«ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ». ԹՈՒՐՔԱԳԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ հայ հասարակության մեծամասնությունը միտված է դրական հարաբերություններ ունենալ թուրք ժողովրդի հետ, ու թեեւ Թուրքիան առաջիններից է ճանաչել Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախությունը, բայց Հայաստանն ու Թուրքիան մինչեւ օրս այդպես էլ դիվանագիտական կապեր չեն հաստատել: 1990-ականներից սկսած՝ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու 3 փորձ է եղել: Հերթականը՝ չորրորդը, այժմ՝ մեր օրերում է ընթանում: Ի տարբերություն նախորդ 3 անգամների, երբ հարաբերություններ հաստատելու գործընթացը միջնորդ երկրների միջոցով է ընթացել, այս անգամ Թուրքիայի պահանջով երկու երկրներն առանց միջնորդի են փորձում դիվանագիտական շփումներ հաստատել: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ նախորդ գործընթացների ժամանակ Թուրքիան շահագրգռված չի եղել Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել, այս անգամ, սակայն, պաշտոնական Անկարան, կարծես թե, նման շահագրգռվածություն ունի:

 

-Պարո՛ն Սաֆրաստյան, այս անգամ կարծես Թուրքիան շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ո՞րն է պատճառը:

-Նախորդ անգամները Թուրքիան շահագրգռված չի եղել, ոչ մի շահագրգռվածություն չի ունեցել Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու հարցում: Այս անգամ Թուրքիայից կա շահագրգռվածություն՝ կապված Էրդողանի հեղինակության հետ, հատկապես որ հաջորդ տարի Թուրքիայում պետք է լինեն ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական ընտրություններ, այս առւոմով Էրդողանի համար սա կարեւոր է ինչ-որ արդյունք ստանալու համար: Ես մի տարբերություն էլ նկատեցի, որ այս անգամ թուրքական մամուլը շատ ավելի քիչ ուշադրություն է դարձնում հայ թուրքական  հարաբերություններին: Ես դա բացատրում եմ նրանով, որ այս փուլում Թուրքիան շատ ավելի բազմաբնույթ եւ բազմավեկտոր քաղաքականություն է անցկանցում աշխարհի տարբեր տարածաշրջաններում, փորձում է համաշխարհային մակարդակով տեսանելի դառնալ, ինչպես, օրինակ, Ուկրաինայի հետ կապված, որ միջնորդ է ուզում դառնալ եւ այլն: Դրա համար Թուրքիայում կոնկրետ Հայաստանի հետ կապված հարաբերությունների հետաքրքրությունը բավականին ցածր է: Եթե հաշվի առնենք այս ամենը, ես կարծում եմ, որ Թուրքիան կփորձի ճնշումը ուժեղացնել Հայաստանի վրա, Հայաստանից ստանալ իր համար կարեւոր զիջումներ եւ նոր սահմանը կբացի:

-Որո՞նք են դրանք: Այս պահին իր շահը ո՞րն է, որ միտված է գնալու նման հարաբերությունների:

-Թուրքիայի շահագրգռվածությունն արտահայտվել է տասնամյակներ շարունակ այն նախապայմանների ձեւով, որոնք մեզ լավ հայտնի են՝ կապված Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության նկատմամբ ժխտման եւ կեղծիքների քաղաքականության հետ: Հետո Արցախի հիմնահարցն է, ապա Կարսի պայմանագիրը, որտեղ Թուրքիան պահաջում է, որ Հայաստանը պաշտոնապես վերահաստատի Կարսի պայմանագիրը: Վերջին շրջանում դրան ավելացել է նաեւ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը: Այս անգամ բանակցությունների սկզբին հայտարարվեց Թուրքիայի կողմից, որ Թուրքիան նախապայմաններ չի դնում Հայաստանի առջեւ բանակցությունների սկսելու առումով: Բայց, կարծում եմ, որ չպետք է խաբվել: Այն խնդիրները, որոնք ես նշեցի, ոչ թե որպես նախապայման, այլ բանակցային գործընթացի որպես քննարկվող հարցեր Թուրքիայի կողմից կտրվեն:

-Շարունակելո՞ւ է պնդել միջանցքի գաղափարը՝ որպես անառարկելի նախապայման:

-Կարծում եմ, որ պետք է մենք իրականությունից չկտրվենք: Իրականությունն այն է, որ կոմունիկացիների խնդիր է, ներկայումս գտնվում է 3+ ձեւաչափի քննարկման շրջանակներում, այսինքն՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան: Ե՛վ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի պատվիրակությունների ղեկավարները հայտարարել են, որ խոսքը գնում է ոչ թե միջանցքի, այլ կոմունիկացիների մասին: Բայց, մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը համառորեն կրկնում են «միջանցք» բառը:  Իրենց երազանքն ու պահանջն է, բայց Ռուսաստանը դրա հետ համաձայն չէ, իսկ քանի բանակցությունների գնում են ռեալ 3+ ձեւաչափով, ապա Ռուսաստանը չի համաձայնի միջացքի գաղափարին:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

