ArmLur.am-ը անձամբ ՀՀ ԳԴ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու գործով դատախազ Արմեն Մուրադյանից հետաքրքրվեց, թե ինչու երկու տարի որեւէ կոնկրետ քայլ չեն իրականացրել Մովսես Հակոբյանի հայտարարությունների մասով, արդյոք դատախազությունը կաշկանդված չէ վարչապետին պատասխանատվության կանչելու հարցում:
Հիշեցնենք, որ երեկ Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ 2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է:
Մասնավորապես, նկատի ունենալով, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված, ինչպես նաեւ դրան միացված Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով քննության առարկա են պատերազմից առաջ եւ դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում եւ ազդել պատերազմի արդյունքի վրա, իսկ դատավարության մասնակից ճանաչելու վերաբերյալ ստացված պահանջի համաձայն՝ դրան կից ցուցակում նշված անձինք զոհվել են Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում. քրեական վերոնշյալ գործով հսկողություն իրականացնող դատախազը գրավոր ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին) զոհված զինծառայողներին ճանաչել տուժող, իսկ պահանջ ներկայացրած նրանց ծնողներին, հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ:
Բացի այդ, ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է նաեւ առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետեւանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող վերոնշյալ քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վերը նշված նույն գործով վարույթն իրականացնող քննիչին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ եւ 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով: ՀՀ դատախազությունը բոլոր միջոցները գործադրելու է, մասնավորապես՝ 2020թ. աղետալի պատերազմին առնչվող քրեական գործերով դատավարության բոլոր մասնակիցների, այդ թվում՝ տուժողների եւ տուժողների իրավահաջորդների դատավարական իրավունքների լիարժեք իրացումը երաշխավորելու նպատակով, ինչի շրջանակներում մշտապես բաց է արդյունավետ հաղորդակցության համար:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ քրեական գործերի քննությունը, դրա օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, այդ շրջանակներում կայացվող դատավարական որոշումները կատարվում են բացառապես օրենքով սահմանված կարգով եւ չեն կարող կախված լինել հանրային գործընթացներից: Անթույլատրելի են իրավական դաշտից դուրս գտնվող ցանկացած գործոնով պայմանավորված, քննությունների ընթացի վրա ազդեցություն գործադրելու հրապարակային կոչերը: Դրանք չեն բխում իրավական պետության սահմանադրական հիմունքներից եւ քրեական արդարադատության շահերից:
Ք.Մ.
ԱՊՕՐԻՆԻ ՀՈՂ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ
Սեւան-Երեւան մայրուղու Արզնի եւ Չարենցավան համայնքների հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք։ Այս մասին հայտնել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը: «Մշտապես Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է գտնվում հողի բերրի շերտի նպատակային եւ արդյունավետ օգտագործման, տեղափոխման նկատմամբ բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման կատարումը։ Հերթական վերահսկողական լայնածավալ միջոցառման արդյունքում Սեւան-Երեւան մայրուղու Արզնի եւ Չարենցավան համայնքների հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք։ Հայտնաբերված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 150.000 ՀՀ դրամի չափով»,-նշված է հաղորդագրության մեջ: Բեռնատար ավտոմեքենաներով ապօրինի տեղափոխվող շուրջ 24 խմ սեւահողը հանձնվել է համայնքներին։ Միջոցառումները շարունակվում են։
ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել է. «Անթույլատրելի է վրաերթի ենթարկված հղի կնոջը անօգնական թողնելը։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ երեկ՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երեւան քաղաքի Պարոնյան եւ Լեո փողոցների խաչմերուկում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Ցավով եմ տեղեկանում, որ նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը եւ հեռացել: Ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ «մարդասպան կորտեժ»… Ցավակցում եմ մեր քաղաքացու հարազատներին։ Հուսով եմ՝ մեղավորները կստանան արժանի պատիժ օրենքի ամբողջ խստությամբ։ Հետեւողական եմ լինելու»:
ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐԻ ԴԻՄԱՑ՝ 5.000 ԴՐԱՄ
2021թ. հուլիսի 22-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում ընթանում է Դիլիջան քաղաքի բնակիչներ, 1981թ. ծնված Բաբկեն Բարսեղյանի եւ 1977թ. ծնված Դավիթ Մարկոսյանի դատավարությունը։ Բ. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2020թ. նոյեմբերի 18-ի թիվ 286-Ա հրամանով 2020թ. նոյեմբերի 24-ից երեք ամիս փորձաշրջանով աշխատանքի ընդունվելով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում՝ որպես անտառապահ, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, Դիլիջան քաղաքի բնակիչ Դավիթ Մարկոսյանի կողմից «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի կերպով թաց, կանգուն ծառեր հատելու եւ այդ ծառերից ստացված յուրաքանչյուր խորանարդ մետր վառելափայտի դիմաց 5000 ՀՀ դրամ վերցնելու շուրջ վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերելով, չի կատարել իր վրա դրված պարտականությունները եւ ակնհայտ ապօրինի անգործություն դրսեւորելով՝ Դ. Մարկոսյանին թույլատրել է ապօրինի հատել ընդհանուր 15 հատ տարբեր տեսակի թաց, կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 1 միլիոն 925 հազար դրամի վնաս։ Բ. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ մասով, Դ. Մարկոսյանին՝ 296 հոդվածի 3-րդ մասով եւ 312 հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ՆԻՍՏԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում ապրիլի 26-ին նշանակված էր 2012թ. Բերդ քաղաքային համայնքի, 2017թ. Բերդ խոշոր համայնքի ղեկավար, 1965թ. ծնված Հարություն Մանուչարյանի դատավարության հերթական նիստը։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (3 դրվագներով) եւ 314 հոդվածի 1-ին մասով։ Հ. Մանուչարյանը կալանքի տակ է գտնվում 2021թ. նոյեմբերի 9-ից։ Քրեական գործը քննող դատավոր Սամվել Մարդանյանը բազմաթիվ անգամ մերժել է Հ. Մանուչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունները։ Հ. Մանուչարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն համարելով շինծու։ Նրա շահերը դատարանում պաշտպանում են փաստաբաններ Արման Թամրազյանը եւ Հայկ Ալումյանը։ Ա. Թամրազյանը հայտնեց, որ ապրիլի 26-ի դատական նիստը չի կայացել երկու պատճառով՝ ինքն այդ օրը՝ նույն ժամերին, այլ դատական նիստի եւս պետք է մասնակցեր, Հ. Մանուչարյանն էլ առողջական փոքր խնդիրներ ուներ։ Ա. Թամրազյանն ասաց, որ դատական հաջորդ նիստի օրը դեռ հայտնի չէ։ Այդ քրեական գործով դատաքնննությունը, ըստ էության, սկսված չէ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