ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՎ ՉԵՆ ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություննները, երեկ Ազատության հրապարակում էին մեկտեղել օրվա իշխանությունից դժգոհողներին: 44-օրյա պատերազմից հետո ընդդիմադիրներն առաջին անգամը չէ, որ հրապարակ են դուրս գալիս, փողոց փակում ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում: Այս անգամ, սակայն, հասարակությունը կոնկրետ հարց է ուղղում հայրենի ընդդիմությանը՝ ի՞նչ պլան ու ծրագիր ունեն, գործողությունների հաջորդականություն լինելո՞ւ է, թե՞ ոչ:  Հարցին ընդդիմության ներկայացուցիչները երեկ հրապարակային մակարդակում չանդրադարձան, շեշտեցին միայն՝ ամեն բան անելու են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ հեռանա:

 

Ընդդիմության հերթական ցույցի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի հետ:

-Երեկ հերթական ցույցը տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում. ի՞նչ եք կարծում, այս անգամվա ասելիքն ու մեսիջները հասցեակա՞ն էին:

-Ժողովորդին փողոց դուրս հանելու համար պետք է աշխատանքներ իրականացնել, հակառակ դեպքում շատ քիչ  մարդիկ են իրենց կամքով դուրս գալիս փողոց: Մայրաքաղաքում, իհարկե, ավելի շատ է լինում ժողովրդի մասնակցությունը, բայց դա այն թիվը չի կազմում, որ ինչ-որ գործողություններ կարողանան կատարել: Մեծ քանակության համար պետք է մեծ աշխատանք իրականացնել: Ես այս մեկ ամսվա ընթացքում չեմ տեսել, որ ընդդիմությունը կարողանա մեծ քանակությամբ աշխատանք իրականացնի՝ ապահովելու մարդկանց  մեծաքանակությունը: Նախ պետք է պարզել հանրահավաքի նպատակը. այն ուժ ցույց տալո՞ւ, թե՞ ինչ-որ գործընթաց սկսելու հանրահավաք է: Եթե տալիս ես՝ 70 կամ 100 հազար մարդ է հավաքվել, ապա դա ուժի ցուցադրում է: Եթե դու ասում ես՝ ուժի ցուցադրում է, բայց գալիս է 5000 հոգի, բնականաբար դու պարտվում ես, որովհետեւ դու չես կարողանում ուժ ցույց տալ: Եթե հանրահավաքը դիտարկում ես քաղաքական գործընթացի մեկնարկ, ապա մարդաշատությունը կարեւոր չէ: Կարող է լինել 5000 հոգի, ու դա բավարար լինի քո հանրահավաքի համար:

-Տեսակետ կա, որ նման ակցիաներով ընդդիմադիրները է՛լ ավելի են ամրապնդում Փաշինյանի իշխանությունը, այսինքն՝ լեգիտիմացնում են այդ իշխանությունը:

-Իշխանությունը լեգիտիմացնում են, թե ոչ, դա էլ կապ չունի, որովհետեւ իշխանությունները լեգիտիմացնում են կամ ոչ, դրանք կախված են ընտրությունների արդյունքներից, նրանց վարկանիշի անկման կամ բարձրացման հետ: Այսինքն՝ այլ ցուցանիշներ կան,    հանրահավաքով չէ, որ լեգիտիմացնում են իշխանություններին: Դա ուղղակի տարածում են թեզիստները, քաղաքական գործընթացներից, մեղմ ասած, հեռու գտնվող մարդիկ: Նրանք ուղակի այսօրվա ըդդիմության հետ կապված ունեն որոշակի օբյեկտիվ մոտեցումներ: Ընդդիմության հանրահավաքներով չի կարող տեսականորեն եւ գործնականորեն լեգիտիմացվել կամ չլեգիտիմացվել իշխանությունը, որովհետեւ դրանք մեկը մյուսի հետ ոչ մի առնչություն չունեն: Դա նույնն է, ոնց որ ասենք՝ հանրահավաք ենք անում, եւ դրանով արեւի լույսն ավելի է ուժեղանում կամ պակասում: Իրար հետ բացարձակ կապ չունեն: Իշխանություններին վախեցնել-չվախեցնելու հետ, այո, կարող են կապ ունենալ, քաղաքական գործընթաց սկսել-չսկսելու հետ կապ կարող են ունենալ, բայց իշխանությունները լեգիտիմացնելու հետ՝ ոչ: Հասկանում եմ դրա ենթատեքստը, որ երկրորդ նախագահի աջակից ուժերն են կազմակերպում, երրորդ նախագահն է լինելու հանրահավաքին, փաստորեն, նախկիններն ակտիվանում են, արդյունքում Փաշինյանն ուժեղանում է: Դա բացարձակ  իրականությանը չի համապատասխանում, քանի որ շարքային քաղաքացին որոշում է իր շահերը տրամադրել այս կամ այն քաղաքական ուժերին, իրեն հետաքրքրում է՝ այդ քաղաքական ուժը կարող է իր քաղաքական շահը սպասարկել՝ անկախ նրանից՝ դա երկրորդ, թե  երրորդ նախագահն է: Եթե տեսնում է, որ քաղաքական, ընդդիմադիր ուժը չի կարողանում սպասարկել իր շահերը, ապա նորից նշանակություն չունի՝ այնտեղ առաջին, երկրորդ, թե երրորդ նախագահն է, միեւնույնն է, նա այդ լիազորությունները չի տալիս: Այսինքն՝ կապ չունի տվյալ դեպքում ընդդիմության ղեկավարների ով, ինչ լինելը: Նրանք կարողանում են հասարակության, իշխանությունից դժգոհ զանգվածի տրամադրությունները ուժեղացնել ու ինչ-որ մի դրական ուղղությամբ ծառայեցնել:

