ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն սկսել է հանրակրթության դպրոցի տնօրենների վերապատրաստման, հավաստագրման գործընթաց, որը ենթադրում է նոր բաղադրիչ. այս տարի հավաստագրման գործընթացի նոր բաղադրիչը նոր հարցաշարերն են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ վերջին շրջանում, բարեփոխումներով պայմանավորված, բազմաթիվ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին, հետեւաբար հարցաշարը փոփոխելու անհրաժեշտություն կար: «Հարցաշարը բաղկացած է 616 հարցից: Հարցաշարի հիման վրա արդեն վերապատրաստող կազմակերպությունները կներկայացնեն իրենց ծրագրերը, կդիմեն նախարարությանը՝ երաշխավորում ստանալու համար: Այնուհետեւ, ըստ ժամանակացույցի, կիրականացվի տնօրենների հավակնորդների վերապատրաստման գործընթացը: Դրանից հետո նոր կսկսվի բուն հավաստագրման գործընթացը: Այս տարի այն լինելու է եւ՛ թեստավորման, եւ՛ հարցազրույցի միջոցով: Հաջորդ տարվանից լինելու է միայն թեստավորումը: Հարցազրույցի բաղադրիչը դուրս է գալիս: Այս դրույթն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից»,-ասել է Ա. Բաղդասարյանը:

 

Այս պահին դժվար է ասել, թե քանի անձ կվերապատրաստվի հավաստագրում ստանալու համար: Դա պարզ կլինի նախնական հայտերն ունենալուց հետո: Նախորդ տարվա տվյալների համաձայն՝ վերապատրաստում իրականացրել է 20 կազմակերպություն, վերապատրաստվել է 460 անձ, հավաստագրման գործընթացին մասնակցել է 545-ը: Թվային տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերապատրաստման վկայականը մեկ տարի ուժի մեջ է: Հետեւաբար, վերապատրաստված անձն այդ մեկ տարվա ընթացքում կարող է հերթական հավաստագրման գործընթացին մասնակցել: Հավաստագրում ստացել էր մասնակցածների 70 տոկոսը: Գործող կարգավորմամբ՝ այն անձինք, որոնք ուզում են տնօրեն դառնալ կամ վերընտրվել, պետք է նորից դիմեն, հավաստագիր ստանան, որ կարողանան մասնակցել տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին: Նոր կարգավորումների համաձայն՝ գործող տնօրեններն այլեւս հավաստագրման գործընթաց չեն անցնելու: Հավաստագրում միայն անցնելու են առաջին անգամ տնօրեն դառնալ ցանկացողները: Փոխարենը՝ այն տնօրենները, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է, իրենք պետք է ատեստավորման գործընթաց անցնեն, որի հիմքում դրված է լինելու իրենց կողմից ներկայացված զարգացման ծրագրի կատարողականը:

«Ներկայացված զարգացման ծրագրի կատարողականի հիման վրա էլ ձեւավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում նոր լիազոր մարմինը կընտրի տնօրեն: Այսինքն, եթե երեք հոգի իր ծրագրով դրական եզրակացություն է ստացել, ուրեմն լիազոր մարմինն այդ երեքից պետք է որոշի, թե ում ընտրի»,-ասել է նա:

Ի՞նչ մասնագիտական հանձնաժողովի մասին է խոսքը, երբվանի՞ց է այն գործելու. Արսեն Բաղդասարյանը նշեց, որ 2023 թվականի հունվարի 1-ից դպրոցի խորհուրդը չի իրականացնելու մրցույթ եւ չի ընտրելու տնօրեն: Ձեւավորվելու է մասնագիտական հանձնաժողով՝ հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերը լսելու համար: Այդ հանձնաժողովը լիազոր մարմնին տալու է եզրակացություն, եւ դրա հիման վրա էլ լիազոր մարմինը տվյալ ուսումնական հաստատությունում նշանակելու է տնօրեն: Մասնագիտական հանձնաժողովը ձեւավորվելու է ենթաօրենսդրական ակտերով, կառավարության որոշմամբ:

«Պետք է բոլորս գիտակցենք, որ տնօրենի փոփոխությունը չպետք է անդրադառնա կրթության որակի վրա: Իհարկե, կրթության որակի հարցով պատասխանատուն տնօրենն է, սակայն հիմնական գործն անում է ուսուցիչը: Ցավով պետք է ասեմ, որ վերջին շրջանում աշակերտներին ներքաշելով՝ փորձում են տնօրենի ընտրության հարցը բողոքարկել»,-ասել է նա:

Ն. Պ.

