Երեկ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ եւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսը հսկվել է Օպերայի շենքի տանիքից: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ են հայտնվել լուսանկարներ, ինչից երեւում է, որ Օպերայի շենքի տանիքում կանգնած մի քանի տղամարդ հետեւում են Վանեցյանի ասուլիսին ու, ըստ երեւույթին, տեսանկարահանում այն: Թե ովքեր են այդ մարդիկ, միայն ենթադրել կարելի է: Պարզ է, սակայն, որ նրանք եթե Վանեցյանի համախոհները, առավելեւս՝ լրագրողներ լինեին, այդտեղ չէին բարձրանա. ո՛չ լրագրողները, ո՛չ էլ ասուլիսով հետաքրքրված անձինք Վանեցյանին տանիքից տեսնելու ու նկարելու շարժառիթ հաստատ չէին ունենա։ Օպերայի տանիք հետաքրքրասեր այդ մարդկանց ըստ երեւույթին իշխանությունն էր գործուղել՝ հաշվելու հավաքվածներին ու վերեւից տեսնելու, թե հրապարակում ինչ է կատարվում։ Թե ում թուլտվությամբ էին այդ մարդիկ Օպերայի տանիք բարաձրացել (ոչ բոլորին է հասանելի այդ տարածքը), մեզ պարզել չհաջողվեց։ Չկարողացանք ճշտել նաեւ, թե ասուլիսին վերեւից հետեւողներին զենք ամրակցված եղել է, թե ոչ։ Շենքերի տանիքներում, որպես կանոն, դիպուկահարներն են կանգնում՝ հետեւելու իշխանության պաշտոնյաներին, իսկ Վանեցյանը, հիշեցնենք, ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավար է։
ԿԳՄՍ նախարարությունը «հետողորմյա» է անում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի բոլոր «հեղափոխական» համարվող կետերը։ Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի մի շարք կետեր ճանաչել էր Սահմանադրությանը հակասող: Եվ, ահա, 2021թ. հոկտեմբերի 25-ին ԿԳՄՍՆ-ն իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում հանրային քննարկման ներկայացրեց օերնքի «խմբագրված» տարբերակը, սակայն այս անգամ ունքն ուղղելու տեղը աչքն էլ հանեցին: Մասնավորապես, բուհի կառավարման խորհրդին իրավունք է վերապահված ընտրելու ռեկտորի մինչեւ երեք թեկնածու եւ ներկայացնելու նախարարի հրամանագրմանը: Թե ինչ չափանիշներով է նախարարը ընտրելու ռեկտորի միակ թեկնածուին, օրենքը չի հստակեցնում: Արդյունքում ռեկտորները նշանակվելու են բացառապես ԿԳՄՍ նախարարի «ճաշակով»: Ավելին՝ ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ օրենքում փոփոխություններ են կատարվել նաեւ հանրային քննարկման ներկայացվելուց հետո: Մասնավորապես, կառավարման խորհուրդներում քաղաքական դեմքեր եւ պաշտոնյաներ ներգրավելու արգելքը եւս հանվել է: Հիշեցնենք, որ այս կառավարությունը ապաքաղաքական կառավարման խորհուրդներ ունենալու բուհերի կարողությունը համարում էր սույն օրենքի «հեղափոխություններից» մեկը: «Հեղափոխական» էին համարվում նաեւ բուհի կողմից կատարվող գնումների սեփական ընթացակարգը մշակելու ու հաստատելու, իրեն տրամադրված գույքի եւ այդ գույքի վարձակալությունից ստացված եկամուտները տնօրինելու իրավունքները: Սակայն այս կարեւոր եւ բուհերի ինքնավարության մեծացմանը նպաստող դրույթները եւս ԿԳՄՍՆ-ն «հետողորմյա» է արել: Ստացվում է որ հեղափոխությունը, ինչպես մեր երկրի բոլոր ոլորտներում, կրթության ոլորտում եւս ֆիասկո ապրեց:
ՀՀ քաղաքական իշխանությունը չի ցանկանում անմասն մնալ Վճռաբեկ դատարանի պալատների ձեւավորման գործընթացից, այլ, ճիշտ հակառակը, այդ գործընթացից փաստացի դուրս է թողնում պետական լիազոր մարմնին՝ ԲԴԽ-ին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի պալատներում պաշտոնավարելու համար իշխանության համար ցանկալի թեկնածուներ ընտրելու «պատասխանատու» գործը վստահվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց «խորհրդատվություն» տալու մեծ փորձ ունեցող Աննա Վարդապետյանին: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկումներին երբեմն մասնակցում է նաեւ ԲԴԽ ներկայիս ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը, սակայն վերջնական խոսքը նրան չի պատկանելու: Վճռաբեկ դատարանի վարչական պալատի ամենահավանական թեկնածուն Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանն է, ում համար պայքարում է արդարադատության նախարարը: Մկոյանը հանդիսանում է արդարադատության նախարարի կնոջ մտերիմ ընկերուհին եւ նրանց միջեւ կան քավորսանիկական հարաբերություններ: Մյուս թեկնածուն Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Լիաննա Հակոբյանն է, ում նախընտրում է ՔՊ-ի՝ դրամաշնորհներ ստացած թեւը, ուստի վերջինս նույնպես անպայման հայտնվելու է Ազգային Ժողովում: Լիանա Հակոբյանը նույնպես իր աշխատանքային վերելքի համար պարտական է «նախկիններին», մասնավորապես՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին: Այլ թեկնածուներ եւս կան. ամեն դեպքում, իրերի դասավորությունը մեծապես կախված է լինելու նրանից, թե նշված թեկնածուներից կոնկրետ ում վրա է կանգնելու իշխանությունների ընտրությունը, որի դեպքում մյուս թեկնածուներին «խորհուրդ է տրվելու» դիմումներ չներկայացնել ԲԴԽ:
Պետական համակարգում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում: Բացի այս, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կկատարվի, ըստ որի՝ պաշտոնաթող վարչապետներին ՀՀ տարածքում կտրամադրվի անձնական պետական պահպանություն՝ 10 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել Կառավարության սահմանած կարգով: ՀՀ պաշտոնաթող նախագահներին ՀՀ տարածքում կտրամադրվի անձնական պետական պահպանություն՝ 7 տարի ժամկետով: Բացի այս, պաշտոնաթող վարչապետին կտրամադրվի ավտոտրանսպորտ եւ, իր ցանկությամբ, կահավորված գրասենյակ: Գրասենյակի գործունեության ապահովման համար կտրամադրվի ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր, ֆինանսավորումն էլ կիրականացվի Կառավարության սահմանած կարգով: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնաթող վարչապետի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տեւողությամբ այցի ծախսերը կհատուցվեն պետական բյուջեի միջոցների հաշվին: Նաեւ պաշտոնաթող վարչապետի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, կնշանակվի հատուկ կենսաթոշակ` վարչապետի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով: Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն իր հեռանալուց առաջ երաշխիքներ է ստեղծում հենց իր համար: