«Առաջին անգամը չէ, որ մենք Հայաստանում ենք, 2018-ին էլ ենք եղել, անցկացրել ենք համաժողով եւ համոզվեցինք, որ Երեւանի ու ամբողջ Հայաստանի բնակչությունը այնքան էլ չի հասկանում էներգամատակարարման հետ կապված ստեղծված իրավիճակը: Իսկ Աստված չանի, որ այն կրկնվի, երբ կանգնեցվեց ատոմակայանը»,- երեկ «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց «Ատոմային էներգետիկայի եւ արդյունաբերության վետերանների միջազգային միություն» կազմակերպության նախագահի տեղակալ Վիտալի Լեբեդենկոն: Նրա խոսքով՝ Հայաստանում շատերը մոռացել են, թե ատոմակայանի փակմամբ էլեկտրաէներգիայի ինչպիսի սուր պակասորդ էր: Ասուլիսին ներկա մասնագետները նշեցին, որ Մեծամորում մեկնարկել է Ատոմային էներգիայի եւ արդյունաբերության վետերանների միջազգային միության կողմից հայ գործընկերների հետ համատեղ կազմակերպված միջազգային համաժողովը: Նրանց խոսքով՝ գազն ու նավթը թանկանում են, աշխարհը կանգնած է էներգետիկ ճգնաժամի առաջ, եւ այլընտրանքային էներգակիր է խաղաղ ատոմը: Վիտալի Լեբեդենկոն ասաց՝ չնայած էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է, բայց մինչ նոր էներգաբլոկի նախագծումն ու կառուցումը կարող են էներգետիկ խնդիրներ առաջանալ:
Նրա կարծիքով՝ էներգետիկ նոր հզորություն ունենալով, Հայաստանը նույնիսկ կարող է էլեկտրաէներգիա արտահանող երկիր դառնալ մոտակա հարեւան տարածաշրջան: Հարցին՝ աշխարհում գազը, նավթը եւ մյուս էներգակիրները թանկացել են, հնարավո՞ր է մյուս երկրներն էլ ատոմակայան բացեն, ինչպես ժամանակին արեց Հայաստանը, Վիտալի Լեբեդենկոն պատասխանեց. «Գերմանիան հիմա ապրում է էներգետիկ սով, այնտեղ շատ թանկացել է գազը, էլեկտրաէներգիան, կրիտիկական ժամանակները կարող են վերադառնալ, բայց դա այդ երկրի խնդիրն է, մենք այսօր քննարկում ենք Հայաստանի առջեւ կանգնած խնդիրները»: Դիտարկմանն ի պատասխան, թե էներգաբլոկի վերազինումից հետո հայտարարել էին, որ այն կարող է շահագործվել մինչեւ 2026 թվականը, սակայն հիմա էլ խոսակցություններ կան, որ հնարավոր է եւս 10 տարով էլ շահագործման ժամկետը երկարաձգել, Վիտալի Լեբեդենկոն ասաց՝ այդ հարցը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն՝ գիտական տեխնիկական ու տեխնոլոգիական. «Դա չպետք է թուլանալու առիթ տա, իրավիճակը պարզ չէ, եւ այդ հարցին այսօր պատասխանել չենք կարող՝ կարելի՞ է երկարաձգել, թե՞ չի կարելի: Հիմա ՀՀ-ն աշխատում է 5 տարով երկարաձգել էներգաբլոկի աշխատանքները, եւ վետերանների միությունն ամեն ինչ անում է, որ աջակցի այդ նախագծին»: Հայաստանի վետերանների կազմակերպության նախագահ, 1993-2002 թվականներին Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը պարզաբանեց. «Որպեսզի եւս տասը տարով երկարաձգվի, պետք է հասկանալ՝ ինչ ռեսուրսներ ունենք: Էներգաբլոկի ժամկետի հաջորդ երկարաձգումը կախված կլինի նախորդների արդյունքից: Ատոմային կայանում կան սարքավորումներ, որոնք կարող ենք փոխել, բայց կան նաեւ շատ լուրջ սարքավորումներ՝ ռեակտոր, ճնշման կոնդենսատոր եւ այլն, որոնք մենք չենք կարող փոխել եւ դրանով էլ պետք է կողմնորոշվենք՝ ինչ ռեսուրս ունենք»: Սուրեն Ազատյանի խոսքով՝ դրանով էլ պայմանավորված կլինի ժամկետի՝ եւս տասը տարով երկարաձգելու հարցը: Նրա խոսքով՝ ատոմային կայանում ամենափոքր դետալն էլ փոխելիս հաշվի են առնվում անվտանգային խնդիրները. «Երբ փորձում էինք կրկին շահագործել էներգաբլոկը, ամբողջ աշխարհը մանրադիտակով հետեւում էր, բայց արդեն 25-26 տարի է՝ այն գործում է»: Նոր էլեկտրակայանի համար կպահանջվի 5 միլիարդ դոլար, Հայաստանը կարո՞ղ է գտնել այդքան փող, որպեսզի կառուցի. այս հարցին ի պատասխան՝ «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանն ասաց՝ այդ գումարը գտնելը հեշտ չէ, բայց քանի որ ունենք մեծ սփյուռք, եւ մեր հայրենակիցներն էլ հետաքրքրված են, որպեսզի Հայաստանը երբեք չտեսնի էներգետիկ սով, պետք է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ միջոցների համախմբում անել ու ներդրումներ կատարել նոր էներգաբլոկի կառուցման հարցում: Նրա խոսքով՝ վետերանների միությունն էլ մեծ փորձ ունի եւ կարող է աջակցել նոր կայանը կառուցելիս: «Մեզ պետք է, որքան հնարավոր է շուտ, կառուցել նոր ատոմակայանը: Պետք է ամեն ինչ անել, որ մեր սերունդներին թողնենք էներգետիկ առումով զարգացած երկիր»,-ասաց պարոն Սաֆարյանը՝ հորդորելով հասարակությանը պատրաստվել այդպիսի մեծ նախագծերի իրագործմանը:
ԲԱԶՄԱԹԻՎ ՎՆԱՍՆԵՐ՝ ՔԱՄՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Նախօրեին՝ ժամը 10։26-ից 20։48-ն ընկած ժամանակահատվածում, ահազանգեր են ստացվել, որ քամու հետեւանքով ՀՀ մարզերում եւ Երեւանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր եւ գովազդային վահանակներ.
մասնավորապես Երեւանի Ավան, Արաբկիր, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջաններում, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում, Բաղաբուրջ գյուղում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, Ամբերդ, Նորակերտ, Արարատի մարզի Նարեկ, գյուղերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք քաղաքներում, Արփի, Չիվա, Սերս, Շատին, Զեդեա, Մալիշկա գյուղերում, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Գետամեջ, Մայակովսկի, Քանաքեռավան, Զովունի, Վերին Պտղնի եւ Նոր Գեղի գյուղերում։ Դեպքի վայր են մեկնել փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ եւ օպերատիվ խմբեր։ Ապրիլի 12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղու թիվ 50/8 հասցեի մոտակայքում ուժեղ քամու հետեւանքով ծառը ընկել է ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։ Պարզվել է, որ ծառը ընկել է «ՀԿԽԸ Գրացիա միջազգային վերականգնողական կենտրոն» ՍՊԸ-ի պարսպի վրա եւ «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաների վրա. վերջինները նույնպես վնասվել են։ Փրկարարները ծառը հեռացրել են տարածքից։ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետեւանքով Նարեկ գյուղի տներից մեկի բակում գտնվող սառնատան տանիքը ընկել է էլեկտրական սյան եւ գազի խողովակի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ ուժեղ քամու հետեւանքով ընկել են սառնատան (մոտ 160 քմ) տանիքի երկաթե կառուցատարրերը եւ թիթեղյա ծածկը էլեկտրական սյան եւ գազի խողովակի վրա: Փրկարարները ապամոնտաժել են էլեկտրական սյան եւ գազի խողովակի վրա ընկած կառուցատարրերը: Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող «Գետամեջ» թռչնաֆաբրիկայի տանիքի մի մասը ուժեղ քամու հետեւանքով վնասվել եւ ընկել է: Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի փայտե կառուցատարրերը եւ թիթեղները (մոտ 100 քմ):
ԱՀԿ-Ն ՀԱՅՏՆԵԼ Է COVID-19-Ի ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ
Անցած շաբաթ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 7 մլն դեպք, ավելի քան 22 հազար մարդ մահացել է։ Մահվան դեպքերի թիվը նվազել է 18 տոկոսով՝ նախորդ յոթ օրերի համեմատ, իսկ վարակման դեպքերի թիվը՝ 24 տոկոսով. չորեքշաբթի գիշեր տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Ինչպես նշվել է նրա ամենշաբաթյա տեղեկագրում, «ապրիլի 4-10-ը COVID-19-ի նոր դեպքերի եւ մահերի թիվը շարունակում էր նվազել երրորդ շաբաթն անընդմեջ»։ Նախորդ շաբաթվա համեմատ՝ այդ նվազումը կազմել է 24 եւ 18 տոկոս համապատասխանաբար. ԱՀԿ-ում տեղեկություններ են ստացվել 7 221 651 մարդու վարակման եւ 22 336 մահվան դեպքերի մասին։ Նախորդ շաբաթվա (մարտի 28-ապրիլի 3) համեմատ՝ նվազում գրանցվել է ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջաններում։ Դա հատկապես նկատելի է եղել Եվրոպայում (-26 տոկոս), Ամերիկայում (-26 տոկոս) եւ Աֆրիկայում (-17 տոկոս)։ Բոլոր տարածաշրջաններում գրանցվել է նաեւ մահացության նվազում, ընդ որում՝ դա հատկապես նկատելի է Աֆրիկայում (-73 տոկոս) եւ Արեւմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (-21 տոկոս)։ Կորեայի Հանրապետությունը տեղեկացրել է մեկ շաբաթում վարակվածների ամենամեծ թվի մասին՝ 1 459 454։ Հաջորդում են Գերմանիան (1 019 649), Ֆրանսիան (927 073), Վիետնամը (453 647) եւ Իտալիան (447 322)։ ԱՄՆ-ում յոթ օրում գրանցվել են ամենից շատ մահացության դեպքերը՝ 3 682։ Հաջորդում են Կորեայի Հանրապետությունը (2 186), Ռուսաստանը (2 008), Գերմանիան (1 686) եւ Բրազիլիան (1 120). նշվել է ԱՀԿ-ի տեղեկագրում։ ԱՀԿ-ն տեղեկություններ է ստացել 497 960 492 վարակվածի եւ 6 181 850 մահացածի մասին։ Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 736 460-ով, մահվան դեպքերինը՝ 1 986-ով։
ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ
Երեւանում ապրիլի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում ապրիլի 15-16-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Ապրիլի 14-ին, 15-16-ի գիշերը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան, 3-6 մ/վրկ, 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը կնվազի 10-13 աստիճանով, 14-17-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։