ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի և թիմակիցների՝ Ադրբեջանի ամբողջականության մասին խոսքերը չեն համընկնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը, մենք պատասխանել ենք Բաքվին». սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախքան Բրյուսել մեկնելն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, կառավարության նիստերից մեկի ժամանակ արված հայտարարությունն է: Ոչ միայն խաղաղության օրակարգի, այլ նաև սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին են խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն ու պայմանավորվել՝ մինչև այս ամսվա՝ ապրիլի վերջ սահման գծողների խումբ ստեղծել: Մինչև բրյուսելյան հանդիպումն էր դեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ Հայաստանի համար տարածքային ամբողջականությունն փոխադարձաբար ճանաչելն ընդունելի է:
Ի տարբերություն իր քաղաքական թիմի ղեկավարի՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Փաշինյանի վերոհիշյալ հայտարարությունից ամիսներ առաջ հիշեցնում էր՝ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը դեռ տասնամյակներ առաջ են ճանաչել:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստանը և Ադրբեջանը, միանալով ԱՊՀ-ին, երկուսն էլ ժամանակին՝ դեռ 90-ականներին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Լրատվականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ Գրիգորյանն ընդգծել էր, որ Ադրբեջանը, 90-ականներին միանալով ԱՊՀ-ին, և Հայաստանն էլ, լինելով ԱՊՀ-ի հիմնադիրներից մեկը, ընդունել է հիմնադիր փաստաթուղթ, որտեղ բոլորը բոլորի տարածքային ամբողջականությունը ճանաչում են։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «լավ նորություն» է որակել Փաշինյանի՝ սահմանների ճանաչման հայտարարությունը, ինչը պաշտոնական Բաքվի ներկայացրած 5 կետերի մեջ է ներառված: Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, պատրաստակամություն է հայտնել կյանքի կոչել մի բան, ինչն իր առնավազն երկու թիմակիցների՝ Աղաջանյանի ու Գրիգորյանի, դեռևս 1990-ականներին է տեղի ունեցել, ու այժմ դա վերահաստատելու անհրաժեշտություն, ըստ տրամաբանության, պետք է որ չլիներ:

Սևակ Վարդումյան




Լրահոս