«ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԱԶԱՆՔԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՔԱՅԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին խախտել են Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ շփման գիծը, մինչեւ օրս փաստացի հրաժարվում են ելման դիրքեր վերադառնալ։ Մոտ մեկ շաբաթ ընթացող բանակցությունները արդյունք չեն տալիս. հակառակորդը շարունակում է դիրքավորված մնալ Քարագլխի բարձունքում։ Չնայած տարաբնույթ լուրերին, թե Փառուխը խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ է, Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի` Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Ադրբեջանական սոցիալական հարթակներում էլ շրջանառվում են Քարագլխից արված տեսանյութեր, որտեղից երեւում են ինչպես Փառուխը, այնպես էլ Խրամորթը։ Ավելին, Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչատարածքային միավոր չկա:

 

Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի` Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը. «Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ` նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը եւ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն»:

Ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կանխելու նպատակով ռուսական խաղաղապահ զորքերը, ըստ տարբեր տեղեկությունների, շարունակում են ամրապնդվել դիրքերում ու հզորացնել ռազմական ներուժը՝ ադրբեջանցիների հետագա առաջխաղացումը կանխելու համար։ Կրակոցներ այս պահին թեեւ չեն հնչում, բայց հակառակորդը չի էլ շտապում հեռանալ Քարագլխի դիրքերից։ Արցախում տիրող իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։

-Այս օրերին Արցախում լարվածությունը շարունակվում է: Ադրբեջանցիները փաստացի չեն հեռացել Փառուխ գյուղից բարձունքից: Ձեր գնահատմամբ՝ իրականում ի՞նչ հարց է լուծում Ադրբեջանը, ու արդյոք ինչ-որ մի փուլում հե՞տ է քաշելու դիրքերը:

-Արցախի ներկայիս իրադրաձությունները փորձ են անում Ադրբեջանի կողմից ստուգել ռուսների դիմադրողականությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայում նույն իրադարձությունները: Ուզում են տեսնել, թե ինչ ռեակցիա կլինի, ինչպիսի կոշտությամբ կլինի: Եթե կոշտ արձագանք չեղավ, արդյոք կկարողանա՞ն շարունակել նույն ոճով գործել: Իսկ երկարաժամկետ կտրվածքով սա Ադրբեջանի եւ Թուրքիայի երազանքին հասնելու մի քայլն է: Այդ երազանքն է առանց հայերի, առանց հայերի պետականության տարածաշրջանն է: Իրենք շարժվում են հենց այդ ուղղությամբ, եւ ամեն մի փոքր քայլ ուղղված  է տարածաշրջանի հայաթափման նպատակին:

-Կարծիք կա, որ Ռուսաստանը զբաղված էր Ուկրաինայի հետ պատերազմով, ինչից օգտվելով էլ՝ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել: Ի՞նչ դիրքորոշում կունենա այստեղ Ռուսաստանը, ի՞նչ կշահի կամ կկորցնի, ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք կբերի:

-Տարածաշրջանի եւ ընդհանրապես Հայաստանի վրա բացասաբար է անդրադառնալու  ռուս-ուկրաինական այս կոնֆլիկտի երկարատեւ լինելը: Ինչքան ավելի երկարի անորոշությունը, այնքան ավելի աճում է հավանականությունը, որ Ադրբեջանն ու գուցե նաեւ Թուրքիան որոշեն արկածախնդրության դիմել Հայաստանի՝ ներառյալ Արցախի նկատմամբ:

-Ռազմական տեսանկյունից ինչպե՞ս է մեկնաբանվում դեպքը, երբ խաղաղարար առաքելություն իրականացնողերի վերահսկվող տարածք է մտնում կողմերից մեկը:

-Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու խաղաղապահները չկարողացան Ադրբեջանի առաջխաղացումը զսպել կամ չուզեցին զսպել, շատ պարզ պատասխան կա: Նորություն չէ, որ խաղաղապահները հազվադեպ են ունենում մարտական գործողությունների մեջ մտնելու մանդատ, իսկ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը այդպիսի բան հաստատ չի ենթադրում: Նման բան պետք էր մտածել նոյեմբերի 9-ի եռակող հայտարարությունը ստորագրելուց առաջ: Այն թվով խաղաղապահները, որոնք այսօր Արցախում են, իրենք ավելի շատ  քաղաքական գործոն են, քան ռազմական: Դա շատ քիչ քանակ է, առավել եւս թեթեւ են զինված, Ադրբեջանի լուրջ կամ լայնածավալ հարձակում կանխելու համար խաղաղապահները շատ փոքրաթիվ են:  Ասեմ, որ աշխարհում առաջին դեպքը չէ, երբ խաղաղապահները չեն կարողանում ինչ-որ ներխուժում կանխել:

-Եթե ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվի, ապա դա ինչպե՞ս է անդրադառնալու Արցախի իրավիճակի վրա:

-Ոչինչ չեմ կարող ասել Ռուսաստանի դիրքորոշումների, մտքերի, առավել եւս՝ հեռավոր նպատակների մասին, քանի որ այս պահին անորոշությունը շատ մեծ է՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ԼՈՒՐՋ ՔԱՅԼԵՀՋ

Բաքուն հայտարարում է, թե մտադիր է Երեւանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, եթե Հայաստանը պատրաստ է լուրջ քայլերի։ Թե ինչ քայլերի մասին է խոսքը, պաշտոնական հայտարարությունը չի հստակեցնում:

 

«Եթե հայկական կողմը խաղաղության համաձայնագրը դիտարկում է ոչ թե որպես հասարակությանը տեղյակ պահելու հերթական ակցիա, այլ լուրջ քայլ, ապա ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ուզում ենք կրկին ընդգծել, որ Ադրբեջանը պատրաստ է դրան», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Բաքուն կրկին հիշեցրել է կարգավորման այն հինգ սկզբունքները, որոնք ներկայացրել էր Հայաստանին՝ ընդգծելով, որ խաղաղության համաձայնագիրը պետք է հիմնված լինի դրանց վրա։

Մեկնաբանելով Հայաստանի ավտանգության խորհրդի երեկվա հայտարարությունը, որ անհրաժեշտ են միջազգային զսպման մեխանիզմներ հետագա լարվածությունը կանխելու համար՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդել է՝ զսպման լավագույն ձեւը միջազգային իրավունքն է, այդ թվում՝ «այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելը եւ հարգանքը պետությունների ինքնիշխանության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ»։ Հայաստանը, ըստ հայտարարության, չի պահպանում միջազգային իրավունքը եւ «չի կարող խոսել միջազգային զսպման մեխանիզմի մասին»։

Պնդելով, թե պաշտոնական Երեւանը խախտում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները՝ Բաքուն հայտարարում է, որ հենց դա է «մեծացնում տարածաշրջանում լարվածության աստիճանը եւ վտանգում խաղաղարար ջանքերը»։

 

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 

Երեկ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։ Նիստի օրակարգում ընդգրկվել  են «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին», ««Արցախի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի եւ ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցերը։ Օրակարգում ներառված են նաեւ պատգամավորների հայտարարություններ։

 

 

 

ԳՐԵԹԵ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԵՆ

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են. գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերին զգալի վնաս է հասցվել։ Այս մասին փոխանցել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Նախ՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին. ընդհանուր առմամբ, գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են։ Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը զգալիորեն կրճատվել է, ինչը հնարավորություն է տալիս հիմնական ուշադրությունն ու հիմնական ջանքերը կենտրոնացնել գլխավոր նպատակին՝ Դոնբասի ազատագրմանը: Նվաճել ենք օդային գերակայություն: Գրեթե ոչնչացված են օդուժը եւ հակաօդային պաշտպանության համակարգը»,- ասել է նա։ Վերջինիս փոխանցմամբ՝ 152 ինքնաթիռներից, որոնք մինչ գործողության մեկնարկը եղել են Ուկրաինայի զինված ուժերի մարտական կազմում, ոչնչացվել է 123-ը, 149 ուղղաթիռից՝ 77-ը, հեռահար եւ միջին հեռահարության ՀՕՊ 180 համակարգերից՝ 152-ը: «Երկրի ռազմածովային ուժերը դադարել են գոյություն ունենալ, զգալի կորուստներ են կրել ցամաքային եւ օդադեսանտային հարձակման ուժերի բոլոր կազմավորումները»,-ասել է Շոյգուն։ «Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել սահմանված նպատակներին»,- եզրափակել է ՌԴ ՊՆ ղեկավարը։




Լրահոս