ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ՝ ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պատերազմով չի ավարտվել գործընթացը: Եթե տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը, ապա հասկանում ենք, որ այն փոշին, որ բարձրացել է պատերազմից հետո, ենթադրում է, որ գործընթացները շարունակվում են, աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում: Սա ոչ միայն Հայաստան-Ադրբեջան առանցքի մեջ է, սա շատ ավելի լուրջ է, եւ կարող է թվալ, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենաթույլ երկիրն է, բայց Հայաստանի դիրքորոշումից շատ-շատ բան է կախված, թե այստեղ՝ այս տարածաշրջանում, աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում։ Ես փորձեցի հասկացնել ձեզ»,- ասել է նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։

 

Նա ասել է, որ հրաժարականի դիմում է գրել զորքերի հայելային հետքաշման Փաշինյանի նախաձեռնությունից հետո։ Նա նաեւ ասել է, որ իր պաշտոնավարման ժամանակ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման պահանջ չի դրվել, ավելին՝ դիվանագիտության միջոցով հայկական կողմը հասել է համանախագահների երկու հայտարարության, որոնք շոշափում են հայկական շահերը։ Արա Այվազյանը վստահ է, որ հիմա էլ հնարավոր է դիվանագիտության միջոցով որոշակիորեն շտկել իրավիճակը։

Իսկապես, Արա Այվազյանից հետո ՀՀ ԱԳՆ կոչվող կառույցի հայտարարությունների բովանդակությունն աստիճանաբար փոխվեց՝ ազգային-պետական շահերից դեպի Բաքվի փաստաբանություն՝ «խաղաղ դարաշրջանի» հիմքով։

ԱԳ նախկին նախարարը, փաստորեն, հերքում է Փաշինյանի բոլոր պնդումները, որոնցով վարչապետը փորձում է հիմնավորել իր քայլերը։ Արա Այվազյանի խոսքում էական են մի շարք այլ շեշտադրումներ, որոնք նա «փորձում է հասկացնել» լրագրողներին։

Հայկական քաղաքականության հիմքը պետք է լիներ այս հարցի պատասխանն ու ընկալումը։ Ո՞րն է Հայաստանի դեմ Ռուսաստանի ու Թուրքիայի ագրեսիայի քաղաքական-քաղաքակրթական հիմքը։ Եթե կա դարավոր համատեղ ագրեսիան Հայաստանի դեմ՝ հայերի հայրենազրկման, ցեղասպանության, տարածքների բաժանման իրողությունը, նշանակում է՝ կա նաեւ մեկ այլ իրողություն. հայկական գործոնը գոյաբանական խնդիր է Ռուսաստանի ու Թուրքիայի համար։ Սա ռեսուրս ու հնարավորությո՞ւն է քաղաքականության համար, թե՞ համակերպվելու եւ ճղճիմ բանավեճերով արդարանալու հանգամանք։

Քաղաքական կարողության, աշխարհը քթից այն կողմ տեսնելու, ինտելեկտի, մոտիվացիայի հարց է։ Արա Այվազյանն ասում է՝ Հայաստանի դիրքորոշումից շատ-շատ բան է կախված։ Ավելացնենք՝ Հայաստանից ներկայում կախված է առնվազն երեք պետության գոյաբանական խնդիրը եւ Հայաստանի դեմ նրանց ոճրագործության «օրինականացման» հարցը. Հայաստանի մի ստորագրությունից։ Վտանգավո՞ր է։ Իհարկե, բայց ի՞նչը չի վտանգավոր, «խաղաղության դարաշրջանն» ու «ռուսը չլինի՝ թուրքը մեզ կուտի» ներդրված հրեշավոր «հավատա՞մքը», որով Մոսկվան ու Անկարան Հայաստանին հարկադրում են իրենց դարավոր ոճրագործության «օրինականացումը»։ Այդ պարագային ո՞րն է քաղաքականության, քաղաքական ուժերի իմաստը։ Հայաստանի խորհրդարանը կազմող ուժերը մինչ այժմ քննարկման չեն դրել 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի խնդիրը, որը ներկայիս գործընթացների հիմքն է։ Ավելին՝ այս թեմայի վրա տաբու է դրված։ Սա արդեն իսկ այդ ուժերի իրական գնահատականն է։ Նրանք ուղիղ պատասխանատվություն են կրում կորսված ժամանակի ու հնարավորությունների համար։

Ն. Պ.

 

 

«Freedom House»-Ի ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է

«Freedom House»-ը հրապարակել է իր «Nations in Transit 2022» տարեկան զեկույցը, որում անդրադարձ կա նաեւ Հայաստանին։

 

Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվում է, որ 2004 թվականից սկսած՝ նախկինում ավտորիտար երեք երկրներ՝ Մոլդովան, Կոսովոն եւ Հայաստանը, քայլեր են ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, որի արդյունքում դարձել են հիբրիդային ռեժիմներ: Հայաստանը, ըստ Freedom House-ի զեկույցի, ընդհանուր ցուցանիշով առաջընթաց է գրանցել՝ հնարավոր առավելագույն 7 միավորից, որն առավել ժողովրդավար երկրի ցուցանիշն է, ստանալով 3.04 միավոր՝ նախորդ տարվա 2.96 միավորի փոխարեն: Հայաստանն առաջընթաց է գրանցել զեկույցի կողմից հետազոտվող մի քանի ոլորտներում՝ ներառյալ ժողովրդավարական կառավարումը, ընտրական գործընթացը եւ դատաիրավական համակարգի զարգացումն ու անկախությունը՝ միեւնույն ժամանակ նահանջելով անկախ մամուլի ցուցանիշում:

Տոկոսային ցուցանիշով երկրի ժողովրդավարության զարգացման մակարդակը կազմում է 34%: Ըստ «Freedom House»-ի՝ այն երկրները, որոնք անցում են կատարել ավտորիտար կառավարման ձեւից հիբրիդայինի, ավելի խոստումնալից են, թեեւ ամբողջապես «դեռեւս չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»:

Իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է, որ, օրինակ, Հայաստանում «2018 թվականին քաղաքացիներն օգտագործեցին բողոքի շարժումը եւ մրցակցային ընտրությունների շարքը, որոնցից վերջինը կայացավ 2021թ.՝ վճռականորեն վերջ դնելով Հանրապետական կուսակցության բազմամյա կառավարմանը։ Այդ ժամանակվա առաջնորդները փոխարինվեցին քաղաքական գործիչների նոր սերնդով, որոնք, չնայած նկատելի թերությունների, հիմնականում հանձնառություն ունեն դեպի ժողովրդավարություն եւ հանրային շահ»: Բացի այդ, նշվել է, որ ՀՀ-ն եւ Մոլդովան այն երկրների թվին են պատկանում, որտեղ խորհրդարանում միայն մեկ կուսակցություն է գերակշռող։ Շեշտվել է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության խմբերը կարողացել են կանխել իշխող կուսակցության կողմից առաջ քաշված մի օրինագիծ, որի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կհայտնվեր կառավարական վերահսկողության ներքո։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ արցախյան 44-օրյա պատերազմին՝  նշելով, որ ԼՂ-ում Ալիեւի սկսած զինված հարձակման հետեւանքով հազարավոր մարդիկ սպանվել եւ տեղահանվել են։ Հայաստանն, ըստ զեկույցի, հետխորհրդային երկրներից զիջում է միայն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային՝ իր հետեւում թողնելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Բելառուսը, Ռուսաստանն ու Ադրբեջանը:

Ն. Պ.

 

 

ՏԱՐԵԼ ԵՆ՝ ՀԱՎԱՔԻ

2022թ. ապրիլի 13-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որոշել է լուծել Խաչարձանի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյովա Բուդաղյանի հետ 2017թ. ապրիլի 13-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։ Նույն օրը մարզպետ Հ. Ղալումյանը, հիմք ընդունելով Խաչարձանի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի 2022 թվականի փետրվարի 11-ի արձանագրությունը, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի եզրակացությունը եւ Լ. Բուդաղյանի դիմումը,  որոշել է Լ. Բուդաղյանին նշանակել Խաչարձանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնում եւ  5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքել։ Մի քանի անգամ զանգահարեցի Լ. Բուդաղյանին, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր։ Մոտ 400 բնակիչ ունեցող Խաչարձան գյուղը բնակեցված է Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցներով։ Խաչարձանից տեղեկացա, որ 55 աշակերտ ունեցող դպրոցի տնօրեն Լյովա Բուդաղյանին, որը լավ տիրապետում է ադրբեջաներեն լեզվին,  եռամսյա զինվորական հավաքի են տարել։ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանին հարցրի, թե Խաչարձանի դպրոցի տնօրենի պաշտոնակատար է  նշանակվել արդյոք։ Նա ասաց, որ  նման դեպքում դպրոցի տնօրենի պարտականությունները դրվում են տնօրենի տեղակալի կամ ուսմասվարի վրա։ Մարզպետարանի վարչության պետին հարցրի՝ մարզպետարանն ինչու չի միջնորդել, որպեսզի դպրոցի տնօրենին եռամսյա զինվորական հավաքի չկանչեն։ Մ. Հարությունյանը հայտնեց, որ հանրակրթական դպրոցների տնօրենները չեն դասվում պետական այն պաշտոնյաների թվին, որոնք օրենքով ազատվում են եռամսյա հավաքից, Տավուշի մարզպետարանի միջնորդության շնորհիվ եռամսյա հավաք կանչված Լ. Բուդաղյանը  հավաքում կլինի ընդամենը 10 օր։

 

 

ՀԱՐՎԱԾԵԼ Է

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում 2022 թվականի մարտի 21-ից ընթանում է  Իջեւան խոշոր համայնքի Աճարկուտ գյուղի բնակչուհի, 1965թ. ծնված Կարինե Խեմչյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2021թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Աճարկուտ համայնքի ղեկավարի կողմից կայացված թիվ 18-Ա որոշումով Աճարկուտ համայնքի 1-ին փողոցի 23 հասցեում գտնվող, իր կողմից օգտագործվող շինությունը քանդելու ժամանակ որոշմանը կատարումը խոչընդոտելու նպատակով չի ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից տարածքը լքելու վերաբերյալ տրված օրինական պահանջին եւ ձեռքում եղած եղանով մեկ անգամ հարված հասցելու միջոցով առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Իջեւանի բաժնի ՀՈԲ ավագ տեսուչ Վլադիմիր Եսայանի նկատմամբ։ Կ. Խեմչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով։ Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 5-10 տարի ժամկետով ազատազրկում։ Կ. Խեմչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 




Լրահոս