136 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին տարեկան զեկույցի քննարկման շրջանակներում հանդես է եկել որպես հարակից զեկուցող: Փոխվարչապետը մասնավորապես նշել է. «Առիթ ունեցել եմ Ազգային ժողովի ամբիոնից խոսելու Արցախի վերականգման սոցիալ-տնտեսական ծրագրերի մասին, բայց կցանկանայի այսօր ավելի համապարփակ անդրադառնալ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախի սոցիալ-տնտեսական վերականգմանն ուղղված միջոցառումներին, որոնք իրականացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաեւ Արցախի կառավարության կողմից՝ Հայաստանի պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Արցախի կառավարությանը եւ Արցախի քաղաքացիներին աջակցելու, Արցախի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի կառավարության կողմից 2020 թվականի նոյեմբերից սկսած եւ 2021 թվականի ամբողջ ընթացքում իրականացվել են 2 տասնյակից ավելի միջոցառումներ, ինչպես նշվեց, 136 մլրդ դրամից ավելի ընդհանուր բյուջեով, որից շուրջ 120 մլրդ դրամը հատկացվել է 2021 թվականի ընթացքում:

Առաջին հերթին՝ Կառավարության որոշմամբ դեռեւս 2020 թվականի վերջիս պետությունը երաշխավորել է Արցախում արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց անվճար բժշկական օգնությունը եւ սպասարկումը:

2021 թվականի ողջ ընթացքում եւ մինչ օրս ապահովվել է անվճար ուղեւորափոխադրում Երեւան-Ստեփանակերտ երթուղով, որի համար միայն 2021 թվականի ընթացքում հատկացվել է շուրջ 175 մլն դրամ: 2021 թվականի ընթացքում իրականացվել է շուրջ 590 ուղերթ, որից օգտվել է ավելի քան 25 000 մարդ: Հայաստանի կառավարությանը 2020 թվականի նոյեմբերին միանվագ 68 հազ. դրամի չափով աջակցություն է տրամադրել Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված անձանց եւ հավելյալ 15 հազ. դրամ՝ Հայաստանում անշարժ գույք չունենալու պարագայում: Միջոցառման բյուջեն կազմել է շուրջ 7,3 մլրդ դրամ, միջոցառումից փաստացի օգտվել են շուրջ 100 000 մեր հայրենակիցներ:

Աջակցություն է տրամադրվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ տրամադրվել է 300 հազ. դրամ: Այս ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 10,6 մլրդ դրամ, շահառուների թիվը ՝ 35 000-ից ավելի: Զուգահեռ աջակցություն է տրամադրվել հրետակոծության հետեւանքով Արցախում բնակարանը կամ տունը ավերված կամ կորցրած ընտանիքներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ տրամադրվել է 250 հազ. դրամ գումար: Այս ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 1,3 մլրդ դրամ, շահառուների թիվը՝ 5 388 անձ:

Երկու միջոցառում է իրականացվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալած եւ Արցախում հրետակոծության հետեւանքով բնակարանը կամ տունը կորցրած անձանց հյուրընկալած ընտանիքներին օժանդակելու նպատակով: Հայաստանում յուրաքանչյուր հյուրընկալված չափահաս անձի համար տրամադրվել է 30 հազ. դրամ, Արցախում՝ 45 հազ. դրամ։ Միջոցառման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 2,9 մլրդ դրամ:

Եվս մեկ միջոցառման ներքո աջակցություն է տրամադրվել Հայաստանում արցախցի մեր հայրենակիցներին հյուընկալած հյուրատներին, յուրաքանչյուր չափահաս անձի համար՝ 30 հազ. դրամ հաշվարկով: Մեկ այլ միջոցառման շրջանակներում ամանորյա միանվագ աջակցություն է տրամադրվել Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին, յուրաքանչյուրին՝ 20 հազ. դրամի չափով: Ծրագրի բյուջեն կազմել է շուրջ 280 մլն դրամ, որպես շահառու ընդգրկվել են նախադպրոցական տարիքի բոլոր երեխաները:

Արցախի կառավարությանը որպես նվիրաբերություն 2021 թվականի ապրիլին տրամադրվել է շուրջ 4,1 մլրդ դրամ գումարի չափով աջակցություն, որն ուղղվել է Արցախի ամբողջ բնակչության կողմից սպառված գազի եւ էլեկտրաէներգիայի, կապի ծախսերի, ինչպես նաեւ ոչ պետական կազմակերպությունների վարձու աշխատողների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների մասով վճարված եկամտային հարկի վերադարձի ֆինանսավորմանը»:

 

 

 

ԱՄՆ-ԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԿԻԵՎԻՆ

ԱՄՆ իշխանությունները շուտով կհայտարարեն Ուկրաինային հարյուր միլիոնավոր դոլարների նոր ռազմական օգնություն հատկացնելու մասին։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուր։ Նշվում է, որ օգնության վերջնական ծավալը դեռ որոշված չէ, բայց այն կկազմի մոտ 700 մլն դոլար։ Եթե ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության այս փաթեթը հաստատվի, ապա կստացվի, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք Կիեւին ընդհանուր առմամբ տրամադրվել է ավելի քան 3 միլիարդ դոլար։ Դրանից գրեթե 2,5 միլիարդ դոլարը հատկացվել է Կիեւին ռուսական ներխուժման մեկնարկից հետո։

 

Նաեւ, ըստ CNN-ի, Պենտագոնը պատրաստվում է չորեքշաբթի անցկացնել զենք արտադրող ութ խոշոր ընկերությունների հանդիպում՝ քննարկելու արդյունաբերության՝ Ուկրաինային աջակցելու կարողությունը, «եթե պատերազմը շարունակվի մի քանի տարի»: Ընկերությունների թվում կլինեն General Dynamics-ը, Lockheed Martin-ը եւ այլք։ Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական եւ անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։ Ի պատասխան՝ Արեւմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր՝ ներառյալ «Սբերբանկ»-ը եւ ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան եւ մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

 

 

 

ԱԼԻԵՎԸ ԱՆՎԱՎԵՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ կրկին տարբեր հայտարարություններով է հանդես եկել ու  հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի կարելի է համարել անվավեր: «Հակամարտությունը կարգավորելու համար Մինսկի խմբին տրված մանդատը թեեւ դե յուրե ուժի մեջ է, բայց դե ֆակտո այն կարելի է համարել անվավեր»,-ասել է Ալիեւը։ Նա իր խոսքում նաեւ հիշեցրել է, որ գործունեության 28 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը ներկայացնող համանախագահները հարյուրավոր անգամ այցելել են Հայաստան եւ Ադրբեջան, սակայն արդյունքը զրո է: Ալիեւի խոսքով` պատերազմից ավելի քան մեկ տարի անց ԵԱՀԿ Մինսկի խմբից որեւէ առաջարկ չի ստացվել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարել էր, թե Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում: Այս հայտարարությունից երկու օր անց Հայաստան ժամանեց Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը, ապա Ֆրանսիան վերահաստատեց իր լիակատար հանձնառությունը Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը։ ԱՄՆ-ն եւս հայտարարել է` պատրաստ է ներգրավվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին երկկողմ ձեւաչափով եւ նույն կերպ մտածող գործընկերների հետ:

 

 

ԿՁԵՎԱՎՈՐԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ Բելառուսն ու Ռուսաստանը կձեւավորեն երկու անկախ պետությունների միասնություն։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է Վլադիվոստոկում Պրիմորսկի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոյի հետ հանդիպմանը. հայտնում է ԲելՏԱ-ն։ Բելառուսի նախագահը նշել է, որ պատիվ է ունեցել այցելելու «մեր ընդհանուր հայրենիքի» եզրը։ «Մենք միշտ ասում ենք՝ Բրեստից մինչեւ Վլադիվոստոկ մեր ընդհանուր հայրենիքն է, որի վրա այսօր գոյություն ունեն երկու անկախ պետություններ եւ ցույց են տալիս այդ միասնությունը կառուցելու հնարավորությունները», – ընդգծել է Բելառուսի ղեկավարը։ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ երբեմն մտավախություններ են եղել առ այն, որ Բելառուսը կընդգրկվի Ռուսաստանի կազմում։ «Ես ասում եմ՝ Պուտինն ու ես այնքան հիմար չենք, որ գործենք հին մեթոդներով։ Մենք, ասում եմ, երկու անկախ պետությունների այնպիսի միասնություն ենք կառուցելու, որ մեզնից սովորեն։ Սովորելու են՝ ինչպես հաղթահարել պատժամիջոցները, եւ այսպես շարունակ»,- վստահություն է հայտնել Բելառուսի նախագահը։

 




Լրահոս