Տեւական ժամանակ՝ 2016 թվականից, սահմանապահ Բերդավանի փողոցներում էներգախնայող համակարգի ներդրման աշխատանքներ են իրականացվում: Փուլային սկզբունքով, յուրաքանչյուր տարի, գյուղում ավելանում է լուսավորված փողոցների թիվը: Հեռավոր և հատկապես սահմանամերձ գյուղերում ենթակառուցվածքներ զարգացնելու մոտեցումը սկզբունքային է Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: Տարիների գործընկերները սահմանապահ Բերդավանում ավարտին են հասցրել ծրագրի հերթական փուլը:
Մինչեւ 2019 թվականը, գործընկերները տեղադրել են 325 LED-լուսարձակ՝ էներգախնայող համակարգի ներդրման արդյունքում լուսավորելով 10,5 կմ ճանապարհահատված: 2020-21 թվականներին որոշակի ներդրում է ունեցել նաեւ Նոյեմբերյանի համայնքապետարանը: էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է եւս 115-ով՝ ընդհանուր առմամբ լուսավորելով ճանապարհի՝ 4,5 կմ երկարությամբ հատված: Միայն փողոցների լուսավորության ծրագրով 2016-2021 թվականներին տեղադրվել է 440 LED-լուսարձակ՝ լուսավորելով 15 կմ երկարությամբ ճանապարհ: Արդյունքում՝ լուսավորվել են համայնքի հիմնական փողոցները, գյուղի սահմանային եզրը, դեպի մանկապարտեզ, դպրոց եւ համայնքային նշանակության այլ կառույցներ տանող փողոցները: Այսպիսին է Բերդավանում՝ Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործընկերության ամփոփ պատկերը:
Համակարգի հերթական հատվածի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Բերդավանի վարչական ղեկավար Արամ Զուրաբյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը եւ համայնքի բնակիչներ:
«Դարձյալ Բերդավանում ենք՝ իրականացված հերթական աշխատանքը գնահատելու համար: Մեզ համար այդ գործընթացն ավարտվում է լուսավորված նոր փողոցներ տեսնելով եւ շրջայցով, իսկ գյուղի համար այդ արդյունքը երկարաժամկետ է: Մենք տեսնում ենք ծրագրի էմոցիոնալ կողմը՝ մարդկանց գոհունակությունը, իսկ բնակիչները՝ ռացիոնալ կողմը. Էներգախնայողությունը, անվտանգ քայլելու հնարավորությունը եւ այլն: Հեռավոր եւ հատկապես սահմանամերձ գյուղերի համար սա կարեւոր ծրագիր է: Ու նաեւ դա է պատճառը, որ մենք հետեւողական, ամենամյա ջանքերով փորձում ենք նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բերդավանը Հայաստանի սահմանապահ այն հազվագյուտ գյուղերից է, որտեղ փողոցները լուսավորվում են ամբողջ գիշեր: LED լուսարձակերի բնապահպանական բաղադրիչն էլ ապահովում է կայուն եւ մաքուր շրջակա միջավայր։ Գյուղում արդեն իսկ գնահատել են համակարգի արդյունավետությունն ու կարեւորությունը: Թեթեւացել է համայնքի ֆինանսական բեռը. LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, ծառայում են անհամեմատ ավելի երկար եւ սպառում՝ 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: Լուսավորության խնդրի կարգավորման շնորհիվ՝ լուծվել են նաեւ օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու եւ երթեւեկելու խնդիրները, ինչը չափազանց կարեւոր է աշխարհագրական նման դիրքով գյուղերի համար:
Սահմանապահ գյուղերում ենթակառուցվածքների զարգացումը թիրախավորած գործընկերները, «Էկոգյուղերի ցանց» նախագծի շրջանակում Տավուշի մարզի Բերդավան գյուղում արդյունավետ գործընկերություն են ծավալում՝ 2015թ.-ից սկսած: Արտաքին լուսավորության համակարգ կառուցելուց բացի, այստեղ իրականացվել են նաեւ այլ ծրագրեր. գյուղի մանկապարտեզն ու երաժշտական դպրոցն ապահովել են ջեռուցման արեւային համակարգերով:
ՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ
2019թ. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրով՝ Այրում խոշոր համայնքի՝ Պտղավան բնակավայրի վարչական տարածքում 100 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ (20 միլիոն դրամը` Այրում համայնքի ֆինանսական ներդրումն է) սկսվել է գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի կառուցումը։ Այն նախատեսված է համայնքի խոշորացման արդյունքում՝ Այրում համայնքի ձեռք բերած գյուղատնտեսական եւ ինժիեներական տեխնիկայի կայանման համար։ Հավաքակայանին կից կառուցվել են թունաքիմիկատների ու բուժանյութերի խանութ, 500 քմ մակերեսով ջերմոց եւ 1000 քմ մակերեսով պտղատու ծառերի տնկարան, նաեւ՝ գյուղատնտեսական խորհրդատվական կենտրոն։
Գյուղտեխնիկայի հավաքակայանը պետք է շահագործման հանձնվեր 2020 թվականին, սակայն, դրա պաշտոնական գործարկումը չի կատարվել։ Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ նախկինում կառույցի շինարարությունը մրցույթով շահած եւ այն իրականացրած «Սուարդի» հավաքակայանը թերություններով է կառուցել, շենքի ջրհորդանները սխալ թեքությամբ են սարքվել, որի հետեւանքով՝ անձրեւաջրերը ոչ թե արտահոսում են շենքի տանիքից, այլ՝ լցվում շենքի հիմքի տակ: Շենքի ներքին հարդարման աշխատանքները եւս թերություններով են արվել, հատակի հարթեցումն անորակ է կատարվել, սարքված ջերմոցների ցելոֆաններն արդեն պատռվել են եւ բազում այլ թերացումներ։ Շենքը պաշտոնապես գործարկելու համար այդ թերությունները պետք է վերացվեն։ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժինը հավաքակայանի կառուցման թերություններին չի արձագանքել, սակայն, Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանին 50 հազար դրամի չափով տուգանել է՝ առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի շենքի կառուցումը թույլատրելու համար։
2021թ. հոկտեմբերին Արայիկ Պարանյանը «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին փոխանցել է, որ շինարարարները գնացել են Պտղավան, փոխանակ շինարարության մեջ իրենց կատարած խախտումների պատճառները վերացնեն, հետեւանքներն են փորձել վերացնել, դա խնդիրների լուծում չէ, ոչ էլ՝ հետեւանքների վերացում։
Ներկայումս Պտղավան բնակավայրը, ինչպես նաեւ Այրում համայնքը, ընդգրկված են Նոյեմբերյան խոշոր համայնքի մեջ։ Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնեցին, որ Պտղավանում գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի շինարարության ավարտական ակտն իրենք չեն ընդունել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