 

 

ԿՈՂԲԸ՝ ԼՈՒՍԱՎՈՐՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ

Տավուշի մարզի ամենամեծ բնակավայրը՝ սահմանամերձ Կողբը, լուսավորված նոր փողոցներ ունի: Պետական սահմանից ընդամենը 4,5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում 2019 թվականից ենթակառուցվածքների զարգացման երեք ծրագիր է իրականացվել: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) սկզբում լուծել են Կողբի մանկապարտեզի ջեռուցման հարցը, իսկ 2020 թվականից մինչև օրս լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման երկու ծրագիր են իրականացրել: Անկախ վերջին տարիների մարտահրավերներից՝ տարիների գործընկերները հետևողական են եղել պլանավորված աշխատանքներն իրականացնելու հարցում։

 

2020թթ.-ի ընթացքում Կողբում լուսավորվել է 1850 մետր ճանապարհահատված, տեղադրվել է 50 LED լուսարձակ։ Իսկ հաջորդ տարի LED-երի քանակն ավելացել է 37-ով՝ լուսավորելով եւս 1500 մետր հատված: Այսպիսով, երկու ծրագրի արդյունքում, 2021թ.-ի տարեվերջին, Վիվա-ՄՏՍ-ի եւ FPWC-ի ջանքերով՝ գյուղում տեղադրվել է 87 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 3400 մետր երկարությամբ ճանապարհ։ Կողբի բնակիչներն արդեն երեք ամիս վայելում են երկամյա ծրագրի արդյունքը: Լուսավորված փողոցներն այստեղ կարեւոր են համարում ոչ միայն ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտության՝ այլեւ սահմանին ապրող մարդկանց անվտանգության տեսանկյունից:

Էներգախնայող հերթական համակարգի պաշտոնական գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը եւ մարզի բնակիչներ: «Մեր իրական տունն սկսվում է սեփական տան պատերից դուրս: Եթե ուզում ենք ապրել բարեկարգ միջավայրում՝ նույն հոգատարությունն ու աշխատասիրությունը պետք է դրսեւորենք մեր բոլորի մեծ տան՝ երկրի համար: Թող դա լինի փոքրիկ ծրագրերի միջոցով, բայց գիտակցված, հետեւողական եւ անպայման արդյունքի հասնելու ձգտմամբ: Այս ծրագրի ամենակարեւոր շահառուն երիտասարդ սերունդն է: Լուսավորված փողոցում քայլելը, բարեկարգված միջավայրում մեծանալը պետք է լինեն ոչ թե երազանք, այլ՝ իրականություն: Ուզում եմ հավատալ նաեւ, որ նման ծրագրերով կարելի է երիտասարդներին փոխանցել աշխատասիրության, երկրի նկատմամբ հոգատարության դրսեւորման, ունեցածը գնահատելու եւ պահպանելու արժեհամակարգ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Էներգախնայող ժամանակակից համակարգի գործարկումն արդյունավետ է բնապահպանական եւ համայնքի միջոցները տնտեսելու տեսանկյունից: Ծրագիրը նաեւ էկոգյուղերի ցանցի ստեղծման կարեւոր քայլերից է: Դա թույլ է տալիս այդ գյուղերը ներգրավել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս բաղադրիչ կա` բնապահպանական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական: Ծրագրի արդյունքում էապես կրճատվում են համայնքի բյուջետային ծախսերը, լինում են խնայողություններ, որոնք ուղղվում են այլ խնդիրների լուծմանը:

 

 

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՆԵՂԱՑԵԼ ԵՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՑ

Մարտի 31-ից ապրիլի 1-ը  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության եւ արտադպրոցական ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, կրթության զարգացման եւ  նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրեն Արտաշես Թորոսյանը  երկօրյա այց են կատարել Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ դիտարկելու հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման գործընթացը։

Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշիչը փորձարկվում է 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններում: Աշխատանքային խումբն ուսումնասիրել է նաեւ Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջանների հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական ընդհանուր գործընթացը։ Աշխատանքային խումբը նշված  դասարաններում իրականացրել է դասալսումներ՝ ստուգելու համար, թե ուսուցիչը դասապրոցեսի ընթացքում ինչպես է կիրառում նոր հանրակրթության պետական չափորոշիչը: Հանդիպումներ են կայացել ուսումնական հաստատությունների տնօրենների, տնօրենի տեղակալների, ուսուցիչների հետ։ Նախարարության աշխատանքային խումբն այցելել է նաեւ Նոյեմբերյանի համայնքի սահմանամերձ՝ Ոսկեպարի միջնակարգ դպրոց։ Ոսկեպարի դպրոցի ուսուցիչները դժգոհ են, որ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախարարության մյուս պաշտոնյաները չեն այցելել դպրոցի ուսուցչանոց, որպեսզի գոնե բարեւեն, բարոյապես սատարեն, քաջալերեն սահմանի եզրին, պատերազմական վտանգի պայմաններում ապրող, աշխատող մանկավարժներին, որոնք ցածր աշխատավարձ ստանալով՝   հավատարիմ են ուսուցչի  կոչմանը։

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆԱՑԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ

2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, Տավուշի մարզում ամենամեծ թվով քվեներն էր ստացել: Սակայն, 2021թ. հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրություններին նա չմասնակցեց. հեռացել էր քաղաքականությունից։ 2021 թվականի աշնանը Սիփան Փաշինյանը տեղափոխվել է Ուկրաինա, ուր բուքմեյքերական ընկերություն է բացել, մայրաքաղաք Կիեւի մոտ գործարկել լվացող նյութերի արտադրամաս։ Իջեւան քաղաքից ստացված տեղեկություններով՝ Սիփան Փաշինյանը պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայից տեղափոխվել է Գերմանիա. թե Սիփան Փաշինյանը Գերմանիայում ինչով է զբաղվում, հայտնի չէ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս