Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Արցախի պողոտայում բախվել են Mercedes եւ Honda մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Եթե բանկը հաճախորդի հաշվեհամարին գումարը երկու անգամ է փոխանցում, ապա պարտավո՞ր է արդյոք հաճախորդը վերադարձնել այդ գումարը:
Ստելլա Պողոսյան (48 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, հաճախորդը պարտավոր է այդ գումարը հետ վերադարձնել, քանի որ անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը)՝ բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092 հոդվածի 1-ին կետ): Այս կանոնը կիրառվում է՝ անկախ այն բանից՝ անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետեւանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բանկն իրավունք ունի նաեւ առանց հաճախորդի կարգադրության հաշվից գումար դուրս գրել դատարանի վճռով սահմանված դեպքերում:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես կարելի է որդեգրման ենթակա երեխաների մասին ստանալ տեղեկություններ:
Լիդա Պետրոսյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ ստանալու նպատակով հաշվառված, որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարանի աշխատակազմ կամ նախարարություն, իսկ հաշվառված, որդեգրել ցանկացող, ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիները եւ օտարերկրացիները` կենտրոնական մարմին։ Հաշվառված, որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացին, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացին եւ օտարերկրացին կարող են ծանոթանալ երեխաների անձնական գործերին նախընտրելի չափանիշներով երեխա ընտրելու համար։
Տրամադրված տեղեկությունների հիման վրա՝ որդեգրման ենթակա երեխային որդեգրելուց հրաժարվելու դեպքում որդեգրել ցանկացող անձը հաշվառումից չի հանվում։
Այն դեպքում, երբ երեխային որդեգրելու ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող երեխայի խորթ հայրը, խորթ մայրը, նրա ազգականները, կամ երբ երեխայի ծնողների եւ որդեգրել ցանկացող անձի (անձանց) միջեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առկա է գրավոր համաձայնություն, որդեգրման նպատակով երեխայի կենտրոնացված հաշվառումից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կենտրոնական մարմին է ուղարկում տվյալ երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակը։ Այդ դեպքերում որդեգրման ենթակա երեխայի տվյալներն այլ անձանց չեն տրամադրվում։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որդեգրել ցանկացող անձի կողմից տվյալ երեխայի որդեգրումից հրաժարվելու դեպքում երեխան հանվում է հաշվառումից։