ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ՝ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական եւ դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, 1997թ. մինչեւ 2011թ., այնուհետեւ 2013թ. մինչեւ 2022թ. հունվարի 3-ը զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի արդյունքում համայնքին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած էական վնաս:

 

Մասնավորապես, ՀՀ կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի որոշմամբ՝ 2010 թվականին Ավշար համայնքին նվիրատվությամբ հանձնվել է Հունաստանի Հանրապետությունից որպես բարեգործություն ստացված, նիդերլանդական արտադրության, 95.000.000 ՀՀ դրամ գործարանային արժեքով «Ottevanger» մոդելի, 700կգ/ժամ հզորությամբ համակցված կերի հոսքագիծը, որը համապատասխան մաքսային ձեւակերպումներ կատարելուց հետո նշված արժեքով հաշվառվել է համայնքի գույքային հաշվեկշռում:

Համայնքի նախկին ղեկավարը, պարտավորված լինելով համայնքի գույքն առանց շահույթ ստանալու նպատակի օգտագործել համայնքի եւ բնակիչների շահերին համապատասխան, վերը նշված հոսքագիծն անհատույց, առանց որեւէ փաստաթղթավորման հանձնել է եղբորը փաստացի պատկանող՝ Արալեզ համայնքում գործող ՍՊ ընկերությանը, որտեղ 9 տարի շարունակ նշված հոսքագիծը շահագործվել է ՍՊ ընկերության արտադրական կարիքների համար: Այնուհետեւ՝ 2019 թվականին, Ավշար համայնքի նախկին ղեկավարը նախաձեռնել է նշված գույքն ուղղակի վաճառքով օտարելու գործընթացը, որի շրջանակներում 95.000.000 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեք ունեցող համայնքային գույքը գնահատվել է ընդամենը 19.000.000 ՀՀ դրամ եւ, Ավշար համայնքի ավագանու որոշման հիման վրա, ուղղակի վաճառքով օտարվել է վերոնշյալ ՍՊ ընկերությանը:

Արդյունքում համայնքին նվիրաբերված գույքը շահագործվել է համայնքի եւ բնակիչների շահերին հակառակ, համայնքը զրկվել է եկամուտներ ստանալու հնարավորությունից, իսկ ֆիզիկական մաշվածության հետեւանքով հոսքագիծը կորցրել է իր հաշվեկշռային արժեքի գերակշիռ մասը՝ նվազելով 76.000.000 ՀՀ դրամով, եւ նշված չափով համայնքին պատճառվել է նյութական վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հավելենք, որ քրեական գործով հնարավոր քաղաքացիական հայցը եւ դատական ծախսերն ապահովելու նպատակով համայնքի նախկին ղեկավարին պատկանող գույքի վրա կալանք դնելու հարցը լուծելու համար ստուգվել է նրա եւ ընտանիքի անդամների անվամբ հաշվառված անշարժ եւ շարժական գույքի առկայությունը, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինիս անվամբ հաշվառված է «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի մեկ ավտոմեքենա, Արարատի մարզում՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, բնակելի կառույց: Վերջինիս 32-ամյա որդու անվամբ հաշվառված է «Տոյոտա ԼՑ» մոդելի ավտոմեքենա, Արարատի մարզում՝ 54 անուն անշարժ գույք՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, շինություններ, հասարակական կառույցներ, արդյունաբերական օբյեկտներ: Համայնքի նախկին ղեկավարի կնոջ անվամբ առկա է 20 անուն անշարժ գույք՝ Կոտայքի, Արարատի մարզերում եւ Երեւանում, 34-ամյա դստեր անվամբ՝ 5 անուն անշարժ գույք՝ Երեւանում եւ Արարատի մարզում, իսկ 30-ամյա դստեր անվամբ՝ 5 անուն անշարժ գույք՝ Արարատի մարզում:

Ն.Պ.

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում բացահայտվել է օրեր առաջ քաղաքացու բնակարանից կատարված գողության դեպքը: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 13-ին՝ ժամը 16։19-ին, քաղաքացին ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12։30-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել իր բնակարան եւ ննջասենյակից գողացել 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրի քաղաքի 38-ամյա բնակիչը, որը տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԻՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Արդեն երկրորդ օրն է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը եւ պահանջում են նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, սակայն նախարարը չկա ու չկա: Բանն այն է, որ համայնքի բնակիչները չեն համակերպվում իրենց համայնքի խոշորացման փաստի հետ։ Այդ որոշումը չեղարկելու պահանջով նրանք երկու օր է՝ ավտոմեքենաներով փակել են Սեւան-Դիլիջան ճանապարհը։ Նշենք, որ Ծովագյուղ, Սեմյոնովկա ու այլ գյուղեր խոշորացվել են՝ ընդգրկվելով Սեւան համայնքի կազմում։ Ի նշան խոշորացման դեմ բողոքի՝ այս երկու գյուղերի բնակիչներից որեւէ մեկը չմասնակցեց անցած տարի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին։ Իսկ ինչո՞վ է զբաղված նախարար Սանոսյանը: Պարզվում է՝ նախարարը, ոչ ավել, ոչ պակաս, ավելի կարեւոր գործ ունի. նա այսօր Վեդի քաղաքում մասնակցում է նախընտրական հանդիպման: Ասել է թե՝ նախարարի համար միեւնույնն է, թե ինչ են պահանջում բնակիչները, եւ ի վերջո փակ է ճանապարհը. կարեւորը սեփական թիմի շահերը սպասարկելն է ու նախընտրական հանդիպմանը ներկա գտնվելը, իսկ մնացած հարցերը երկրորդական են:

 

 

 

ԴԻՄԵԼ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ

Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի նկատմամբ մահափորձի գործով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մեղադրող դատախազը պահանջում է, որ նախկին պատգամավորի դեմ մահափորձի գործով մեղադրյալներին դատապարտեն 20 տարի ժամկետով: Նշենք, որ շուրջ 2.5 տարի առաջ իրականացված սպանության գործով արդարացման դատական ակտ էր կայացվել։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոռ Շահբազյանի նախագահությամբ, հրապարակել է վճիռը, համաձայն որի՝ ամբաստանյալներ Արթուր Մխիթարյանը, Ջեմսիկ Մարտիրոսյանը եւ Պետրոս Էլբակյանն արդարացվել են՝ սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի եւ գույքի դիտավորության ոչնչացման դրվագներով։ Ամբաստանյալներից մեկը՝ Ջեմսիկ Մարտիրոսյանը, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը) առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով։ Հիշեցնենք, որ Շշի Մելոյի սպանության ենթադրյալ փորձը տեղի է ունեցել 2019թ. օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը, եւ ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին կետի՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը հոդվածների հատկանիշներով: Գործի շրջանակներում կալանավորվել են Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, 53-ամյա Պետրոս Էլբակյանը եւ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը, որոնք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը եւ հերքում են իրենց առնչությունը կատարված դեպքի հետ։ Մելիք Մանուկյանն այս գործով ունի տուժողի կարգավիճակ։ Քրեական գործը ՀՀ վերաքննիչ դատարանում մակագրվել է դատավոր Վազգեն Ռշտունուն, Արսեն Նիկողոսյանին, Արշակ Վարդանյանին:

 

 

 

ԿՈՐՈՒՍՏ ՈՒՆԵՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնբասում ռազմական գործողություններ սկսելու մասին հայտարարությունից անցել է մեկ ամիս: ՌԴ նախագահն այդ մասին հայտարարեց փետրվարի 24-ին: Ուկրաինական կողմն երեկ ռուսական կողմի կորուստների մասին հերթական տվյալներն է ներկայացրել: Դրանց համաձայն՝ պատերազմի մեկնարկից մինչեւ օրս ռուսական կողմը կորցրել է 15 հազար 800 մարդ, 530 տանկ եւ 180 ինքնաթիռ:

Այլ թվեր՝

զրահապատ մարտական մեքենաներ` 1597; հրետանային համակարգեր՝ 280; ՀՕՊ համակարգեր՝ 47; ավտոմոբիլային տեխնիկա՝ 1033; հատուկ տեխնիկա՝ 16: Իր հերթին տվյալներ է ներկայացրել նաեւ ՌԴ Պն-ն: Տվյալների համաձայն՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հաջողվել է ոչնչացնել 257 անօդաչու թռչող սարք, 202 զենիթահրթիռային համալիրներ, 1572 տանկ եւ այլ զրահատեխնիկա, 160 բազմակի հրթիռային կայանք, 633 դաշտային հրետանի եւ ականանետեր, ինչպես նաեւ 1379 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։

 

 




Լրահոս