ՖՈՏՈ. «Օրրան» բարեգործական կազմակերպությունը նշում է իր 22 ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Օրրան» կայցելեն բազմաթիվ հյուրեր՝  օրրանի բարեկամներ , նշելու կազմակերպության գործունեության 22 – ամյակը։  Անհավատալի է, բայց «Օրրանն» արդեն 22 տարեկան է։ Իր գործունեությամբ և  իրականացրած բարեգործական ծրագրերով «Օրրանն» ապացուցել է, որ այն բացառիկ և առանձնահատուկ կազմակերպություն է։  Թերևս հենց միայն այն փաստով, որ իր ստեղծման օրվանից առ այսօր՝  22 տարի շարունակ այն մշտապես եղել է գործուն  և եռանդուն կառույց․ այն երբեք փակ չի եղել, գործել է տարվա բոլոր ամիսներին և շաբաթվա բոլոր օրերին։ Միաժամանակ նաև այն զգայուն և «կենդանի»  կառույց է։  «Օրրանում» առաջնորդվում են տվյալ պահի լրջությամբ և տվյալ ժամանակի թեժ հրամայականով։ Այն չունի «քարացած» ծրագիր և հստակ ամրագրված  շահառուների շրջանակ։ Հենց սրանով էլ «Օրրանը» առանձնահատուկ է և բացառիկ։

Հիմնադրման օրվանից առ այսօր փոխվել են միայն «Օրրանի» կողմից տրամադրվող սոցիալական աջակցության առաջնահերթությունները և համապատասխան այդ առաջնահերթությունների էլ՝ նաև  շահառուների շրջանակները։ Բայց մի  բան հստակ է՝ «Օրրանի» ծրագրերն են փոխվել, սակայն  առաքելությունը միշտ  եղել է նույնը՝   «Օրրանի» շահառուն հայ մարդն է, ով տվյալ պահին խիստ կարիքի մեջ է և զգում է անհապաղ օգնության անհրաժեշտություն։  Կախված ժամանակի թելադրանքից՝ «Օրրանի» շահառուն ծայրահեղ աղքատ ընտանիքի երեխան է, օրվա տաք ճաշին կարոտ անօգնական և միայնակ տարեցը, արհեստ և մասնագիտություն սովորելու պատրաստ, բայց դրա համար անհրաժեշտ գումար չունեցող հայ երիտասարդը,  քովիդյան համավարակի հարվածից տուժած հայ մարդը, Արցախից տեղահանված և անորոշության մեջ հայտնված հայ ընտանիքը,  արցախյան պատերազմում զոհված հայ զինվորի հարազատը և զավակը։

«Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը միշտ ասում է. «Աստված մի արասցե, որ  մի նոր ծրագիր և նոր շահառուներ ունենաք, և թող գա օրը, որ հայ մարդն այլևս կարիքի մեջ չգտնվի, և ոչինչ, որ մենք պարապ ու անգործ կմնանք»։

Ինչպես Հայաստանում գործող յուրաքանչյուր կառույցի, այնպես էլ «Օրրանի» դեպքում, գործունեության ընթացքը կարելի է բաժանել 4 փուլերի.
համեմատաբար բարեհաջող և խաղաղ տարիներ
– քովիդյան համավարակի շրջան
– 44 օրյա պատերազմ
– հետպատերազմական և ճգնաժամային շրջան։

Առավել բարեհաջող և խաղաղ տարիներին «Օրրանի» առաքելությունն էր Երևանում և Վանաձորում սոցիալական աջակցություն տրամադրել այն ընտանիքների երեխաներին, որոնք հայտվել էին աղքատության ճիրաններում։ Այդ տարիներին «Օրրանը» պայքարում էր մանկական մուրացկանության դեմ, կտրում էր նրանց փողոցից, բերում իր հարկի ներքո,  կերակրում էր նրանց,  հոգ էր տանում նրանց առողջության և սանիտարահիգիենիկ վիճակի մասին, կրթում և դաստիարակում էր, նրանց համար կազմակերպում էր տոներ, խնջույքներ և մշակութային միջոցառումներ, նրանց տանում էր օպերա և թատրոն։ Հետզհետե հասարակության մեջ «Օրրանը» դարձավ ընդունված և սիրելի։ Դրա շնորհիվ ընդլայնվեց նաև կառույցի նվիրատուների ցանկը։ Այդ ժամանակահատվածում «Օրրանը» կարողացավ ընդլայնել իր շահառուների շրջանակը և սոցիալական աջակցության ծրագրում ներգրավել նաև միայնակ և անօգնական տարեցներին։ Եթե խոսենք վիճակագրության և թվերի լեզվով, ապա այդ տարիներին «Օրրանի» սոցիալական ծրագրերում որպես շահառուներ  ներգրավվել են շուրջ

40 000 ընտանիք, 10 000 երեխա և 500 տարեց։

Քովիդյան համավարակի շրջանում, ինչպես բոլոր կազակերպությունները, այնպես էլ «Օրրանը» անցավ հեռավար ռեժիմի։ «Օրրանի» սաների համար կազմակերպվեցին հեռավար դասեր՝ նախապես նրանց տրամադրելով համակարգիչներ և սարքավորումներ։ Անգամ այսպիսի իրավիճակում «Օրրանը» մի օր չդադարեցրեց իր գործունեությունը՝ նույիսկ սննդի ծրագիրը։ Օրրանի շահառուները շաբաթը մեկ անգամ այցելում էին «Օրրան» և ստանում իրենց սննդի տոպրակրները, որոնք ներառում էին առաջին անհրաժեշտության սննդամթերքներ։ Թվերով և վիճակագրությամբ արտահայտված՝ այդ ժամանակահատվածում շահառուներին բաժանվել են
200 համակարգիչներ
– 5 000 սննդի տոպրակներ

44 – օրյա պատրեազմի օրերին, ելնելով ստեղծված իրավիճակից, «Օրրանը» փոխեց իր ծրագիրը՝ առաջնահերթությունը տալով Արցախից տեղահանվածների և պատերազմում զոհվածների ընտանիքներին։ Այդ ընտանիքներին պարբերաբար տրամադրվում էին սննդի տոպրակներ, հիգիենային պարագաներ և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Իսկ մոտալուտ ձմռանը դիմակայելու համար «Օրրանը» այդ օրերին մեկնարկեց «Տաք ձմեռ» ծրագիրը՝ տեղահանվածաների և զոհվածների ընտանիքների երեխաներին ձմեռային հագուստով և կոշիկով, ինչպես նաև տաք ծածկոցներով և  քնապարկերով  ապահովելու համար։ Թվերով և վիճակագրությամբ արտահայտված՝ այդ ժամանակահատվածում շահառուներին բաժանվել են
–  10 000 սննդի տոպրակներ
– 2 000 ձմեռային բաճկոններ և վերարկուներ
– 2 000 ձմեռային կոշիկներ
15.500 քնապարկ
– 5 000 ծածկոցներ

Իսկ ներկայումս հետպատերազմյան և ճգնաժամային շրջանն է։ Ինչ է անում «Օրանն» այսօր։ Վերականգնման այս փուլում, բացի իր ավանդական՝ սննդի, հագուստի, կրթական, հոգեբանական աջակցության ծրագրերից, «Օրրանն» իրականացնում է շատ կարևոր և արդիական ծրագիր՝ «Հմուտ երիտասարդները հանուն համայնքի զարգացման»։ Այս ծրագրի շնորհիվ մայրաքաղաքի և մարզերի ավելի քան 820 երիտասարդներ կկարողանան սովորել արհեստներ,  ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, դիմակայել տնտեսական ճգնաժամի մարտահրավերներին և հաղթահարել աղքատությունը։

Իր 22 ամյա գործունեության համար «Օրրանը» երախտապարտ է  իր բոլոր բարեկամներին, նվիրատուներին և կամավորներին։ Հենց նրանց դրամական և նյութական ներդրումների, հոգևոր և բարոյական աջակցության, ոգևորող և հուսադրող խոսքերի շնորհիվ է, որ «Օրրանը» կարողացավ դառնալ իր անվանը արժանի կառույց՝ ապահով օրրան կարիքավոր հայ մարդու համար։




Լրահոս