Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անել հայտարարություններ, որոնցով հակասում է իր՝ նախկինում արված մտքերին: Մասնավորապես, նրա հայտարարությունները շատ տարբեր են լինում հենց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով: Այժմ փաստերով. ինչպես հիշում եք, Փաշինյանը վարչապետ ընտրվելու անմիջապես հաջորդ օրը՝ 2018 թվականի մայիսի 9-ին, առաջին աշխատանքային այցը կատարեց Արցախ։ Այստեղ Փաշինյանը բավականին հստակ նշել էր Հայաստանի՝ բանակցությունների պահանջները եւ փոխզիջումների գնալու պատրաստակամության հնարավոր տարբերակները: «Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։ Դրանից արդեն մեկ տարի հետո Փաշինյանը Ստեփանակերտում անկախության միջազգային ճանաչումը համարեց «առաջնահերթ խնդիր», որ եղել է եւ կմնա Հայաստանի համար։ Ապա նրա կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ շրջանառության դրվեց «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի կիրառելիության անհրաժեշտությունը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում եւս «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի իրացումը առանցքային էր համարվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Արդեն 2021 թվականի դեկտեմբերին նա անդրադարձավ «Արցախի կարգավիճակի» հարցին. «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն»: Արդեն ապրիլի 13-ի իր ելույթում Փաշինյանը նշեց, թե միջազգային հանրությունը պահանջում է «իջեցնել» Արցախի կարգավիճակի «նշաձողը»։ Այս նշաձողը, ըստ Փաշինյանի՝ վերջին տարիների հանրային ելույթների, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն էր կամ անկախության ճանաչումը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին ժամանակաշրջանում զբաղված է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի PR-ով։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա թիմակիցներն անում են հնարավորն ու անհնարինը, որպեսզի այս պահին որեւէ պաշտոն չզբաղեցնող Ավինյանին քաղաքապետ կարգեն։ Թեեւ մեկ տարուց ավելի ժամանակ կա Երեւանի քաղաքապետի ընտրություններին, բայց իշխող ՔՊ-ն մտավախություն ունի։ «Քաղաքական իշխանությունները լավ են հասկանում, որ հատկապես քաղաքամայր Երեւանում վաղուց արդեն համակրանք չեն վայելում, վարկանիշն էլ գնալով ընկնում է, հետեւաբար զօրուգիշեր աշխատում են, թաքնված քարոզչություն են իրականացնում եւ այլն։ Տիգրան Ավինյանն անձամբ է դիմում թաղապետերին կամ մայրաքաղաքի տարբեր շրջաններում հարգանք վայելող անձանց, որ օգնեն իրեն, աջակցեն, ինչով կարող են»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։ Մեզ փոխանցեցին, որ կուսակցական ակտիվի հետ հանդիպումների անվան տակ նա իրականում քարոզչություն է իրականացնում։ Տեղեկացանք, որ, օրինակ, էրեբունի համայնքում հանդիպումը քաղաքացիների հետ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանն է կազմակերպել։ «Առաջիկայում նույնպես տարբեր այլ շրջաններում նմանատիպ հանդիպումներ կլինեն։ Կազմակերպիչներն արել ու անելու են հնարավորը, որ այդ հանդիպումներին հնարավորինս շատ մարդ ներկա լինի՝ ցույց տալու համար, թե իրենց աջակիցները շատ են։ Ավինյանն ինքնուրույն է այս ամենն իրականացնում, նրա գործերին ոչ ոք, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը չի խառնվում»,- հավելեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանը կանչվել է ԱԱԾ՝ հարցաքննության։ Մասնավորապես, նրանից հետաքրքրվել են գնման գործընթացի մասին, սակայն շատ հարցեր չեն տվել։ Քննիչներին պարզապես հետաքրքիր է եղել, թե ինչպես են պայմանավորվել գնման գործընթացի շուրջ, ինչ քննարկումներ են ունեցել։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Նարեկ Նալբանդյանից, սակայն մեր ջանքերն անցան ապարդյուն. վերջինս չպատասխանեց հեռախոսազանգերին։ Հավելենք, որ այս քրեական գործով հիմնական քննչական գործողությունները կատարվում են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի մասով: ԱԱԾ-ն մեծ հաշվով վերահսկողություն է սահմանում քննիչների գործողությունների մասով՝ հասկանալու համար, թե նրանք ինչ են արել այս գործի շրջանակներում։ Հավելենք, որ այս տան վաճառքը շատ մութ պատմություն է. կալանքի տակ գտնվող գույքը նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը գնել է անհասկանալի իրավական հիմնավորումներով: Տան սեփականատերը՝ Հովիկ Աբրահամյանը, մինչ օրս չի հարցաքննվել: Թե Նարեկ Նալբանդյանը ինչ է պատմել կամ հնարել իրավապահների մոտ, կներկայացնենք առաջիկայում:
Երեւանի քաղաքապետարանը հայտնվել է հազար խոշոր հարկատուների ցանկում եւ զբաղեցրել ցանկի 82-րդ տեղը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետարանը այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե կատարել է 691 մլն 761 հազար դրամ հարկ ու տուրք: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ պետական բյուջե ավելի շատ հարկ վճարած գերատեսչությունը ՀՀ պաշտպանության նախարարությունն է: ՊՆ աշխատակազմը գլխավորում է ցանկի երրորդ տեղը եւ պետական բյուջե վճարել է 35 մլրդ 448 մլն 844 հազար դրամի հարկ ու տուրք: Հաջորդը Պետական եկամուտների կոմիտեն է, որը կատարել է 1 մլրդ 450 մլն 777 հազար դրամի հարկային վճարումներ: Խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը՝ վճարած 1 մլրդ 181 մլն 556 հազար դրամ հարկ ու տուրքով: Իսկ, ահա, Արտակարգ իրավիճակների նախարարության վճարած հարկերը կազմել են 786 մլն 482 հազար դրամ, Բարձրագույն դատական խորհուրդինը՝ 736 մլն 403 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ խոշորների ցանկում է նաեւ Հայաստանի ոստիկանությունը՝ վճարած 631 մլն 639 հազար դրամ հարկ ու տուրքով: Ոստիկանությանը հաջորդում է ՀՀ քննչական կոմիտեն, որը այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե վճարել է 571 մլն 362 հազար դրամ հարկային վճարումներ: