Այն, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում՝ ի պաշտպանություն Արցախի ու ի հակազդումն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արված հայտարարությունների, Ստեփանակերտում, բնականաբար, մեծ ցնծությամբ են ընդունում. ArmLur.am-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Երեւանի փողոցի անհնազանդության երթերն ու ցույցերը, ասում է Հակոբյանը, հայի միասնականության մասին է վկայում, որովհետեւ անկախ հանգամանքից՝ հայն աշխարհի որ ծայրում է ապրում, Արցախն ու Հայաստանը բոլորիս հայրենիքն է: Արցախցին լավ է գիտակցում, որ Հայաստանում ոտքի են կանգնել՝ ընդդեմ օրվա իշխանության կողմից հրապարակած բերված խաղաղության օրակարգի, ինչը մեծագույն վտանգ ու պատերազմի մեսիջներ ունի: Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի մասով նշաձող իջեցնելու հայտարարությանը, ապա, ըստ մեր զրուցակցի, արցախցիների այդ հայտարարությունից հետո ոչ թե վախի մթոնոլորտ կամ պարտվողականության զգացում է, այլ, հակառակը, ավելի է ամրացրել Արցախում բնակվող հայի ոգին:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախի նշաձողն իջեցնելու մասին հայտարարությունն Արցախում ինչպե՞ս են գնահատում:
-Մինչ Մոսկվա մեկնելը Հայաստանի Հանրապետության վարչապետը Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց, որ միջազգային հանրությունը ճնշում է գործադրում ու պահանջում Արցախի հարցով նշաձողն իջեցնել: Հնարավոր չէ նկարագրել, թե Արցախում ինչ կատարվեց: Ես կարծում եմ, որ նման հայտարարություններով Փաշինյանը երբեւէ չի կարող ստանալ այն էֆեկտը, ինչն ինքն է ակնալում: Այսինքն՝ դրանով նա ոչ թե վախ, հանձնվելը, պարտվողանակություն է սերմանում, ինչը, վստահ եմ, նպատակային է արվում, այլ ավելի է պնդացնում Արցախում բնակվող հայի ոգին: Արցախցին ավելի քան հաստատակամ է դառնում իր պայքարի մեջ: Այս անգամ եւս դա տեղի ունեցավ: Այսպես որ, Արցախի խորհրդարանական 5 խմբակցությունները համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ փաստելով, որ չի կարող նշաձողի իջեցում լինել, քանի որ դա նշանակում է Արցախի հանձնում: 1990-ականների պատերազմից հետո՝ արցախյան առաջին պատերազմի հաղթանակից հետո, մենք իրականում ամենացածր նշաձողն ենք պահանջել՝ Արցախի անկախության ճանաչման հարց: Դրանից ներքեւ ուղղակի Արցախի չլինելու հարցը կարող է լինել կամ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցը. դա հաստատ չէր ընդունվելու: Այս հարցով միասնական, հենց Արցախում բնակվող հայերի անունից հանդես եկավ խորհրդարանը, մի քանի օր հետո խորհրդարանին միացան նաեւ արտախորհրդարանական 7 ուժերը, եւ բոլորս միասին ներկայացրեցինք 100 տոկոս ժողովրդի կամքը: Այնուհետեւ խորհրդարանականները սկսեցին գյուղերում, շրջաններում հանդիպումներ կազմակերպել քաղաքացիների հետ, եւ այդ հանդիպումները միս ու արյուն ստացան: Շատ հաստատակամ ենք, որեւէ որոշում չի կարող մեզ փոխել, որովհետեւ մենք այստեղ ենք, մենք այստեղ ապրում ենք ու վառ գիտակցում ենք, որ Փաշինյանի բոլոր հայտարարությունները մեզ տանում են կործանման ու նորանոր դաժան պատերազմների: Այս հարցում մենք միակամ ենք, բոլորս նայում ենք նույն ուղղությամբ, եւ որեւէ մեկը չի կարող այս համոզմունքը սասանել:
-Երեւանում այս օրերին ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու «Արցախն ադրբեջանի կազմում» չի լինելու բովանդակությամբ ցույցեր են: Արցախում ինչպե՞ս են վերաբերվում:
-Այն, ինչ բավականին երկար ժամանակ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում՝ ի պաշտպանություն Արցախի եւ ի հակազդումն Հայաստանի Հանրապետության վարչապետի արված սարսափելի հայտարարությունների, միանշանակ այստեղից մեծ ցնծությամբ է ընկալվում, որովհետեւ սա հենց դիտվում է որպես հայի միասնականություն եւ անպարտելիության ցուցադրություն, որովհետեւ, անկախ այն հանգամանքից, թե հայն աշխարհի որ ծայրում է ապրում, Արցախն ու Հայաստանը մեր բոլորի հայրենիքն են, եւ որեւէ իշխանություն կամ քաղաքական ուժ իրավասու չէ սակարկելու կամ որոշումներ ընդունելու: Սա իրականում ուժ, եռանդ, հույս է ներշնչում հային, եւ, բնականաբար, մենք որեւէ կերպ թույլ չենք տալու իշխանություններին իրականացնել այն ծրագրերը, որոնք ունեն Արցախի, Սյունիքի մասով: Այս հարցում առավել ուժ է, երբ հայը միասնական է, եւ որեւէ իշխանություն չի կարող դրա դեմն առնել:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Հայաստանի բարձր տեխնոլոգիական եւ արդյունաբերության նախարարությունը նոր ղեկավար ունի. ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ռոբերտ Խաչատրյանը, որը մինչ այս զբաղեցրել է փոխնախարարի պաշտոնը, նախարար է նշանակվել:
ArmLur.am-ն ուսումնասիրել է 38-ամյա նախարարի ներկայացրած հայտարարագիրը: Նախ նշենք, որ Խաչատրյանը ներկայացրել է 2021 թվականի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը: Ուսումնասիրելով այն՝ պարզ դարձավ, որ Խաչատրյանն ունի 2008 թվականի արտադրության Toyota մակնիշի մեկ ավտոմեքենա, որը գնել է 2011 թվականին: Բացի այս, երիտասարդ նախարարը հայտարարագրել է, որ երկու ընկերությունում բաժնետոմս ունի, 500 հազար դրամ արժեքով բաժնետոմսը նա 2011 թվականին որպես նվիրատվություն է ստացել, իսկ 50 հազար դրամ արժեքինը Խաչատրյանը 2014-ին է ձեռք բերել: Ըստ Խաչատրյանի կենսագրության՝ նա 2011- 2013թթ. զբաղեցրել է «Աստրա Կրիստալս» ընկերության կոմերցիոն տնօրենի պաշտոնը: Ի դեպ, տեղեկացնենք, որ ընկերությունը զբաղվել է սինթետիկ սապֆիրի բյուրեղների աճեցմամբ:
Նախարարի ունեցած փոխառությունները ընդհանուր կազմել են 7 մլն 324 հազար դրամ, որից 4 մլն 580 հազար դրամը՝ «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ-ից, իսկ 2 մլն 744 հազար դրամը՝ «Սիմարտեկ»-ից:
Ռոբերտ Խաչատրյանի կանխիկ դրամը կազմել է 30 հազար դոլար, 10 հազար եվրո, 4 մլն դրամ: Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 9 մլն դրամ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ
Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները մայիսի 27-ից կբարձրանան: Հիշեցնենք՝ ընկերությունը հունվարի 13-ին հանձնաժողով էր ներկայացրել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակի ներկայիս սակագինը կազմում է 230 դրամ, բայց ընկերությունն առաջարկում է բարձրացնել՝ դարձնելով 520 դրամ, 101-250 գրամ նամակի գործող գինը 410 դրամ է, այն առաջարկվում է բարձրացնել՝ հասցնելով 560 դրամ, բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հերթին առաջակում է սահմանել 500 դրամ: 501-1000 գրամ քաշով նամակի արժեքը 1260 դրամ է, ընկերությունն առաջարկում է այն նվազեցնել՝ դարձնելով 1100 դրամ, իսկ ՀԾԿՀ-ն, հակառակը, առաջարկում է սահմանել 1350 դրամ: Ուշագրավն այն է, որ «Հայփոստ»-ն առաջարկել է բարձրացնել պաշտոնական պարբերականների առաքման ծառայության սակագինը գյուղական վայրեր. տեղեկացնենք, որ ներկայումս այս ծառայության գործող սակագինը կազմում է 38 դրամ, բայց ընկերությունն առաջարկում է վերանայել եւ սահմանել 175 դրամ: Իսկ, ահա, ՀԾԿՀ-ն առաջարկել է այն նվազեցնել՝ դարձնելով 139 դրամ: Ի դեպ, արձանագրենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն նախորդ տարվա փետրվարի 1-ից մի շարք ծառայությունների գներ արդեն բարձրացրել էր:
ԺԱՄԱՆԱԿ Է ՏՐՎԵԼ
Բենզալցակայաններին մինչեւ հոկտեմբերի 20-ը ժամկետ է տրված: ArmLur.am-ը տեղեկացավ, որ բենզինի եւ դիզվառելիքի առեւտրի կետերը պետք է մինչեւ հոկտեմբերի 20-ը ապահովված լինեն հիմնական պահանջներին համապատասխանող ստուգաչափված չափանոթով:
Նշենք, որ բենզինի եւ դիզվառելիքի մանրածախ առեւտրի կետերում թերլիցքավորման դեպքերը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ապրիլի 22-ին ընդունել է «Հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման եւ կիրառման կարգը հաստատելու մասին» N 537-Ն որոշումը՝ սահմանելով hեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման եւ կիրառման կարգը: