Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում նվազագույն աշխատավարձը 68 հազարից բարձրացնել՝ դարձնելով 80 հազար դրամ: ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Վարդանյանը հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցությունը մեկ անգամ եւս առաջարկել էր նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացում, սակայն առաջինը լիագումար նիստերի օրակարգում չի ընդգրկվել, հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն: «Նախագիծը լրամշակվել է: Ներկայացված նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ: Փոփոխություններ են կատարվում նաեւ ժամավարձով վարձատրվող աշխատակիցների համար, փոփոխվում են ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը»,- ասաց Վարդանյանը՝ առաջարկելով, որ կարգավորումը ուժի մեջ մտնի 2023-ի հունվարից: Կառավարությունից նշել էին, որ փոփոխությունները հղի են մի շարք վտանգներով՝ չձեւակերպված զբաղվածություն, սպառողական գների, բյուջետային ծախսերի, բիզնեսի վրա հարկային բեռի աճ: Ըստ Վարդանյանի՝ առկա հնարավոր ռիսկերը հակակշռվում են բազմաթիվ այլ դրական փոփոխություններով: «Հատկապես այս փուլում, երբ վերջին 2-3 տարիներին ունենք գնաճի բավականին բարձր ցուցանիշներ, պարտավոր ենք որպես ԱԺ, որպես պատգամավորներ մտածել մեր հարյուր հազարավոր քաղաքացիների մասին, որոնց գնողունակությունը կտրուկ անկում է ապրել»,-ասաց պատգամավորը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս կարգավորմամբ միայն մասնավոր հատվածի նվազագույն աշխատավարձի վրա են դրականորեն ազդում, իսկ հանրային ծառայության աշխատավարձերը կապված են բազային աշխատավարձի հետ, եւ նախագծով բազային աշխատավարձի փոփոխություն չի ենթադրվում արդյոք: «Բնականաբար սա ենթադրելու է նաեւ հանրային ծառայության ոլորտում որոշակի փոփոխություն»,- պատասխանեց Վարդանյանը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց կառավարության եզրակացությունը: Նա հիշեցրեց, որ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված է մինչեւ 2026թ. ձեռնարկել քայլեր՝ աշխատավարձը մինչեւ 85 հազար սահմանելու համար: «Նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորությամբ` որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր»,-ասաց նա: Ըստ փոխնախարարի՝ պատգամավորի ներկայացրած նախագծում բացակայում են տնտեսական հիմնավորվածության տեսանկյունից վերլուծությունները: Նրա խոսքով՝ նվազագույն ամսական աշխատավարձի չհիմնավորված բարձրացումը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի եւ զբաղվածության մակարդակի նվազմանը, ինչը կարող է բերել նաեւ գնաճի ճնշումների: Ներկայացված նախագիծն առաջարկում է 17 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը: «Մեր կանխատեսումներով՝ այս նախագծի ընդունման դեպքում պետբյուջեի ծախսը կավելանա տարեկան կտրվածքով շուրջ 99.1 մլրդ դրամի չափով»,-նշեց փոխնախարարը՝ հորդորելով անփոփոխ թողնել օրենքը:
Երկար քննարկումից հետո նախագիծը հանձնաժողովում ստացավ բացասական եզրակացություն:
Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԶԳԱԼԻ ԱՎԵԼԱՑԵԼ Է
ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱՆ-ն առաջարկում է կատարողական վարույթի շրջանակում հարկադիր կատարողին հնարավորություն տալ պարտապանի անձնական հաշվին՝ էլեկտրոնային դրամապանակում առկա դրամական միջոցները եւ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, այդ թվում՝ տոտալիզատորի կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններում պարտապանի անձնական էլեկտրոնային հաշիվներում առկա գումարները՝ միավորները հայտնաբերել եւ դրանց նկատմամբ բռնագանձում տարածել: Ըստ Արդարդատության նախարարության՝ էլեկտրոնային դրամապանակում առկա դրամական միջոցները եւ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններում անձնական էլեկտրոնային հաշիվներում ներկայումս պահպանվում են ահռելի դրամական միջոցներ եւ դրանց համարժեք միավորներ, որոնք կատարողական վարույթի շրջանակում հայտնաբերելու եւ դրանց նկատմամբ բռնագանձում տարածելու գործիքակազմ չկա:
