Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, որ ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի հետ լրագրողների գործունեության մասին նոր նախագիծ են շրջանառել, ասում է, որ որեւէ մեկը չի պատրաստվում լրագրողներին հանց այնպես, իր քմահաճույքից ելնելով զրկել հավատարմագրումից: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախագծին, որ նախատեսում է պետական կառույցներին լրագրողների հավատարմագրման դադարեցման լիազորություն տալ, նշում է. «Լրագրողների էթիկայի վարքականոն, օրինակ, Աժ-ում այժմ էլ կա, թե լրագրողն ինչպես պետք է իրեն դրսեւորի, ինչ պետք է անի կամ չանի: Ու եթե մինչեւ այժմ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել լրատվամիջոցի դիմումի հիման վրա, ապա ցանկանում են գերատեսչություններին, որոնք, ի դեպ, կազմակերպում ու իրականացնում են լրագրողների հավատարմագրում, նույն գործիքակազմից տալ»:
-Դուք լրագրողների հավատարմագրման մասով օրենք եք նախագծում. ինչո՞վ է հրատապ այդ օրինագիծը, որ որոշել եք լրագրողների գործիքակազմը ինչ-որ ձեւով կրճատել:
-Լրագրողների գործիքակազմի կրճատման մասին չէ խոսքը, այլ օրենքի կարգավորման բնույթի մասին է խոսքը: Տեղյակ եք, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ կետի 5-րդ հատվածով նշված է, որ հավատարմագրումից հնարավորություն է տրվում զրկելու այն դեպքում, երբ լրատվամիջոցն ինքն է դիմում ներկայացնում: Դա կարգավորման մի մասն է: Բնականաբար, այն պետական մարմինը, որն իրականացնում է հավատարմագրումը, ինքն էլ պետք է հնարավորություն ունենա ինչ-որ խախտումների դեպքում, որը նշված է տվյալ հավատարմագրման կարգում, նաեւ զրկի կամ տեղեկացնի լրատվամիջոցին, որ լրագրողին զրկում է հավատարմագրումից:
-Մեր մտավախությունն այն է, որ խոսքը, հնարավոր է, էթիկայի վերաբերյալ լինի: Այսինքն՝ պաշտոնյայի հետ շփման ժամանակ կամ որեւէ գերատեսչության հետ շփման ժամանակ տվյալ գերատեսչությունը որոշի, որ լրագրողն ինչ-ինչ էթիկայի նորմեր է խախտել, եւ զրկի հավատարմագրումից: Պարզ է, որ լրագրողների շահերից չի բխում…
-Հասկանալի է, բայց ես կարծում եմ, որ հենց բարեխիղճ լրագրողների շահերից է բխում այս նախագիծը: Դուք էլ չեք ուզենա, որ Ձեր շրջապատում տեղի ունենան լրագրողների կողմից կամ, հակառակը, պաշտոնյայի կողմից սադրվող խախտում: Էթիկայի խախտումները մեր հավատարմագրումների կարգի մեջ շատ հստակ են նշված:
-Կարո՞ղ է սա դառնալ գերատեսչությունների ձեռքին գործիք, որ այն լրագրողներին, որոնց հետ չեն ուզում առնչվել, զրկեն հավատարմագրումից:
-Եթե տվյալ խախտումներն արձանագրված են, հենց որոշակիությունը նշված է հավատարմագրման կարգում: Եթե նման խախտումներ տեղի չունենան, մահակի հնարավորությո՞ւն է լինելու: Սա օրենքի կարգավորում է, եւ Դուք տեղյակ եք, որ ցանկացած լրատվամիջոց եւ լրագրող հնարավորություն ունի անգամ դատական կարգով վերականգնել իր հավատարմագրումը, եթե խախտված են իր իրավունքները:
-Այսինքն՝ կա՞ն նախապես նշված այն դրույթներն ու այն կետերը, որոնք խախտելու դեպքում լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից:
-Դա մեր հավատարմագրման կարգում է նշված:
-Այսինքն՝ դրանից բացի, գերատեսչությունն իր քիմքին հաճելի որոշում չի կարող կայացնե՞լ:
-Իհարկե ոչ: Նման դեպքեր տեղի չեն էլ ունեցել այս ընթացքում: Ցանկացած պետական մարմին ինքն ունի հավատարմագրման կարգ: Կոնկրետ ԱԺ-ի հավատարմագրման կարգում հստակ նշված են, թե ինչ խախտումների դեպքում կարելի է լրագրողին զրկել հավատարմագրումից:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԱԺ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ՆԻՍՏԵՐԻՆ
Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու ԱԺ այս շաբաթվա նիստերին եւ քվեարկություններին. մեկնում են Արցախ։
Այս մասին Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նշելով, որ Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել՝ Օհանյանն ընդգծեց՝ իրենց համար սակարկելի չեն Հայաստանի անկախության հռչակագրում նշված դրույթները՝ տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը։ Նա նաեւ անընդունելի համարեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։
Մեղադրելով Հայաստանի իշխանություններին ներքին եւ արտաքին խնդիրները լուծելու անկարողության մեջ՝ Օհանյանը շեշտեց՝ ամեն ինչ ընթանում է ադրբեջանաթուրքական օրակարգով։ «Կա սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, վտանգված է Արցախը։ Այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակներում մեր ժողովրդին պատրաստում ենք նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:
«Մենք մեկնում ենք Արցախ եւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ մարզեր՝ որպես շարունակություն մեր հայրենակիցների հետ անմիջական շփման։ Լինելու ենք այնտեղ, որտեղ որ այսօր մեր երկրի առաջնահերթ օրակարգն է եւ, վերահաստատելով մեր դիրքորոշումը, Հայաստանի Հանրապետության դրոշի առկայությամբ տեղադրում ենք Արցախի Հանրապետության դրոշը։ Պահպանենք այս դրոշը, քանզի պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում ենք Հայաստանը»,-հայտարարեց Օհանյանը՝ Արցախի դրոշը ամրացնելով ԱԺ ամբիոնին։ Հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։
Արձագանքելով Օհանյանին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վաղարշակ Հակոբյանն ընդդիմադիրներին մեղադրեց իրավիճակին չտիրապետելու մեջ։ «Մարդիկ, ովքեր մինչեւ այժմ չեն հասկացել, որ Արցախի դրոշը ԱԺ ամբիոնից կախելով՝ նրանք Արցախը չեն պաշտպանում, մարդիկ, ովքեր մինչեւ այժմ չեն հասկացել, որ 20-30 տարի լինելով իշխանություն՝ չեն պատկերացրել, թե ինչպես պետք է պաշտպանել Արցախը, փորձում են էժանագին քաղաքական դիվիդենտներ ապահովել»,- ասաց իշխանական խմբակցության պատգամավորը:
Ն. Պ.
ԱԿԱՆԱՏԵՍԻ ԱՉՔԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Այս տարվա մարտի 22-ից գտնվում էի Արցախում, եւ երբ ադրբեջանական զինուժը հարձակվեց Փառուխ համայնքի վրա՝ բռնի օկուպացնելով այն, այդ օրը ներքեւի Խրամորթ համայնքում էինք։ Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինից խնդրել էի շտապ ընդունելություն, որպեսզի ականատեսի աչքերով ներկայացնեմ այն իրավիճակը, որն առկա է Արցախում։ Երեկ հանդիպեցի դեսպանին։ Մանրամասն քննարկեցինք Արցախի Հանրապետությունում առկա իրավիճակը, տեղեկացրի, որ Ադրբեջանը կիրառում է հրաձգային զինատեսակներ, նույնիսկ՝ ականանետեր, Արցախի խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ, թիրախավորում է գյուղացուն, որը գյուղատնտեսական աշխատանք է իրականացնում իր սեփական տան բակում, կրակում գյուղատնտեսական տեխնիկաների ուղղությամբ, որի հետեւանքով ունենք վիրավորներ, եւ որ այս ամենն համակարգվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նպատակ հետապնդելով զրկել Արցախի խաղաղ բնակչությանը իր հայրենիքում խաղաղ եւ անվտանգ ապրելու իրավունքից։
Փոխադարձ արձանագրեցինք այն կարեւոր իրողությունը, որ ադրբեջանական զինուժը ռուսական կողմի բանակցություններից հետո դուրս է եկել Փառուխ համայնքից, սակայն ընդգծեցի, որ ազերի զինվորները դեռ շարունակում են մնալ Քարագլխի լանջերում, եւ որ ադրբեջանական այդ սադրանքը առաջին հերթին ռուս խաղաղապահների դեմ է, ինչը ներվելու դեպքում ամեն պահի կարող է կրկնվել։ Խոսեցինք նաեւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցների իրավունքներից, որոնցից շատերը Հայաստան կամ երրորդ երկիր վերադառնալու ցանկություն ունեն։ Դեսպանի ուշադրությունը հրավիրեցի նաեւ Հայաստանի սահմաններում առկա իրավիճակի վրա. Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են օկուպացված պահել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի կոնկրետ հատվածներ»։