Ադրբեջանցիները ոչ միայն տարածում ու մեջբերում, այլ նաեւ ոգեւորվում են Հայաստանի պաշտոնյաների այն խոսքերից ու ելույթներից, որ չեն բացառում Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հավանական տարբերակը: Նման վարկածի մասին կեսբերան Էդուարդ Աղաջանյանն էր ասել՝ Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան, սակայն, օրվա իշխանությանը հիշեցնում է՝ հայ հասարակության մեծամասնությունն այդ տեսակետի հետ համակարծիք չէ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակով տարածում են, թե Հայաստանի իշախնությունները հետ բանակցում են, իսկ բոլոր նրանք, որ դեմ են այդ բանակցություններին, ռեւանշիստներ են: Հայաստանի իշխանության համար ընկալելի է Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկելը՝ ի տարբերություն մեզ՝ Հայաստանի ու Արցախի բնակչության, որ նման երկխոսության մեջ մտնելն ու այն քննարկելն է անգամ անընդունելի համարում: Ինչ վերաբերում է, այսպես ասած, խաղաղության պայմանագրին ու երկու ժողովուրդների բարիդրացիությանը, ապա Ադրբեջանցիներն այդ մասին հստակ պատկերացումներ ունեն:
Մեր հասարակության համար խաղաղության նման պայմանները վստահաբար ընդունելի չէին, ու երբ իշխանությունն ասում է, թե խաղաղության դարաշրջան է բացում, դրան զուգահեռ Ադրբեջանը շարունակում է սպառնալ, ագրեսիա իրականացնել, մեր տարածքից գերիներ տանել ու չվերադարձնել, Արցախը զրկել գազամատակարարումից եւ այլն: Պարզ է դառնում՝ նրանց պատկերացրած խաղաղությունն ու մերը նույնը չեն:
-Հայաստանը հիմա քննարկում է իշխանությունների կողմից բերված մի օրակարգ, որը վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որն, ըստ ԱԳՆ-ի, շատ դրական փուլում է, եւ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքին: Թուրքական տիրույթներում ինչպիսի՞ տրամադրություններ են: Նրանք կո՞ղմ են այս մտքերին, թե՞ ոչ:
-Այո, իհարկե գոհ են: Ոչ միայն ոգեւորվում, այլ նաեւ ցիտում են, տարածում են եւ հանարավորինս օգտագործում են դա ներկայացնելու համար, որ դա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է, եւ Հայաստանի իշխանությունը համաձայն է այդ տեսակետի հետ: Սա, իհարկե, իրականության հետ կապ չունի: Հասարակության մեծամասնությունն այս դիրքորոշման հետ համաձայն չէ:
-Ինչպե՞ս են մարդիկ արձագանքում՝ գրառումների՞, հրապարակային ելույթների՞, ռեպորտաժների՞ տեսքով:
-Ադրբեջանում՝ պաշտոնական մակարդակի՝ նախագահի մակարդակով այս թեզերը տարածվում են, որ Հայաստանի իշխանությունները իրենց հետ բանակցում են, իսկ մնացած բոլորը, այսինքն՝ մեծամասնությունս, ռեւանշիստ ենք եւ իրենց պատկերացած իրականության մեջ պետք է չլինենք: ԶԼՄ-ների մակարդակով նույնպես հոգեբանական ճնշում են գործադրում Արցախի բնակչության վրա, որ իրենք որեւէ այլ ալտերնատիվ տարբերակ չունեն: Իհարկե բավականին ծանր է նման մթնոլորտում գոյատեւելը, երբ հումանիտար աղետի մեջ ես ապրում:
-Ինչպե՞ս եք ինքներդ մեկնաբանում երեւույթը, որ, հնարավոր է, Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ինչո՞ւ է հրապարակ բերվել այդ թեզը: Նպատակը ո՞րն է:
-Ենթադրում եմ, որ ներկա իշխանությունների համար դա ընդունելի տարբերակ է: Բնակչության համար՝ ոչ, հասարակության համար՝ ոչ, բայց իշխանությունների համար ընդունելի է:
-Հասարակության տրամադրությո՞ւնն են ուզում շոշափել:
-Չեմ կարող ասել, բայց տրամադրություն շոշափում են ինչ-որ բան անելու համար, չէ՞: Եթե սկսում են բանկացություններ, որի շրջանակներում իրենք դիտարկում են Արցախն Ադրբեջանի կազմում լինելու տրամադրություն, պետք է մենք սրա դեմն առնենք, որովհետեւ մեզ համար ընդունելի չէ նույնիսկ մտնել նման բանակցային դաշտ:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՎՃՌԱԲԵԿԸ՝ ՔԱՆԱՔԵՌՑԻ ՏՈՒՅԻ ԳՈՐԾՈՎ
ArmLur.am-ը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Քանաքեռցի Տույի սպանության գործով կալանավորվածներից մեկին ազատ արձակելու մասով բողոք է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան:
Արդյունքում դատարանը մերժել է Քանաքեռցի Տույի սպանության գործով Վճռաբեկ բողոքը: Իսկ ի՞նչ պահանջ էր ներկայացված: Ինչպես հայտնի է, մոտ մեկ ամիս առաջ կալանքից ազատ էր արձակվել Քանաքեռցի Տույի սպանության գործով կալանավորված, ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանի որդին՝ Հակոբ Սիմոնյանը: Այս հանգամանքը խիստ զայրացրել է Տույի հարազատներին. նրանք սպանված պատգամավոր որդու ազատ արձակման դեմ բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան: Եվ, ահա, Վճռաբեկը մերժել է պաշտպանների բողոքը. ստացվում է՝ սպանված նախկին պատգամավորի որդին կշարունակի մնալ ազատության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը:
Կրակոցներից հետո նախաքննական մարմինը կալանավորել էր սպանված պատգամավորի որդիներին, որոնցից մեկին՝ Հակոբ Սիմոնյանին, օրերս ազատ են արձակել:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ողջ իրավապահ համակարգը ապշել է, թե ինչու մի չնչին թեմայից առաջացավ այս ամենը, ու 4 մարդու ճակատագիր խորտակվեց: Բանն այն է, որ նախաքննական մարմինը ունի հստակ տվյալներ, թե ինչու են հնչել կրակոցները: ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի որդիներից մեկը հորը պատմել է, որ Տույը եւ իր թիմը պարբերաբար անհանգստացնում են իրեն, նեղացնում են:
Արտյուշ Սիմոնյանը քրեական հեղինակություն Տույին կանչում է իր առանձնատուն, որ հասկանա, թե ինչ կա իր որդիների հետ, ինչու է նա բախվել իր որդիների հետ, կամ հաճախակի որդիներից լսում է, որ քրեական հեղինակությունը նեղացնում է իրենց:
Եվ, ահա, նախկին պատգամավորի հրավերով Տույը գնում է Արտյուշ Սիմոնյանի տուն: Նախապես որոշում են տաղավարում նստել, զրուցել, սակայն առատ ձյան պատճառով տաղավարում չեն նստում, ինչից հետո Արթուր Ղազարյանին համոզում են, որ մնա՝ զրուցեն, նա չի ուզում մնալ, հասնում են մեքենաներին, ու հնչում է կրակոցը: Ի դեպ, կրակոցները հնչել էին հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ.-ին մեծամասնականով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից էր ԱԺ պատգամավոր ընտրվել:
Ք.Մ.
ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ «ԼՐԱԳՐՈՂԻ» ԱՐՁԱՆԸ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ալբերտ Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ 2021 թվականի մարտի 25-ին՝ ժամը 00:00-ից մինչեւ 01:00-ն ընկած ժամանակահատավածում, իր ծանոթ Ավետիք Ավետիսյանի հետ վերջինիս կողմից օրավարձով վարձակալված եւ Արսեն Գրիգորի Վարդանյանին պատկանող «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի 35 TZ 879 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Երեւան քաղաքի Նոր Նորքի 3-րդ զանգվածից ուղեւորվել են դեպի Երեւան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգված` Նանսենի փողոցի, 4/7 հասցեում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածք: Ավետիք Ավետիսյանի հետ գաղտնի հափշտակություն կատարելու նախնական համաձայնությունն իրագործելու նպատակով իրենց հետ նախապես վերցված երկաթյա լինգերի միջոցով ուղղակի դիտավորությամբ վնասելով Երեւան քաղաքի, Նաեսենի 4/7 հասցեում տեղադրված պղնձի եւ ցինկի համաձուլվածքից պատրաստված, գեղարվեստական արժեք ներկայացնող, ընդհանուր խոշոր չափի՝ 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ «Լրագրողի» արձանը՝ գաղտնի հափշտակել են արձանի 107.000 ՀՀ դրամ արժողության, շուրջ 50,94 կգ քաշով հատվածը: Այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը ուղարկվել է դատարան:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների եւ օժանդակության մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, փոփոխություններով պատգամավորն առաջարկում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման տոկոսադրույքի չափը պետք է լինի ոչ պակաս, քան 10 տոկոսի չափով, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղական համայնքներում գյուղատնտեսության համար առաջնահերթ համարվող ոլորտներում զբաղված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության ապահովման համար: Եվ, որպես հիմնավորում, նշվում է, որ սահմանամերձ բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետության բարձրացման, այդ թվում՝ նվազագույն շահութաբերության ապահովման նպատակով անհրաժեշտ է, ի թիվս այլ արտոնությունների, էապես բարձրացնել գյուղացիական վարկերի սուբսիդավորման ծավալները ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: