ, գինին արտահանվում է աշխարհի ավելի քան 30 երկիր։
2021 թվականի արտահանման պաշտոնական տվյալները ըստ երկրների դեռ չեն հրապարակվել։ Պատճառ է դարձել ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքներով առաջացած ճգնաժամը, վճարումների հետ կապված խնդիրները, ազգային արժույթների արժեզրկումը, անորոշությունը։ Ստացվում է, որ տարեկան կտրվածքով կոնյակի արտահանման դադարեցումից վնասները կարող են գերազանցել 200 մլն դոլարը, իսկ գինու արտահանման դադարեցումից՝ ավելի քան 9 մլն դոլարը։
Ըստ կանխատեսումների՝ տեւական ճգնաժամի դեպքում (եւս երկու-երեք շաբաթ) կոնյակի եւ գինու հայկական արտադրողների կորուստները կարող են 50 տոկոսի հասնել։ Այդ դեպքում կոնյակ արտադրողների վնասները տարեկան կտրվածքով կարող են գերազանցել 127 մլն դոլարը, իսկ գինեգործներինը՝ 15 մլն դոլարը։
Ն.Պ.
ՆԻՍՏ՝ ՔԻՉ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՈՎ
Տավուշի մարզխորհրդի նիստերը սովորաբար կայանում էին մարզպետարանի մեծ դահլիճում, սակայն մարտի 15-ի նիստը տեղի ունեցավ մարզպետի աշխատասենյակին կից սենյակում։ Դրա մասնակիցների թիվը քիչ էր, Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան խոշոր համայնքների ղեկավարներից, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալից զատ, մասնակցում էին մարզպետարանի վարչությունների պետեր, մի քանի աշխատողներ, նիստին չէին մասնակցում Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան խոշոր համայնքների բնակավայրերի ղեկավարները։ Տավուշի մարզխորհդի նիստերը նախկինում միշտ սկսվել են օրվա առաջին կեսին, սակայն Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը այս առումով եւս նորամուծություն է արել՝ նիստի սկիզբ նշանակելով ժամը 16:00-ն։ Երկու ժամվա ընթացքում՝ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, հնարավոր չէր օրակարգի 5 հարցերը հիմնավոր քննարկել, նաեւ օրակարգից դուրս այլ հարցեր։ Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Միսակ Մելքումյանը խոսեց համայնքներում ապօրինի, ինքնակամ շինությունների բացառման ուղղությամբ տարվող աշխատանքների, նախկինում սարքված ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացքի ու միջպետական եւ հանրապետական ճանապարհների եզրերին կառուցապատման կարգի մասին։ Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը զեկուցեց 2021թ. Տավուշում իրականացված սուբվենցիոն ծրագրերի եւ 2022թ. ներկայացված հայտերի մասին։ 2021թ. հաստատվել է 16 ծրագիր` 2,87 միլիարդ դրամ արժեքով, որոնք համայնքների կողմից դրվել են մրցույթի։ 16 ծրագրերից 8-ը ավարտվել են 2021թ., 8 ծրագիր տեղափոխվել է 2022 թվական, որից 2-ն արդեն ավարտվել են, մնացած 6-ն էլ գտնվում են իրականացման տարբեր փուլերում։ 2022 թվականին խոշոր չորս համայնքներից մարզպետարան է ներկայացվել 21 սուբվենցիոն հայտ` 4,7 միլիարդ դրամ արժեքով, դրանք միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արժանացել են հավանության։ Մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պարտականությունները կատարող Ասքանազ Բաբլումյանը հայտնեց, որ 2021թ. մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 5 միլիարդ 929 միլիոն 749.4 հազար դրամ, պլանը կատարվել է 92.4%-ով, որպես սեփական եկամուտներ հավաքագրվել է 1 միլիարդ 356 միլիոն 488 հազար դրամ: Մարզի համայնքների 2022թ. տեղական բյուջեների հանրագումարը կազմում է 5 միլիարդ 347 միլիոն 794.3 հազար դրամ, որից սեփական եկամուտները՝ 1 միլիարդ 473 միլիոն 341.8 հազար դրամ։ Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին նշեց, որ գյուղացիական տնտեսություններին պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կտրամադրվեն ազոտական, կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութեր, որոնց գնումը 50 տոկոսով կսուբսիդավորվի պետության կողմից, բայց ոչ ավելի, քան 9000 դրամի չափով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