«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները վերջին օրերին լրջորեն քննարկում են՝ ինչպես հետողորմյա անել արդեն իսկ ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը, որով արգելվում է բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելը: Ինչպես հայտնի է, մարտից ռեստորաններում նարգիլեներ եւ սեղանների մոխրամաններ չեք կարող հանդիպել, քանի որ ուժի մեջ է մտել հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելու արգելքը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում մտադրություն կա այս օրենքով նախատեսված արգելքների մի մասը հանել, քանի որ իշխանություններն արդեն ազդակներ են ստացել այն մասին, որ այս արգելքը բացասաբար է ազդում հանրային սննդի վայրերի աշխատանքի, ինչպես նաեւ զբոսաշրջության վրա: Հնարավոր է՝ որոշվի բացօթյա սրճարաններում եւ հատուկ առանձնացված տարածքներում ծխելու արգելքը հանել:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախկին խանդավառությամբ չի արձագանքում ընդդիմության՝ արդեն մոտ տասն օր մեկնարկած տարբեր ցույցերին, ակցիաներին։ Երբեմնի «հեղափոխականները», որ իրենց ու հատկապես իրենց քաղաքական առաջնորդին թթու խոսք ասողներին, մեկը մյուսին հերթ չտալով, քննադատում ու դատափետում էին, այժմ կա՛մ հազարից մեկ են Facebook-յան գրառումներ անում, կա՛մ առհասարակ լռում են։ Իհարկե, ՔՊ-ի «նախկիններն են մեղավոր» խոսույթը իշխանականների առաջին գծի ներկայացուցիչների շուրթերին է դեռ, բայց նկատելի է, որ ՀՀ «հպարտ ու արժանատաիվ» քաղաքացիների անունից խոսացողների բոցաշունչ ելույթներն այս օրերին չեն լսվում։ Սա երկու բան կարող է նշանակել. նրանք կա՛մ «մեր դեմ խաղ չկա» տրամաբանությամբ են առաջնորդվում, կա՛մ նրանց ընդգծված սուր ելույթներից զերծ մնալու խորհուրդ են տվել։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը չի կարողանում բանտերում իրավիճակ փոխել: Խոսենք փաստերով. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնեց, որ բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու եւ միջնորդի միջոցով այն ստանալու հերթական դեպքը: Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի օգնականի պաշտոնը զբաղեցնող, արդարադատության մայոր Ա.Գ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պետական մարմնում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Տ.Ե-ին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջինիցս որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.500.000 (ինը միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար գումար-կաշառք: Սա ամենը չէ. մոտ երկու ամիս առաջ առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների եւ խոշտանգման դեպքերի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետը, եւս երկու աշխատակից ներգրավված են որպես մեղադրյալ: Նշենք, որ քրեակատարողական ծառայության Բերդի պետ Արտակ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, որին մինչ օրս ո՛չ ԱԱԾ-Ն, ո՛չ էլ դատախազությունը չեն կարողանում կալանավորել, թեեւ նախաքննական մարմինը ձգտում է: Ավելին՝ Արտակ Սարգսյանին իրավապահների այս բացահայտումից հետո նոր պաշտոն են տալիս՝ նշանակելով դատապարտյալների հիվանդանոցի շտաբի պետ:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.6 տոկոսով. սա այս տարվա հունվար-մարտ ամիսների ցուցանիշն է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Սրան զուգահեռ արձանագրենք, որ գյուղատնտեսության ոլորտում է անկում արձանագրվել, այն էլ՝ 5.4 տոկոսի չափով: Փոխարենը Վիճակագրական կոմիտեն շինարարության ոլորտում է աճ արձանագրել 6.2 տոկոսով: Ի դեպ, առեւտրի շրջանառության ծավալները ավելացել են 7.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.1 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի սպառողական շուկայում Վիճակագրական կոմիտեն 3 ամիսների ընթացքում արձանագրել է 7.8 տոկոս գնաճ: Վերջին ամիսներին մեր հանրապետությունում թանկացել է ամեն ինչ՝ հացը, շաքարավազը, բանջարեղենը եւ առաջին անհրաժեշտության այլ սննդամթերք: Արտահանման ծավալները, եթե դիտարկենք հունվար-մարտ ամիսների կտրվածքով, աճել են 26.9 տոկոսով, բայց մեկ ամսվա ընթացքում պատկերը տխուր է. արձանագրված անկումը կազմել է 12.2 տոկոս, ինչը, մասնագետների կարծիքով, խիստ մտահոգիչ է: Մյուս կողմից՝ ներմուծման ծավալներն են աճել, հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 45.6 տոկոսով են աճել: Բայց մարտին, փետրվարի համեմատ, ներմուծման ծավալները պակասել են 9.8 տոկոսով: