Ո՞ՒՄ ԿՏՐՎԻ ՏԱՐԿԵՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության ապրիլի 22-ին կայացած նիստում հավանության է արժանացել գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Որոշման ընդունմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու գործընթացները կկատարելագործվեն, դրանք կդառնան ավելի պարզ եւ հասկանալի շահակից տարբեր խմբերի համար, սահմանված նվաճումները համահունչ կլինեն կրթության եւ գիտության արդի պահանջներին:

 

Արձանագրված խնդիրներ

Գործող տարկետման համակարգը չի նպաստում ՀՀ կրթագիտական ոլորտի զարգացմանը, իսկ սահմանված ցուցանիշները, որոնք ունենալու համար քաղաքացին համարվում է բացառիկ նվաճում ունեցող, համարժեք չեն «նշանակալի նվաճում» հասկացությանը: Հաճախ արտերկրում կազմակերպվում են մատչելի միջազգային գիտաժողովներ, որտեղ ներկայացված նյութերն առանց գրախոսության տպագրվում են: Արդյունքում գրեթե միեւնույն նյութը գնահատվում է մի քանի անգամ: Նմանատիպ գիտաժողովների նյութերը ֆորմալ բավարարում են Կառավարության որոշման պահանջներին, սակայն գիտական գործունեության հետ երբեմն ուղղակի առնչություն չունեն, հետեւաբար նմանօրինակ գիտական կոնֆերանսներին մասնակցությունը չի կարող համարվել նշանակալի նվաճում:

Գործող հաշվարկի մեթոդաբանությունը եւ բալային համակարգը, որը կիրառվում է գիտական կենտրոններում գիտնականների գիտական գործունեության արդյունավետության չափման համար, կիրառելի չեն ուսանողների պարագայում եւ գործընթացները դարձնում են ոչ ընկալելի եւ չափելի: Հետեւաբար առաջարկվող փոփոխությունների նպատակն է որոշակիացնել նվաճումների շրջանակը, իսկ գնահատումը դարձնել հստակ եւ տեսանելի:

Առաջարկվող լուծումներ

Որոշմամբ սահմանվել է, որ մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների նշանակալի նվաճում է համարվում ուսումնառության շրջանակում միջին որակական գնահատականի (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակում) առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոս ցուցանիշ ունենալու եւ դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում

տվյալ մասնագիտության գծով «Վեբ օֆ նոլիջ (Web of Knowledge)» կամ «Սկոպուս (Scopus)» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում առնվազն մեկ (հեղինակությամբ կամ համահեղինակությամբ)՝ հղման ենթակա, հրապարակված գիտական հոդված ունենալու կամ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի հրապարակման տարվա ցանկում ընդգրկված ամսագրերում տվյալ մասնագիտության գծով մագիստրատուրայում սովորելու համար առնվազն երկու, իսկ ասպիրանտուրայում սովորելու համար՝ առնվազն երեք (հեղինակությամբ կամ համահեղինակությամբ)՝ հղման ենթակա, հրապարակված գիտական հոդվածներ ունենալու հանգամանքը:

Առաջարկվող փոփոխություններով կարգավորվում է նաեւ ասպիրանտուրայում սովորող եւ հայտարարված զորակոչի ընթացքում ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված կամ ատենախոսությունը ՀՀ-ում կամ այլ պետությունում պաշտպանած, բայց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատումը կամ օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը ՀՀ գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցումը դեռ չստացած անձանց տարկետման հարցը:

Առաջարկվող փոփոխությամբ հստակեցվել է նաեւ ընդունելի վարկանիշավորման ցանկերի շրջանակը: Փոփոխությունների մի մասը ուժի մեջ է մտնելու 2023 թվականի մարտի 1-ից, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ու ժամանակ ունենան եւ ուսումնառության ընթացքում ձեռք բերեն վերոնշյալ փոփոխություններով ամրագրված նվաճումները:

Ն. Պ.

 

 

 

ՊԵՏՔ Է ՈՒԺԵՂԱՑՎԻ ՃՆՇՈՒՄԸ

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կա միջազգային ճնշում, սակայն ավելի շատ երկրների կողմից այն ճանաչելու, դատապարտելու համար պետք է սփյուռքի մեծ թվով հայեր շարունակեն աշխատել իրենց երկրներում եւ ուժեղացնել ճնշումը կառավարությունների վրա: Այս մասին նշել է Շվեդիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մուրադ Արթինը՝ ընդգծելով, որ դա պետք է արվի փաստերի հիման վրա: Նրա խոսքով՝ կարեւոր է, որ Սփյուռքի հայերը կապեր հաստատեն մարդու իրավունքների պաշտպանների, հետազոտողների, պատմաբանների եւ քաղաքական գործիչների հետ ճանաչման եւ դատապարտման գործընթացը առաջ մղելու համար։

 

«Թուրքական պետական ապարատի համար ամոթալի է 1915թ. բացահայտ տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը ժխտելը: Խոսակցությունը եւ դիվանագիտությունը կարեւոր են, բայց մենք պետք է ավելի լավ ռազմավարություններ գտնենք, քանի որ Ցեղասպանության ճանաչումը վերաբերում է մարդու իրավունքներին: Կարեւոր է այլ էթնիկ խմբերի, մարդու իրավունքների պաշտպանների, մարդու իրավունքները հարգող կուսակցությունների, պատմաբանների, հետազոտողների շրջանում դաշնակիցներ փնտրելը առանձին երկրներում միջազգային մակարդակով ճնշում գործադրելու համար։ Մարդու իրավունքները պետք է գերակա լինեն Թուրքիայի հետ առեւտրային հարաբերություններից: Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս դադարի ժխտել Ցեղասպանությունը»,- ասել է քաղաքական գործիչը:

Մուրադ Արթինը նշել է, որ այսօր Թուրքիան կառավարող իշխանության պարագայում դժվար կլինի  փաստերի հետ առերեսվելը, բայց Թուրքիայում կան բազմաթիվ ժողովրդավարական ուժեր եւ հասարակ մարդիկ, ովքեր ցանկանում են հաշտվել իրենց պատմության հետ եւ ցանկանում են փնտրել ճշմարտություն: Նրա կարծիքով՝ պետք է աշխատանք տանել այդ ուժերի հետ եւ նրանց աջակցել իշխանության գալու եւ ժխտողական քաղաքականությունը փոխելու համար։ Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի երկխոսությանը՝ Մուրադ Արթինը նշել է, որ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը երբեք չպետք է կանխի մարդու իրավունքների մասին խոսակցությունը, այն երբեք չպետք է խանգարի պատմության ու անցյալի հետ առնչվելուն, հակառակ դեպքում երբեք չի կարելի առաջ գնալ:

«Ես բացարձակապես դեմ չեմ, որ այն երկրները, ինչպիսիք են Հայաստանն ու Թուրքիան, լավ հարաբերություններ ունենան, բայց չի կարելի բանակցել Ցեղասպանության հարցի շուրջ, չի կարելի աչքերը փակել մարդկության դեմ հանցագործության վրա, որ երիտթուրքերը կատարել են հայերի եւ այլ քրիստոնյաների դեմ։ Լավ է, որ երկրները կարող են մոտենալ, շատ կարեւոր է, որ 1915 թվականի հարցը եւս ներառված լինի քննարկումներում»,-ասել է նա:

 

 

Beeline-Ը ԿՓՈԽԱՐԻՆՎԻ ՆՈՐ ԱՊՐԱՆՔԱՆԻՇՈՎ

Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով: Telecom Armenia-ն ավարտում է վերաբրենդավորման գործընթացը, որը մեկնարկել էր «Վեոն Արմենիա»-ի (ապրանքանիշը՝ Beeline) 100%  բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո։ Մայիսի 1-ից Beeline ապրանքանիշը դուրս կգա Հայաստանում գործածությունից,  իսկ Team Telecom Armenia-ն, օգտագործելով առաջին կապի օպերատորի հարուստ փորձը, կշարունակի ու առավել ակտիվ քայլերով կմտնի իր ռազմավարական ծրագրերի գործնական փուլ։ Վերաբրենդավորմանը զուգահեռ ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: NGN ցանցը արդեն հասանելի է Երեւանի Դավթաշեն եւ Արաբկիր համայքներում, Քաջարան եւ Ջերմուկ քաղաքներում, ինչպես նաեւ Գնդեվազ գյուղում։  Բացի այս, վերջին ամիսների ընթացքում Team-ը 4G ծածկույթ է ստեղծել 14 քաղաքներում եւ 65 համայնքներում՝ 4G տեխնոլոգիան ներդնելով մոտ 80 գործող կայաններում եւ ստեղծելով տասնյակ արդիական բջջային կայաններ։ Առաջիկայում նոր NGN ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաեւ շարժական կապի որակը։ 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Team-ի հիմնադիրներ Հայկ եւ Ալեքսանդր Եսայանյանների եւ «Վեոն Արմենիա»-ի միջեւ գործարքի արդյունքում հեռահաղորդակցության ոլորտում ամենամեծ ընկերություններից մեկը կրկին դարձավ հայկական։

 

 

 

 

10 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում ապրիլի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422838-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների  վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2644 թեստավորում: Մինչեւ այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3039934 է: Փաստացի այս պահին բուժվում է 1945 պացիենտ, նվազել է 7-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 410588 անձ, վերջին մեկ օրում՝ 17 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահ չի գրանցվել, մահացածների թիվը 8622 է:

 

 

 




Լրահոս