ԶրուցԵց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վաղը՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Փաշինյանն աշխատանքային այցով Եվրոպա կմեկնի ապրիլի 6-ին: Հանդիպումը ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ նախաձեռնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

 

Փաշինյան-Ալիեւ վերջին դեմ առ դեմ հանդիպումը դարձյալ կայացել էր Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։ Այդ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ։ «Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում կազմակերպել։ Առաջնորդները համաձայնել են Բրյուսելում անցկացնել հանդիպում՝ տարածաշրջանային իրավիճակի եւ լարվածության հաղթահարման ճանապարհների քննարկման համար»,-նշվում էր նախորդ տարվա նոյեմբերի 19-ին տարածված հաղորդագրության մեջ։ Մինչ այդ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել էին նոյեմբերի 26-ին Սոչիում, որտեղ եռակողմ հանդիպում էր տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այն տեղի էր ունենում Սյունիքում ակտիվ ռազմական գործողություններից հետո, երբ կողմերը սկսել էին կիրառել հրետանի եւ զրահատեխնիկա։ Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ սկսում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ։

Այս հանդիպմանը նախորդում է Արցախում առկա լարվածությունը: Մարտի 14-ին էլ Ադրբեջանը հրապարակեց 5 կետեր, եւ նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային եւ արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՎԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ` «ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն իսկ սկսել է մտածել, թե ով է լինելու Երեւանի քաղաքապետի իր թեկնածուն: ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանականները երկար ու բուռն քննարկումներից հետո կանգ են առել նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածության վրա: «2021-ի ամռանը տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Տիգրան Ավինյանը, որ որեւէ պաշտոնի չէր նշանակվել, ասես նեղսրտել ու մի կողմ էր քաշվել: Մտերմիկ շրջապատում անգամ ասել է, թե ցանկանում է լքել քաղաքականությունն ու բիզնես գործունեություն ծավալել, եւ եթե կհիշեք՝ ընտրություններից հետո տեւական ժամանակ նա որեւէ տեղ չէր երեւում: Բայց պաշտոնը քաղցր է, ու, ըստ երեւույթին, կարոտելով այն՝ Ավինյանն ընտրություններից որոշ ժամանակ անց սկսեց ակտիվություն դրսեւորել, հանդիպումներ ունենալ կուսակցական ակտիվի հետ: Անգամ շրջանառվում էր, որ նա է լինելու Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի առաջին տեղակալը, բայց ինչ-որ պահից սկսած՝ Ավինյանը չի հաշտվել այդ մտքին ու հայտարարել, թե չի կարող Սարգսյանի ենթակայության ներքո աշխատել»,- ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը: Մեզ փոխանցեցին, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ու նրան պաշտոնանկ անելու հարցում Ավինյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են եղել: Գործընթացը բարեհաջող ի կատար ածելուց հետո, սակայն, Փաշինյանի ու Ավինյանի ջրերը, չգիտես ինչու, սկսել են մի առվով չհոսել: «Այժմ, սակայն, հարաբերությունները կարծես թե հարթվել են, ու իշխանությունը Տիգրան Ավինյանի համար դեպի քաղաքապետի աթոռ կանաչ լույս է վառել»,- տեղեկացրին ArmLur.am-ին: ՀՀ նախկին փոխվարչապետը «ջուրը չտեսած՝ արդեն բոբիկացել է» ու սկսել ակտիվ հանդիպումներ ունենալ Երեւանի վարչական շրջանների բնակիչների հետ եւ քննարկումների անվան տակ քարոզարշավ իրականացնել:

 

 

 

ՀՐԱՏԱՊ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի կողմից խորհրդարան է մուտք արվել «Հանրային ծառայությունների գների աճի ազդեցությունը ազգաբնակչության կենսամակարդակի եւ տնտեսության վրա (առկա վիճակ եւ անելիքներ)» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին առաջարկությունը: Այն ներկայացվել է պատգամավորի անունով, սակայն ամբողջ խմբակցության առաջարկն է: Ստորագրահավաքին միացել են նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս հարցով քննարկում անցկացնելու հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրային սակագների ծառայությունների աճը ոչ միայն անմիջականորեն ազդում է մարդկանց կենսամակարդակի վրա, այլ նաեւ բացասական հետեւանքներ է ունենում տնտեսության վրա: Նրանք առաջարկում են նաեւ, որ այս հարցով քննարկմանը մասնակցեն Կենտրոնական բանկի նախագահն ու իրավասու փոխվարչապետը:

 

 




Լրահոս