ArmLur.am-ը ուսումնասիրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի դրամական միջոցների եւ ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2018 թվականին 49 մլն 700 հազար դրամով գնել է բնակարան:

 

Բացի այս, նա միաժամանակ 13 մլն 600 հազար դրամով վաճառել է բնակարան: Դրամական միջոցները 2018-ի վերջին կազմել են 9 մլն 820 հազար դրամ, iսկ նույն տարվա եկամուտը ընդհանուր կազմել է 63 մլն 121 հազար դրամ, որից միայն 34 մլն 790 հազար դրամի չափով փոխառություն, վարկ է ստացել, 13 մլն 600 հազար դրամը վաճառած գույքի գումարն է կազմել, իսկ ավելի քան 14 մլն 731 հազար դրամը աշխատավարձն է կազմել: Եթե այն բաժանենք 12 ամիսների, ապա ամսական կստացվի 1 մլն 227 հազար դրամ:

Արարատ Միրզոյանի՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Աջափնյակ վարչական շրջանում է նա բնակարան գնել 2018 թվականի հոկտեմբերին, բայց միաժամանակ նա Շենգավիթում գտնվող մեկ բնակարանի համատեղ սեփականատերն է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2019 թվականին նվեր է ստացել 2004 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա, որը տարեվերջին առկա չի եղել:  Բանկային հաշվին մնացորդը տարեսկզբին կազմել է 8 մլն դրամ, իսկ տարեվերջին այն դարձել է 10 մլն դրամ: Կանխիկ դրամ 2019 թվականին Միրզոյանն ունեցել է 2 մլն 220 հազար դրամ: Որպես եկամուտ 2019-ին Միրզոյանը հայտարարգրել է սեփական աշխատավարձը, որը ստացել է երկու վայրից՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ 2 մլն 119 հազար դրամի չափով, եւ ՀՀ Ազգային ժողովից՝ 15 մլն 696 հազար դրամ: 2020 թվականին Միրզոյանի հայտարարգրած անշարժ գույքը երկուսն են Աջափնյակ վարչական շրջանում եւ Շենգավիթում:  2020-ի սկզբին բանկային հաշվին ունեցել է 10 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 600 հազար դրամ:  Կանխիկ դրամը 2 մլն 220 հազար դրամից դարձել է 5 մլն 800 հազար դրամ: Խորհրդարանից նա ամսական ստացել է 1 մլն 26 հազար դրամ:

Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի հայտարարագրած անշարժ գույքը մեկ բնակարան է, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում, որի համասեփականատերն է Արարատ Միրզոյանի հետ:   Գոհար Աբաջյանը 2019 թվականի հունիսին 6 մլն 200 հազար դրամով ձեռք է բերել Kia Sportage մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշվի մնացորդը կազմել է 450 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը 70 հազար դրամ է կազմել:

«ՎՕԼՕ» ընկերությունից ստացել է 8 մլն 180 հազար դրամ աշխատավարձ, ամսական՝ 681 հազար դրամ: Ի դեպ, նա 2019 թվականին ստացել է 4 մլն 240 հազար դրամի փոխառություն՝ վարկ: 2020 թվականին նա ամսական ստացել է 821 հազար դրամի չափով աշխատավարձ:

Ս.Հ.

 

 

 

ԱՌՑԱՆՑ

 

Հայաստանում քաղաքաշինական թույլտվությունները կտրամադրվեն առցանց: ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման կարգը գործելու է 2024 թվականի դեկտեմբերի 30-ից Հայաստանի ամբողջ տարածքում: Նշենք, որ ըստ գործող իրավակարգավորումների՝ տեղական ինքնակառավարման մարմինները մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, ճարտարապետաշինարարական նախագծերը, շինարարության ավարտի ակտերը եւ շահագործման թույլտվությունները ՀՀ կադաստրի կոմիտե էին ներկայացնում ինչպես էլեկտրոնային, այնպես էլ ոչ էլեկտրոնային եղանակով, բայց երկու տարուց այս կարգը կփոխվի:

 

 

ԲՈՒԺՔՈՒՅՐ Է ԲՌՆՎԵԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նելլի Մոսոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով «Երանոսի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի իմունիզացիայի բուժքույր եւ «Կովիդ 19» համավարակի դեմ քաղաքացիներին պատվաստումներ կատարող պատասխանատու անձ, առանց ներարկումներ կատարելու, տրամադրել է կորոնավիրուսային հիվանդության դեմ կանխարգելիչ պատվաստումային կեղծ քարտեր:

 

 

ՂԵԿԱՎԱՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարինե Քարտաշյանին մեղադրանք է առաջադրվել, որ 2013թ. հունիսի 3-ից մինչեւ 2022 թ. փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը եւ հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսկան լիազորություններով օժտված պաշտոնատար անձ՝ անձնական դրդումներով խմբի կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք:

 

 




Լրահոս