Երիտասարդ հղի կնոջը վարչապետին սպասարկող «կորտեժի» կողմից մահացու վթարի ենթարկելու միջադեպը հասարակության մտածող, վերլուծող ու անհանգստացող հատվածին հանգիստ չի տալիս: Ամեն մեկը մտածում է, որ դեպքի վայում ինքը կարող է լինել, ու փաստորեն որևէ մեկն ապահովագրված չէ, որ հանուն վարչապետի ավտոշարասյան անարգել երթևեկի՝ իրեն էլ կարող են ոտնատակ անել, «մեքենայի տակ գցել», անցնել-գնալ:
Դեպքը եթե մինչև 2018-ի իշխանափոխությունը լիներ, ապա, վստահեցնում եմ՝ ընդդիմադիր բոլոր օղակներն ու ուժերը, մեկ մարդ դարձած, մեղադրելու էին այն ժամանակվա իշխանություններին ու ղեկավարությանը՝ նախագահներին, ամենասուր (չի բացառվում՝ ընդհուպ մարդ սպանելու) մեղադրանքով: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն, օրինակ, Ազգային ժողովի ամբիոնից կխոսեր «պադավատապետության» ու «քրեաօլիգարխիկ համակարգի ծնած արատավոր երևույթների», «մահաբեր ավտոշարասյուների» մասին:
Քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ նստացույցեր կկազմակերպեին, ամենաքիչը՝ պաստառները պարզած՝ կառավարական առանձնատների դիմաց ցույցեր կկազմակերպեին: Այն ժամանակ կոկորդ պատռող ու մարդու հիմնարար իրավունքների մասին զօրուգիշեր բարձրաձայնող իրավապաշտպաններն այսօր բավարարվում են խիստ հարևանցի, չեզոք ու վարչապետի «խաթրին չկպչող» գնահատականներով: (Դեռ երևի պետք է փառք տանք Աստծուն, որ վարչապետի «կորտեժի» մահաբեր երթևեկը չեն արդարացնում):
Հանուն արդարության, նշենք, որ օրինակ, «Հելսինկյան ասոցաիցիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ArmLur.am-ի հետ զրույցում դատապարտել ու ամենախիստ գնահատատականն են տվել տեղի ունեցածին: Տեղի ունեցած ողբերգական դեպքը խստորեն քննադատել է նաև «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը: Բայց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հրաժարվեց մեզ հետ զրույց ունենալ:
Հարցը լսելուց հետո վրա բերեց. «Ձեր թերթին հարցազրույց չեմ տալիս»: Կնակենտրոն գաղափարներ գեներացնող, կանանց իրավունքների մասին հնարավոր բոլոր հարթակներում սրտակեղեք ելույթներ ունեցող, Facebook-յան պատը սկեսուրների ինտիտուտը դատափետելու համար օգտագործող Լյուսի Քոչրայանը ոչ միայն մեր հեռախոսզանգերին, այլև հաղորդագրությանը չարձագանքեց: Լռեց նաև Գյումրու ժուռնալիստենրի «Ասպարեզ» ՀԿ ղեկավար Լևոն Բարսեղյանը՝ հորդորելով Facebook-յան ուղիղ եթերին հետևել, որտեղ իբրև թե տվել էր մեր հարցերի պատասխանը:
Տարօրինակ էր իհարկե, որ լրագրողական համքարության հետ աշխատող անձը, լրագրողի հարցը չլսած, ուղղորդում է ինչ-որ բան նայել, բայց ամեն, դեպքում, անսացինք նրա հորդորին ու լսեցինք: Միակ բանը, որ կարելի էր արձանագրել ուղիղ եթերից, ճանապարհային կանոների խախտումն ու մեքենան վարելու ընթացքում հեռախոսով զբաղվելն էր: Ոստիկանությունից մեզ փոխանցեցին՝ վարելու ընթացքում հեռախոս օգտագործելը կոնկրետ տուգանք է ենթադրում: Ինչ վերաբերում է բուն միջադեպին ու կոնկրետ անձանց՝ վերադասներին, քննադատելուն կամ գնահատական տալուն, ապա Բարսեղյանի խոսքում դա գտնել չհաջողվեց:
Հայտնի չէ, թե 2018-ից հետո իրավապաշտպան կառույցներից որոշներին ինչ ճանճ է կծել, բայց ակնհայտ է, որ նրանց՝ ժողովրդարավական արժեքների մասին պատկերացումները Փաշինյանի իշխանության ժամանակ շեշտակի են հետընթաց ապրել:
Հ.Գ. Վերնագրում, իհարկե, իրավապաշտպաններ բառը կարելի էր և չակերտներում գրել, բայց ոլորտում դեռ կան մարդու իրավունքների պաշտպպանության ու ժողովրդավարության արժեքները քաղաքական ամեն տեսակի խաղերից վեր դասող մասնագետներ, իսկ նրանց չհարգել չենք կարող:
Սևակ Վարդումյան