Եվրամիությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ շփումները. այս մասին գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Կարեւոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո. Եվրամիությունը աջակցում է անմիջական շփումներին եւ ներգրավվածությանը», – երեկոյան գրել է Կլաարը:
Իսկ Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը՝ որպես Եվրամիության խորհրդի նախագահ եւ Մինսկի խմբի համանախագահ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է երկրի Արտգործնախարարությունը՝ ի պատասխան Մինսկի խմբի ապագայի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշման մասին հարցին։ Որպես այդպիսին, Ֆրանսիան «շարունակում է աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ հումանիտար հարցերում առաջընթաց գրանցելու համար, եւ շարունակում է աջակցել սահմանազատմանը, տարածաշրջանի մեկուսացմանը վերջ դնելուն, ժառանգության պահպանմանը, երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանն ուղղված աշխատանքներին», – ասված է հաղորդագրությունում։ «Այդ նպատակով ս.թ. փետրվարի 4-ին հանրապետության նախագահի նախաձեռնությամբ տեսակոնֆերանսի միջոցով հանդիպում է կազմակերպվել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի հետ», – հիշեցնում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, որ տվյալ պահին աշխատանքային այցով Երեւանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը։ Անցած շաբաթ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում: Լավրովի խոսքով՝ Արեւմուտքը վեր է դասել Ռուսաստանի հետ տարաձայնությունները ղարաբաղյան խնդրի կարգավորումից։ Հայաստանի արտգործնախարարը, մինչդեռ, մոսկովյան ասուլիսում պնդել էր, թե չնայած դժվարին աշխարհքաղաքական իրադրությանը՝ եռանախագահության ձեւաչափը վերջնականապես իր ուժը չի կորցրել։ Միրզոյանը նաեւ կրկնել էր Երեւանի դիրքորոշումը, թե համանախագահությունը պետք է աջակցի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներին։ Շաբաթներ առաջ Երեւանն այս հարցով դիմել էր միջնորդներին, երեք երկրներից որեւէ մեկը, սակայն, դեռեւս այդ հարցին պաշտոնապես չի արձագանքել։ Միեւնույն ժամանակ ուշագրավ էին Մինսկի խմբի անդամ հանդիսացող ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի խոսքերը, որը հանդիպեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Արտգործնախարարությունից հայտնել էին, որ Միրզոյանն ու Ռոքֆոյը կարեւորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։
«Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ եւ մերձակա հատվածներ ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ ՀՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել էր Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները եւ Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված գործողությունները։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը»,- հաղորդում է ԱԳՆ-ն: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հերթին ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տեւական կարգավորման անհրաժեշտությունը: Համանախագահ Ռոքֆոյը եւս, ըստ ԱԽ գրասենյակի, շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի պահպանման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Հայաստանի եւ Արցախի շուրջ կրկին ակտիվացումներ են նկատվում, իսկ ՀՀ արտգործնախարար Միրզոյանը երեկ էլ խոսել է Ադրբեջանի ԱԳ Ջեյհուն Բայրամովի հետ։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է
Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ եւ Մինսկի խմբի համանախագահ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն: «Այդ կարգավիճակով Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որպեսզի առաջընթաց գրանցվի հումանիտար հարցերում, եւ շարունակում է աջակցել սահմանների սահմանազատման աշխատանքներին, տարածաշրջանի մեկուսացումը վերացնելու գործընթացին, ժառանգության պահպանմանը, երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը»,-ասված է հայտարարության մեջ։
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
CNN-ի թուրքական ծառայության կայքում հրապարակված «5 ուղղությամբ դիվանագիտություն» հոդվածում անդրադարձ է կատարվել Հայաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի ու Եգիպտոսի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի նախաձեռնություններին: Դրանում նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, որ այդ ուղղություններով քայլեր են ձեռնարկվել, եւ սպասվում են նոր զարգացումներ: Նա նշել է նաեւ, որ Պաղեստինը հանգիստ է վերաբերվում Թուրքիայի ու Իսրայելի շփումներին: Իսկ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ գործընթացը իրականացնում են Ադրբեջանի հետ համակարգմամբ:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ ԱԺ-ում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Գեւորգյանի խոսքով՝ ՀՀ-ին կտրամադրվի 116 միլիոն 400 հազար եվրոյի ֆինանսական օժանդակություն։ «Երկու հիմնական մասից է բաղկացած այս օժանդակությունը։ 70 միլիոն եվրո տրամադրվելու է փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը, 40 միլիոն տրամադրվելու է վերականգնվող էներգետիկայի ոլորտում զարգացման վարկերին։ Մեխանիզմը, որով կտրամադրվի այս օժանդակությունը, երկրի բանկային համակարգն է։ Գործում է հայ-գերմանական հիմնադրամ, որի միջոցով գումարները կտեղաբաշխվեն ՀՀ բանկային համակարգ»,- ասել է Գեւորգյանը։
ՀԱՍԱՆՈՎԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ Է
Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության պետ, կորպուսի գեներալ Ռաֆեթ Դալկիրանի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ժամանակ նշել է, որ շարունակվում են բարեփոխումները՝ ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: