Քննարկվում են Եվրամիության կողմից ամբողջական էներգետիկ էմգարգոյի եւ նույնիսկ Մեծ քսանյակից Ռուսաստանին դուրս թողնելու հարցերը։ Արեւմուտքը պատրաստվում է առաջիկա օրերին է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նախագահի վրա եւ նոր՝ ավելի կործանարար պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Քննարկվում են Եվրամիության կողմից ամբողջական էներգետիկ էմգարգոյի եւ նույնիսկ Մեծ քսանյակից Ռուսաստանին դուրս թողնելու հարցերը։
Reuters-ը, վկայակոչելով Մեծ յոթնյակի մի բարձրաստիճան պաշտոնյայի, գրել է, թե Մեծ յոթնյակում նման քննարկումներ արդեն եղել են: «Եթե Ռուսաստանը մնա Մեծ քսանյակի անդամ, ապա այս կազմակերպությունն ավելի քիչ օգտակար կլինի»,- ասել է գործակալության աղբյուրը։
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը մինչդեռ արդեն հայտատարել է, թե Մեծ քսանյակի ոչ մի երկիր չի կարող մեկ ուրիշին զրկել ֆորումին մասնակցելու իրավունքից. «Մեծ քսանյակը միջազգային տնտեսական համագործակցության հիմնական ֆորումն է, եւ Ռուսաստանը դրա կարեւոր անդամն է։ Մեծ քսանյակի ոչ մի անդամ իրավունք չունի այլ երկրին զրկել անդամությունից»։ Մարտի կեսերին Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն հայտարարել էր, որ իր երկիրը կարող է փոխարինել Ռուսաստանին Մեծ քսանյակում։ Իր հերթին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նշել է, որ որոշումը պետք է կայացնեն բոլոր մասնակից երկրները։ Մեծ քսանյակին, ի թիվս այլոց, մասնակցում են Չինաստանը, Բրազիալիան, Թուրքիան։
Ռուսաստանը պատերազմի մեկնարկից ի վեր պարբերաբար հայտարարում է, թե անիմաստ է խոսել Ռուսաստանի միջազգային մեկուսացման մասին, քանի որ պետությունների մեծ մասն այսօր էլ, չնայած Արեւմուտքի եւ Միացյալ Նահանգների կոշտ ճնշմանը, շարունակում են գոնե լուռ աջակցել Ռուսաստանին։ Ամենից շատ, ընդ որում, Ռուսաստանն այս կոնտեքստում հիշատակում է Չինաստանը եւ Թուրքիան։ Ուկրաինա ներխուժումը հրահրեց երկրի տնտեսության վատթարագույն ճգնաժամերից մեկը։ Ճգնաժամը նոր է սկսվում։ Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, թե կկարողանան նվազագույնի հասցնել պատժամիջոցների հետեւանքները, եւ պետությանը կհաջողվի կատարել սոցիալական բոլոր պարտավորությունները։ Միջազգային տնտեսագետները, սակայն, այս հարցում հոռետես են եւ կանխատեսում են լուրջ ճգնաժամ արդեն առաջիկա ամիսներին։
«Պուտինի կառավարման գալիք տարիները խիստ կնմանվեն Ելցինի կառավարման ամենավատ տարիներին», – գրում է, օրինակ, Համաշխարհային բանկի նախկին գլխավոր տնտեսագետ Բրանկո Միլանովիչը։ Առաջիկա ամիսներին, նրա կարծիքով, Ռուսաստանին բարդ ժամանակաշրջան է սպասվում. գործազրկությունն ու գները կաճեն, ինչից առաջին հերթին կտուժեն աղքատները։ Հնարավոր է նույնիսկ, որ ներդրվեն վաղուց մոռացված սննդի կտրոններ։ «Ճգնաժամն ավելի ուժեղ է լինելու, քան 1998-1999 թվականներին, բայց անկումն այնքան կտրուկ չի լինի, որքան 1992 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո», – վստահ է տնտեսագետը։ Ռուսաստանի իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե աննախադեպ կոշտ պատժամիջոցները կանխատեսել ու նախօրոք պատրաստվել էին։
Ն. Պ.
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՈՒՆԵՑԵԼ ԵՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ռուս-ուկրաինական բանակցությունների եւ գերիների փոխանակման հետ կապված հարցերը: Կրեմլն այս հեռախոսազրույցի մասին հայտարարություն է տարածել եւ նշել, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, եւ շարունակվել է մտքերի փոխանակությունը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»: Իսկ Ելիսեյան պալատի հայտարարության համաձայն էլ Մակրոնը Պուտինին հորդորել է անհապաղ դադարեցնել կրակն Ուկրաինայում: «Չկա որեւէ այլ լուծում, քան կրակի դադարեցումը»,-ասել է Մակրոնը Պուտինին: Հեռախոսազրույցը տեւել է մեկ ժամ: Ըստ Ելիսեյան պալատի՝ Փարիզը մտադիր է շարունակել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Մակրոնը երեքշաբթի օրը հեռախոսով զրուցել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԿՍՏՈՒԳՎԵՆ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է նոր նախագիծ՝ «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների եւ ծախսերի, ինչպես նաեւ գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը եւ նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» անվամբ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել սահմանելու կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտն իրականացնող աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը: Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ հանրային քննարկման են ներկայացվել ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցում նախատեսված են կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի, գույքի, ինչպես նաեւ պարտավորությունների մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգին վերաբերող մի շարք օրենսդրական փոփոխություններ:
ՏՈԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ 426 ԴԵՊՔ
2021-ին Հայաստանում ակտիվ տուբերկուլոզի 426 դեպք է հայտնաբերվել: Դրանցից 369 նոր դեպքեր էին, իսկ 57-ը՝ կրկնահիվանդացածներ. վերջիններս նախկինում արդեն հիվանդացել էին տուբերկուլոզով եւ բուժվել էին, սակայն որոշ ժամանակ անց հիվանդությունը կրկին գլուխ էր բարձրացրել, կամ էլ պացիենտները նորից էին վարակվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար, բժիշկ-ֆթիզիատր Նաիրա Խաչատրյանը: Նրա խոսքով՝ 2020-ին ակտիվ տուբերկուլոզի դեպքերը 444-ն էին: Վերջին 10 տարիների ընթացքում, մասնագետի խոսքով, Հայաստանում տուբերկուլոզի առումով համաճարակային իրավիճակի նկատելի բարելավում է գրանցվել. հիվանդացությունը նվազել է 4.4 անգամ:
2011 թվականին հիվանդացության ցուցանիշը 56.2 էր՝ 100 000 բնակչության հաշվարկով, 2019-ին՝ 21, իսկ 2021-ին՝ արդեն 13.4, ինչը մեծ ձեռքբերում է համարվում: Տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագրի հիմնական նպատակն էր հիվանդացությունը նվազեցնել մինչեւ 15 եւ ավելի ցածր, եւ այդ նպատակին երկիրն արդեն հասել է, սակայն հիմա պետք է ամեն ինչ անել՝ այդ ձեռքբերումները պահպանելու համար: Նշենք, որ մարտի 24-ին նշվում է Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրը, որի հետ կապված Հայաստանում մի շարք միջոցառումներ են նախատեսված, այդ թվում՝ սկրինինգային հետազոտություններ մարզերում, Սյունիքում տուբերկուլոզի ակտիվ ձեւերի հայտնաբերում, բժշկական խորհրդատվություններ, մի շարք այլ միջոցառումներ եւ հանդիպումներ:
Նշենք նաեւ, որ տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչն է Mycobacterium tuberculosis complex-ը: Վարակի աղբյուր հանդիսանում է թոքային տուբերկուլոզով կամ շնչառական օրգանների տուբերկուլոզով պացիենտը, ով հազալիս, խոսելիս կամ փռշտալիս օդ է արտազատում աէրոզոլային մասնիկներ:
ԴՊՐՈՑ ՉԵՆ ԳՆՈՒՄ
Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային եւ ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչեւ մարտի 26-ը ներառյալ։ Հանրակրթական, նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչեւ ուսումնական պարապմունքների ավարտը։