Իսկ Պետական վերահսկողական ծառայության կողմից «Ինտերնետ շահումով խաղերի ոլորտի, կազմակերպիչների կողմից օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ» ՀՀ վարչապետին ներկայացված մշտադիտարկման արդյունքներով մտահոգիչ պատկեր է արձանագրվել: Այսպես, 2018թ. ընթացքում ինտերնետ շահումով խաղացողների կողմից գնվել է 333 մլրդ դրամի միավոր, 2019թ.՝ 1,115.0 մլրդ դրամի միավոր, 2020թ. 10 ամիսների ընթացքում՝ 1,548.0 մլրդ դրամի միավոր։
2018թ. միջին ամսական գնված միավորների ծավալը կազմել է 28 մլրդ դրամ, 2019թ.՝ 93 մլրդ դրամ, 2020թ. 155 մլրդ դրամի: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ միջին ամսական խաղացողների թիվն է զգալի ավելացել. 2018թ. կազմել է 18093, 2019թ.-ին՝ 29911, 2020թ.-ին՝ 44082: 2020թ.-ին ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից գեներացված միջոցները կազմել են Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի շուրջ 32%-ը։
2020թ.-ի տասը ամսվա ցուցանիշը գերազանցում է միեւնույն ժամանակահատվածի ՀՀ պետական բյուջեի եկամուտներին: Ավելին, 2021 թվականի ընթացքում վերը նշված ցուցանիշներն էականորեն ավելացել են, եւ 2021 թվականի առաջին 11 ամիսներին խաղացողների կողմից գնված միավորների կամ կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 3 տրիլիոն 171,7 միլիարդ դրամ։
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՍՊԱՆԴԱՆՈՑ ՉԿԱ
Ապրիլի 4-ի առավոտից Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցները Նոյեմբերյան քաղաքում, ապա եւ Նոյեմբերյան խոշոր համայնքի բնակավայրերում ոստիկանության հետ համատեղ հնգօրյա այց են կազմակերպել մսի վաճառքի կետեր՝ ստուգելու՝ իրացվող միս-մսեղիքը սպանդանոցային ծագում ունի, թե ոչ։ ՍԱՏՄ աշխատակիցները տուգանել են բոլոր մսավաճառներին այն պատճառաբանությամբ, որ պետք է վաճառվի միայն համապատասխան պայմաններ ունեցող սպանդանոցում մորթված անասունի միսը, մսավաճառը ձեւ 5 անասնաբուժական վկայական պետք է ունենա։ Տեսուչներն ասել են, որ իրենք օրենքի պահանջն են կատարում, իրենց ուղարկել են ստուգել-տուգանելու, իսկ որ Նոյեմբերյանում մասնագիտացված սպանդանոց չկա, նրանց չի հետաքրքրել։ ՍԱՊԾ-ի կողմից տուգանքները վնասում են ոչ միայն մսավաճառներին, այլեւ Տավուշի մարզի անասնապահներին, որովհետեւ մսավաճառները այլեւս խուսափելու են նրանց անասունների մսի վաճառքից։ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից հայտնել են, որ ներկայումս Տավուշի մարզում գործում է մասնագիտացված 3 սպանդանոց Բերդ քաղաքում, Նոյեմբերյան քաղաքում եւ Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղում, որը հարակից է Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքին։ Մարզպետարանի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ աշխատակիցները ստուգումներ են իրականացնում Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններում։ Նոյեմբերյան քաղաքում գործող սպանդանոցը չունի համապատասխան փաստաթղթեր, քանզի այն կառուցված է անտառային նշանակության հողերում։ Ի սկզբանե նախատեսված էր, որ 2020թ. հունվարի 15-ից ուժի մեջ պետք է մտներ այն որոշումը, որ անասունների մորթը պետք է կատարվեր միայն դրա համար նախատեսված, սանիտարական համապատասխան պայմաններ ունեցող սպանդանոցներում, բակային, հակասանիտարական պայմաններում անասունների մորթ չպետք է կատարվեր։ Հետո կառավարության որոշման կիրարկման ժամկետը հետաձգվեց, սահմանվեց 2020թ. հուլիսի 1-ը։ 2020թ. Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ այդ տարի Տավուշի մարզում շահագործման կհանձնվի 11 սպանդանոց։ Սակայն մարզում սպանդանոցների գործարկման գործը ձգձգվեց, քանի որ շատ սպանդանոցների գործարկման համար գոյություն ունեին փաստաթղթային խնդիրներ, նաեւ հողհատկացման հետ կապված հարցեր։ Սպանդանոցներ գործարկելու մտադրություն ունեցող գործարարները մտմտում էին, թե արդյոք արժե սպանդանոցներ գործարկել, որքանով դրանք կարող են գոյատեւել, շահույթ ապահովել։ 17 բնակավայր ունեցող Բերդ համայնքում մեկ սպանդանոց է գործում, որը գոյություն ունի 1990-ական թվականների սկզբից, այն հետո վաճառվել է մսամթերքի արտադրության եւ իրացման «Բեկոն» ընկերությանը։ Դիլիջան խոշորացված համայնքում, որն ընդգրկում է Դիլիջան քաղաքը եւ այդ տարածաշրջանի 6 գյուղեր, ոչ մի սպանդանոց չկա ու չի կառուցվում։ Դիլիջանի տարածաշրջանում կան անասնապահական համալիրներ, որտեղ անասունների մորթ է կատարվում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