ԱՆՊԱՐԿԵՇՏ ՈՐԱԿՈՒՄՆԵՐ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021թ. օգոստոսի 30-ին ուժի մեջ է մտել ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումը: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքում ավելացված նոր՝ 137.1-րդ հոդվածի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայհոյելու կամ անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաեւ անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, այդ արարքները պարբերաբար կատարելու համար: Նշված հոդվածի իմաստով «հանրային գործունեություն» է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը քննության առարկա է մասնավոր բողոքի կարգով, իսկ 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված արարքները՝ հանրային կարգով, այսինքն՝ նախնական քննության նախաձեռնման համար բողոքի առկայությունը պարտադիր պայման չէ: Հաշվի առնելով «ծանր վիրավորանքի» հանցակազմով նոր քրեական պրակտիկայի ձեւավորման ընթացքը քրեական ընդհանուր քաղաքականության համատեքստում ուսումնասիրելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ հանրային լայն հետաքրքրությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել եւ ամփոփվել են հանցագործության այս տեսակի քրեական շարժընթացի վերաբերյալ տվյալները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչեւ 2022թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի կտրվածքով:

Ըստ այդմ՝ նշված ժամանակաշրջանում առերեւույթ ծանր վիրավորանք հասցնելու դեպքերի առթիվ նախապատրաստված 938 նյութերից 802-ով հարուցվել է քրեական գործ, որոնցից 425-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 1-ին մասի, 377-ը՝ 2-րդ կամ 3-րդ մասերի հատկանիշներով: Քրեական գործերից 621-ը, այսինքն՝ շուրջ 77.5%-ը հարուցվել է ուղիղ հայհոյանք հնչեցնելու, իսկ 181-ը կամ ընդամենը 22.5%-ը՝ այլ ծայահեղ անպարկեշտ արտահայտություններով ծանր վիրավորանք հասցնելու փաստերով:

Ընդ որում, քրեական գործերից 21-ի դեպքում հարուցման առիթ է հանդիսացել զանգվածային լրատվամիջոցներում, 285-ի դեպքում՝ ինտերնետային սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումներում, մեկնաբանություններում տեղ գտած հրապարակումները, իսկ 497 դեպքում՝ դիմողի (տուժողի) բողոքը: Այսինքն՝ նախ՝ ճնշող մեծամասնության դեպքում քննության համար ծանր վիրավորանքի ենթարկված անձինք են դիմում, բացի այդ, քննության առարկա հանդիսացող ծանր վիրավորանքի մեծ մասն առերեւույթ կրել է ոչ հրապարակային բնույթ, այսինքն՝ դրանք հնչեցվել են առանց տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների, հրապարակային այլ եղանակների օգտագործմամբ, հաճախ արվել են կենցաղային փոխհարաբերություններում: Այս իմաստով հատկանշական է, որ հարուցված քրեական գործերից ընդամենը 2-ի դեպքում է առերեւույթ ծանր վիրավորանք հասցնելը վերագրվել լրագրողի, 38 դեպքում՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց, եւ 762 դեպքում՝ այլ անձանց: Վերջինս փաստում է, որ նախ՝ որեւէ հիմք չունեն պնդումներն այն մասին, որ ինչպես նշված արարքի քրեականացումը, այնպես էլ դրանցով քրեական գործերի եւ քրեական հետապնդումների հարուցումն ուղղված է մամուլի ազատության, ազատ խոսքի դեմ կամ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց անհիմն հետապնդման ենթարկելուն կամ կոնկրետ անձանց քննադատությունից պաշտպանելուն: Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով  հարուցված քրեական գործերից 2-ի պարագայում ծանր վիրավորանքի թիրախ են հանդիսացել լրագրողները, 10-ի դեպքում՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող ակտիվ կամ քաղաքական ուժերի համակիր անձինք, 71-ի դեպքում՝ հանրային ծառայողներ կամ պետական իշխանության մարմինները ներկայացնող պաշտոնատար անձինք, 198-ի դեպքում՝ բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնցից որոշների դեպքում՝ նաեւ նրանց ընտանիքի անդամները: Նշված ժամանակահատվածում կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով հարուցված 171 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում:  Քննված կամ քննվող գործերով մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 160 անձի, որոնցից 131-ին՝ ուղիղ հայհոյանք հնչեցնելու, 29-ին՝ այլ ծայրահեղ անպարկեշտ որակումներ եւ արտահայտություններ անելու համար: Ընդ որում՝ որպես մեղադրյալ ներգրավված անձանց թվում չկան լրագրողներ, պաշտոնատար անձինք, 26-ի դեպքում մեղադրյալի կարգավիճակ ունեն քաղաքական ուժերին հարող, համակիր անձինք, իսկ մնացած դեպքերում՝ այլ անձինք: 108 անձի վերաբերյալ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում:

 

 

 

ԿՆՈՋԸ ՆԵՐԳՐԱՎԵԼ Է ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից կնոջը թրաֆիքինգի ենթարկելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ծեծի, ինչպես նաեւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

Մինչդատական վարույթում իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 31-ամյա տղամարդը Երեւան քաղաքի 20-ամյա բնակչուհուն սեռական շահագործման մեջ դնելու, պահելու եւ ենթարկելու նախնական դիտավորությամբ, 2020 թվականին փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ  մտնելով  նրա հետ, վերջինիս  ներգրավել  է պոռնկության մեջ: Որոշ ժամանակ անց կինը հրաժարվել է զբաղվել պոռնկությամբ, սակայն տղամարդը, բռնություն գործադրելով կնոջ նկատմամբ, հարկադրել է նրան եւ ստացված ամբողջ հասույթը անձամբ տնօրինել: Բացի այդ, 31-ամյա տղամարդը, չհանդիսանալով 20-ամյա կնոջ` 2018թ. ծնված երեխայի կենսաբանական հայրը, համապատասխան ՔԿԱԳ տարածքային բաժնում ներկայացրել է ակնհայտ սուտ տեղեկություն՝ երեխայի հայրը հանդիսանալու վերաբերյալ, եւ ստացել հայրության ճանաչման պետական վկայական: Քննությամբ պարզվել է նաեւ, որ տղամարդը 2021թ. ապրիլի 13-ին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 20-ամյա կնոջ մոր հետ, որի ընթացքում ծեծել վերջինիս, պատճառել մարմնական վնասվածք: Միաժամանակ պարզվել է, որ 2021թ. հունիսին հիշյալ տղամարդը Երեւան քաղաքում մի շարք անձանց նպաստել է զբաղվել պոռնկությամբ, ինչի դիմաց նրանցից ամենօրյա ռեժիմով պահանջել եւ ստացել է գումարներ։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  132-րդ հոդվածի 1-ին մասով,  1691-րդ, 118-րդ հոդվածներով, 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով, եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

 

 

 

ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է ԻՐ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական եւ դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու, ինչպես նաեւ նույն ընկերության տնօրենների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահը, օգտվելով այն հանգամանքից, որ նշված ընկերության տնօրեններն իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով չեն կատարել իրենց պարտականությունները, 2019 թվականի սեպտեմբերից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով ՀՀ-ում գործող բանկերից մեկի կողմից նրանց տրամադրված էլեկտրոնային բանալին, 105 գործարքներով ընկերության հաշվեհամարից, որպես առ հաշիվ գումար, ելքագրել է 348.502.000 դրամ, որից, որպես առ հաշիվ տրված գումարի ետ վերադարձ, մուտքագրել է 242.200.000  դրամ, իսկ գումարի տարբերություն կազմող առանձնապես խոշոր չափերով 106.302.000 ՀՀ դրամ գումարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կանխիկացրել եւ օգտագործել է իր անձնական կարիքների համար։

Նախաքննության ընթացքում ընկերության գլխավոր հաշվապահն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179֊րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ընկերության տնօրեններից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերության մյուս տնօրենը 2021թ. սեպտեմբերին հատել է ՀՀ պետական սահմանը եւ չի վերադարձել: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ընկերության գլխավոր հաշվապահի եւ տնօրեններից մեկի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:




Լրահոս