ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՈՉԻՆՉ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործող իշխանությունների կողմից անընդհատ շոշափվող «Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելու» թեզն ասես միս ու արյուն է ստանում: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ՝ հարաբերություններ կարգավորելու առումով Հայաստանին ներկայացված 5 կետերում անընդունելի ոչինչ չկա: «Ժողովուրդ» օրաթերթն ԱԳՆ պաշտոնական հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե այդ 5 առաջարկ-կետերն ինչ միջոցով են պաշտոնական Երեւանին փոխանցվել՝ ուղիղ արդյոք կապով, թե, օրինակ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջոցով: Ե՞րբ են եկել այդ առաջարկներն ու կոնկրետ ո՞ւմ են հասցեագրված՝ ՀՀ ԱԳ նախարարի՞ն, վարչապետի՞ն, թե՞ նախագահին: Նախարարությունը մեր հարցմանը պատասխանել էր. «Ադրբեջանական կողմի առաջարկները հայկական կողմին փոխանցվել են դիվանագիտական խողովակներով եւ հասցեագրված են ՀՀ իշխանություններին»: Ի՞նչ դիվանագիտական խողովակի մասին է խոսքը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը որեւէ տեսակի շփումներ չունեն, աղավնիով լուր ուղարկելու մեթոդն էլ արդեն մի քանի հազարամյակ դուրս է կիրառությունից: Նախարարությունը խուսափել է նաեւ հստակ պատասխանել հարցին, թե ում են հասցեագրված Ադրբեջանի առաջարկ-կետերը՝ ըստ երեւույթին ապահովագրելով հետագայում որեւէ մեկին հարվածի տակ դնելուց: Փոխարենը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ, Ադրբեջանի առաջ քաշած հինգ կետերում անընդունելի ոչինչ չկա: Մնում է պարզել՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ասելով՝ ինչ նկատի ունի Արարատ Միրզոյանը. Արցախը ո՞ր երկրի կազմում է մնալու:

 

 

 

Այսօր մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 21 հարց, սակայն կան հարցեր, որոնք պատգամավորները կքննարկեն երկրորդ ընթերցմամբ: Այսօր նիստի երկրորդ մասում կքննարկվի «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  եւ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս նախագիծը հեղինակել են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Նրանք առաջարկում են ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով: Արդեն օրվա երրորդ կեսին կքննարկվի «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած՝ «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը: Այսպիսի հրատապ նիստ անցկացնելու նախաձեռնությանը միացել են նաեւ մյուս ընդդիմադիր խմբակցության պատգամավորները: Հավանաբար այդ նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմով:

 

 

 

6-րդ  օրն է, ինչ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները չկան: «Ժողովուրդ» օրաթերթը  գրել էր, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի այցից 3 օր անց դատական համակարգում իրավիճակ էր փոխվել: Մարտի 17-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին, քրեական գործով համակարգի գործարկման եւ շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, եւ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնել են, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։ Ի պատասխան՝ ԲԴԽ-ն հակադարձել էր՝ նշելով, թե բանալիները չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին: Գլխավոր  դատախազությունը  մինչ օրս իրենն է պնդում, ԲԴԽ-ն էլ իր խոսքն է առաջ  տանում։ Իսկ ու՞ր անհետացան բանալիները, կորա՞ն  ճանապարհին, թե՞ որեւէ  մեկին  պետք  էր  այն  ճանապարհին  կորցնել:«Ժողովուրդ» օրաթերթին բանալիների առեղծվածային  անհետանալուց ուշագրավ լուրեր են  հասել: Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գործերի  մակագրման  համակարգի առգրավված բանալիները իրոք Գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են Դատական  դեպարտամենտին, սակայն համակարգի միջոցով դատավորներին գործերի մակագրումը տեւական ժամանակով բացառելու նպատակով մշակվում  է սխեմա, ըստ  որի՝ բանալիներն իբր կորել են Դատական դեպարտամենտ ուղարկելու ճանապարհին փոստի աշխատակիցների մեղքով : Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ որոշվել է քավության  նոխազ դարձնել փոստի աշխատակիցներին իրենց իսկ համաձայնությամբ  եւ նրանց ենթարկել քրեական պատասխանատվության,  որպեսզի  գործընթացը  հիմք  կհանդիսանա՝ համակարգչի միջոցով դատավորներին գործերի մակագրումը առաջիկայում էլի անհնար լինի։ Մենք հետեւողական ենք զարգացումներին եւ կիմանանք, թե որքանով այս սխեման կյանքի կկոչվի:

 

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ այս տարվա հոնվարի 1-ի դրությամբ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 559 հազար 627, իսկ 2021-ին՝ 613 հազար 413, այսինքն՝ մեկ տարվա ընթացում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը պակասել է 53 հազար 786-ով: Այժմ 2022թ. հունվարի 1-ի դրությամբ առկա անասնագլխաքանակի տվյալները բացենք: Այսպես, կովերի գլխաքանակն է մեկ տարվա ընթացքում պակասել 19 հազար 683-ով: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ խոզերի գլխաքանակը 17 տոկոսով պակասել է, պաշտոնապես 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ խոզի գլխաքանակը կազմել է 200 հազար 221, իսկ 2022թ. նույն ժամանակահատվածում Հայաստանում առկա է եղել 166 հազար 95 գլուխ խոզ: Նշենք, որ պակասել է նաեւ ոչխարի գլխաքանակը՝ 1652-ով: Ոչխարի գլխաքանակի նվազման պատճառը արտահանումն է: Ի դեպ, ոչխարի արտահանման հիմնական ուղղություններն են Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթի Պետությունը եւ Վրաստանը:

 




Լրահոս