ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇՈՒՇԻԻ ՀԱՄԱՐ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեռ 1996 թվականից Շուշիի հարցը եղել է բանակցությունների սեղանին»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ որեւէ կարգավորում չէր լինելու մինչեւ Շուշիի հարցը չլուծվեր։ Պատերազմը, վարչապետի խոսքով, Շուշիի համար է եղել։

 

«Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին։ Չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու, եւ ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելու էր։ Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչ մի բան չկար, դա հետո պիտի քննարկվեր։ Եվ էս փուլայինին հետո մի հատ էլ փուլ է ավելացել. անվտանգության խորհրդի նիստում պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կամ ընթացիկ կարգավիճակը», –  խորհրդարանում ելույթի ժամանակ նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Եթե հանձներ 7 շրջանները, գուցե կփրկեր հազարավոր կյանքել, իսկ «չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձավ»։ Անդրադառնալով այս հայտարարությանը հաջորդած քննադատություններին, թե ինչու չկանխեցին կամ չկանգնեցրեցին պատերազմը, Փաշինյանը հայտարարեց. «Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել»։

«Եվ մեր տղաները, ովքեր ընկել են, փառք նրանց, նրանք կանգնել են էս իրավունքի համար, Ղարաբաղը չհանձնելու հանարավորության համար։ Էն, ինչ որ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է, որովհետեւ եթե մենք այլ ճանապարհով գնանք, Ղարաբաղը հանձնելու ենք (Փառուխի դեպքերը ձեզ օրինակ) կտոր-կտոր», – ասաց գործադիրի ղեկավարը։

Հայաստանի վարչապետը նկատեց՝ եթե Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչեւ վերջ տանեին, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեին։

Կառավարության ղեկավարը խոստովանեց՝ մեղավոր է, որ հանրության առաջ չի կանգնել ու չի բարձրաձայնել, որ միջազգային հանրությունը ակնկալում է Ադրբեջանին հանձնել 7 հայտնի շրջանները եւ իջեցնել Արցախի կարգավիճակի համար սահմանած նշաձողը։

«Մեղավոր եմ, որ 2018-ին 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու եւ մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։ Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք։ Ակնկալում է, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման ու կառավարման հարցերում։ Մեղավոր եմ, որ հստակ եւ աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող, մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար, եւ միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի։ Այս ամենը ես պարտավոր էի մանրամասնորեն ներկայացնել մեր ժողովրդին, եւ սա չանելն է իմ իրական մեղքը, – ասաց Փաշինյանը՝ շարունակելով: – Հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքել, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»։

«Որովհետեւ եթե նույնիսկ պետք է տեղի ունենար հանրաքվե, հանրաքվեն պետք է տեղի ունենար կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում։ Իսկ Ադրբեջանն ասում էր՝ «առնվազն առաջիկա 50 տարում հնարաքվե չի լինելու, թող ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ, իրար հետ կապրեն 50 -100 տարի կողք-կողքի, ադրբեջանական բնակավայրերը կբնակեցվեն, 50 տարուց, 100 տարուց հետո մենք կնայենք։ Որեւէ այլ պայմանի մենք համաձայն չենք», – ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ 98-ի փաթեթափուլային փաթեթով հայությունը զրկվել էր տարածությունից։ Նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով, նրա խոսքով, Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից։

«Ճանապարհ ենք բացում, ներողություն, մեր ժողովրդին մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք։ Երեկվա ելույթով տարածություն, ճանապարհ ենք բացում Հայաստանի եւ Արցախի համար, Հայաստանի եւ Արցախի համար ճանապարհ ենք բացում՝ պետականությունը պահելու, – ասաց Փաշինյանը՝ շարունակելով: – Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետեւ մենք երկիր ենք, մենք ախոռ չենք, մենք երկիր ենք, մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց եւ ինչքան մեզ մորթեն եւ ներեն։ Մենք պետություն ենք, ազգ ենք, ինքնիշխան ենք։ Այո՛, մենք հպարտ ենք, արնածոր ենք, բայց մենք ունենք ինքնասիրություն եւ թույլ չենք տա որոշելու մեր իրավունքը խլել մեզնից»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԶԱԽԱՐՈՎԱՆ ԽՈՍԵԼ Է

Հայ-ադրբեջանական կարգավորման հիմքում պետք է լինեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների միջեւ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները. այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական կարգավորման հիմքում պետք է լինեն Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի առաջնորդների՝ 2020թ. վերջին եւ 2021թ. ընթացքում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները»,- ասել է նա։ Զախարովան նաեւ հիշեցրել է, որ Պուտինը Փաշինյանի եւ Ալիեւի հետ քննարկել է այդ պայմանավորվածությունների իրականացման հետ կապված հարցերի ողջ շրջանակը, դա քննարկվել է նաեւ երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում։ Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ խաղաղության պայմանագրի հետ առնչվող հարցեր:

 

 

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ՝ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ՌԴ-ի եւ Բելառուսի դեմ Արեւմուտքի կողմից սահմանված իր չափերով աննախադեպ պատժամիջոցներն ազդել են Եվրասիական տնտեսական միության երկրների վրա, «հնգյակը» աշխատում Է հետեւանքների համահարթման վրա. այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ-ի երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը: «Անպայմանորեն վերջին ամիսներին Ռուսաստանի եւ Բելառուսի նկատմամբ Արեւմուտքի կողմից սահմանված իր չափերով աննախադեպ միակողմանի անօրինական սահմանափակիչ միջոցները չեն կարողացել չազդել ԵԱՏՄ-ի անդամ պետությունների վրա՝ նկատի ունենալով տնտեսությունների խորը փոխկապվածությունը միասնական շուկայի շրջանակներում»,-հայտարարել Է դիվանագետը: «Հնգյակի» հիմնական ուշադրությունը հատկացվում Է արեւմտյան պատժամիջոցների բացասական հետեւանքների համահարթման միջոցներին, անհրաժեշտ ապրանքներով ԵԱՏՄ-ի շուկայի ապահովմանը: Այդ առումով առավել մեծ Էֆեկտն ունի ներմուծման փոխարինման քաղաքականությունը»,- ընդգծել Է Եվդոկիմովը: Արեւմտյան երկրները բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի պատճառով:

 

 

ԿԽՈՍԻ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ

Էրդողանը հույս ունի առաջիկա օրերին հեռախոսով բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։ «Այո, այդպիսի պլաններ կան»,- ասել է նա։ Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան եւ Ռուսաստանը շարունակում են սերտ կապեր պահպանել։ «Ես նաեւ նախատեսում եմ բանակցություններ վարել գործընկերոջս՝ [ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի] հետ, երկու երկրների պաշտպանության նախարարները նույնպես կապ են պահպանում»,- ավելացրել է նա։

 

 

ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ԶՈՀՎԱԾԻ ՔԱՐՏՈՎ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Հայկազի Հակոբյանին մեղադրանք է առաջարդվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին մինչ դեկտեմբերի 21-ը գտնվելով արձակուրդում, նախապես իր մոտ ունենալով ԱՀ ՊԲ 49971 զորամասի ժամկետային զինծառայող, պատերազմական գործողությունների ժամանակ զոհված Պարգեւ Կարենի Տերոյանին պատկանող «Արցախբանկ» ՓԲ եւ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունների բանկային քարտերը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։25-ին, Արմավիր քաղաքի Հանրապետության 3 հասցեում տեղակայված, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող, պահեստարան հանդիսացող բանկոմատ ապօրինի մուտք գործելով՝ կանխիկացման եղանակով «Արցախբանկ» ՓԲ ընկերության բանկային քարտի միջոցով գաղտնի հափշտակել է զգալի չափի՝ 88?000 ՀՀ դրամ գումար։ Այնուհետեւ Արմեն Հակոբյանը հանցավոր մտադրությունը շարունակելու նպատակով նույն օրը՝ ժամը 14։26-ին, Պ. Տերոյանի՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 5450570002308712 բանկային քարտը մտցրել է Արմավիր քաղաքի Հանրապետության 3 հասցեում տեղակայված «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող, պահեստարան հանդիսացող նույն բանկոմատի մեջ, սակայն կանխիկացում չի կատարել քարտի գաղտնաբառը երեք անգամ սխալ մուտքագրելու պատճառով։ Այսինքն՝ Արմեն Հայկազի Հակոբյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ԳՈՐԾՈՎ

Մարտի 31-ին Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել արտակարգ իրավիճակների նախարարին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ. ստացել է խոշոր չափերով կաշառք: Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են հրազեն ու ռազմամթերք: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ. Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար: Եվ, ահա, կալանավորված անձանց մեջ է Արտակարգ իրավիճակների նախարարության պահեստի պատասխանատու Վիգեն Մկրտչյանը, որը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Իսկ ի՞նչ է պատմում վերջինիս պաշտպան Պավել Գյուլումյանը: Պարզվում է՝ արտերկրից մի բարերար նախարարությանը մեքենա է նվիրել, եւ այն Հայաստան տեղափոխելիս խնդիներ են առաջացել:




Լրահոս