ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն, ապա ընդունվեց համատեղ հայտարարություն: Այն բաղկացած է 28 կետից եւ ներկայացվեց որպես աննախադեպ երեւույթ, սակայն նկատենք՝ այսպիսի հայտարարություններ նախկինում եւս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եղել են:

 

Ներկայացնեոք մի քանի կետեր այս ամիս ներկայացված հայտարարության տեքստից:

«Առաջնորդները Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին բնորոշ կառուցողական եւ վստահության մթնոլորտում անցկացրեցին մտքերի հանգամանալից փոխանակում քաղաքական, ռազմական եւ ռազմատեխնիկական, առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտներում երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգի շուրջ, գոհունակությամբ նշեցին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բազմաբնույթ փոխշահավետ դաշնակցության զարգացման դրական դինամիկան: Նաեւ քննարկվեցին տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ փոխգործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր»:

«Կողմերը պայմանավորվեցին, համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների, արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման եւ անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ Կողմերի հարցումով Ռուսասատանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ»:

«Առաջնորդները միասնական էին Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի կրոնական գործիչների եւ հասարակության ներկայացուցիչների միջեւ կայացած շփումների բարձր օգտակարության գնահատականում, ինչը նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջեւ «կամուրջների կառուցման»: Նման պրակտիկան շարունակվելու է:

Կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով», – ասվում է հայտարարության մեջ: 2008 թվականի հունիսին նման հայտարարության տեքստ տարածվեց Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ: «Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը լի են վճռականությամբ ապագայում եւս խորացնել եւ ամրապնդել բարեկամությունը երկու երկրների ժողովուրդների միջեւ: Նրանք իրենց հարաբերությանները կկառուցեն լայնածավալ ռազմավարական համագործակցության հենքի վրա` փոխվստահության ոգով, ղեկավարվելով ինքնիշխանության հարգման, վեճերի խաղաղ կարգավորման եւ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության եւ փոխշահավետության սկզբունքներով:

Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը, արդի միջազգային խնդիրների նկատմամբ ունենալով համընկնող կամ մոտ դիրքորոշումներ, կընդլայնեն կառուցողական փոխգործակցությունն արտաքին քաղաքականության բնագավառում երկկողմ հարաբերությունների ձեւաչափով, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների եւ համաժողովների շրջանակներում` ի շահ խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդման ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային չափաձեւով: Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում են ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին հարազատ մնալու իրենց պատրաստակամությունը: Կողմերն ընդունում են Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական դերը միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում՝ միաժամանակ ընդգծելով տարածաշրջանային կառույցների աճող նշանակությունը կոնֆլիկտների կանխարգելման եւ դրանց խաղաղ կարգավորման հարցում:

Կողմերը հավանություն են տալիս ՄԱԿ-ում անհրաժեշտ եւ իրատեսական բարեփոխումների իրականացմանը, որը նպատակ ունի բարձրացնել կազմակերպության հեղինակությունն ու արդյունավետությունը, նրա` նոր մարտահրավերներին եւ վտանգներին հակազդելու ներուժը»:

Այսինքն՝ այսպիսի հայտարարությունները ամենեւին էլ նորություն չեն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿԲԱՑԱԿԱՅԻ

ՀՀ Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Թագուհի Թովմասյանը տեղեկացրել է. «Այսօրվանից 2 օրով ստիպված եմ բացակայել երկրից՝ մասնակցելու Ժնեւում «Անվտանգության ոլորտի կառավարումը եւ բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովում» թեմայով  կարեւոր քննարկումներին։ Ներկայացնելու եմ մեր երկրի անվտանգային դաշտում առկա խնդիրները, մարտահրավերները եւ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակը: Այցը կազմակերպում, այցի հետ կապված ծախսերը հոգում է Ժնեւի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնը (DCAF), աջակցում է Գերմանիայի ԱԳՆ-ն: Այցը պլանավորված էր շատ ամիսներ առաջ, երբ դեռ հնարավոր չէր կանխատեսել, որ այս օրերին կանգնելու ենք մեր երկրի համար ավելի ծանր եւ օրհասական մարտահրավերի՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու իշխանության պատրաստակամության եւ Արցախի լինելիության վտանգի առաջ ու ստիպված էինք լինելու անժամկետ պայքար սկսել՝ հանուն ՀՀ-ի եւ Արցախի: Պայքարը Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահանջով շարունակվում է եւ շարունակվելու է»:

 

 

 

ՁԵՌՔ Է ԲԵՐՎԵԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ պաշտոնական այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը. «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը: «ՀՀ վարչապետի այցի շրջանակում ստորագրվել է փաստաթղթերի պատկառելի փաթեթ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Ռուսական եւ հայկական համապատասխան գերատեսչություններն արդեն ձեռնամուխ են եղել պայմանավորվածությունների իրականացմանը։ Պայմանավորվել ենք մեր հայ բարեկամների համար պահպանել գազի արտոնյալ գնագոյացումը»,-ասել է Գոնչարը: Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի խոսքով` «Գազպրոմ Արմենիա»-ն ծածկում է «երկնագույն վառելիքի»՝ երկրի պահանջարկի 80 տոկոսը»,- հավելել է Գոնչարը:

 

 

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

Օֆշորի հայտնի գործով դատախազ Դավիթ Վեքիլյանը դատի է տվել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատախազ Վեքիլյանը ապրիլի 19-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի դատախազությանը ՀՀ գլխավոր դատախազի՝ 15 ապրիլի 2022 թվականի «Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշումը եւ ՀՀ գլխավոր դատախազի 15 ապրիլի 2022 թվականի «Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանին փոխադրելու եւ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի պաշտոնում նշանակելու մասին» հրամանը վերացնել:

 

 

 

ԱԶԱՏՎԱԾ ԴԱՏԱՎՈՐ

Այս տարվա մարտի 14-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվեցին ավտովթարի ենթարկվելուց հետո ոստիկաններին վիրավորելու համար։ ԲԴԽ-ն՝ նախագահությամբ Գագիկ Ջհանգիրյանի, բավարարեց Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը։ Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Սիմա Իսկանդարյանին։ Ըստ միջնորդության՝ դատավորը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի խախտում, մասնավորապես՝ դատավորը վթարի ենթարկվելուց հետո պատշաճ վարքագիծ չի դրսեւորել իրենց պաշտոնեական լիազորություններն իրականացնող ոստիկանների նկատմամբ, վիրավորել նրանց՝ չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին։ Ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել նրան, ինչի ընթացքում Իսկանդարյանը ոստիկանին անվանել է «ոչխար», ապա պարզաբանել. «Ոչխար ես, որովհետեւ ցավեցնում ես»։ Դատավոր Իսկանդարյանն ինքը չի ընդունում, որ ավտովթարի ժամանակ եղել է ոչ սթափ վիճակում, ինչի համար էլ կազմվել է արձանագրություն։ Ի դեպ, նշված դեպքի առնչությամբ Վարչական դատարանում եւս առկա է վարույթ, մասնավորապես՝ ոստիկանությունը դիմել է դատարան՝ Իսկանդարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Այժմ գործը գտնվում է դատավոր Մհեր Պետրոսյանի վարույթում։ Ոստիկանությունը դիմել էր նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով, որտեղ հարուցվել էր կարգապահական վարույթը, ապա՝ կարճվել, իսկ ԱՆ նախարարությունում հարուցված վարույթի շրջանակներում միջնորդությունն արդեն քննության առարկա է դարձել ԲԴԽ-ում։ Եւ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ Սիմա Իսկանդարյանը դիմել է դատարան՝ դատի տալով դատական դեպարտամենտին. լիազորություները դադարեցրած դատավորը պահանջում է որոշակի գործողություններ կատարել, այն է՝ հայցվորին տրամադրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդում քննված գործով նիստերի ձայնագրման կրիչը:




Լրահոս