Ո՞Ր ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԵՆ ԽԱԽՏՎՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում աշխատանքային՝ ներառյալ աշխատողների առողջության ու անվտանգության պահպանման իրավունքների խախտման տեսանկյունից ռիսկային ոլորտներն են հանքարդյունաբերությունը, շինարարությունը, ցամաքային տրանսպոտի, առեւտրի ոլորտները: 

 

Այս մասին նշել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը:  «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ առավել հանդիպող խախտումներն են աշխատանքային պայմանագիր կքնելու, վերջնահաշվարկ կատարելու, աշխատավարձերը ժամանակին վճարելու պահանջները, աշխատանքային պայմանագիրը լուծելու օրենքով սահմանված ընթացակարգերը չպահպանելը»,- ասել է նա: 2021 թվականին տեսչական մարմնի կողմից հարցուցվել է 532 վարչական վարույթ, որոնցից 255-ը՝ իրենց նախաձեռնությամբ, մնացածը՝ դիմումների հիման վրա:  Տեսչական մարմնի կողմից խախտումները վերացնելու համար տրվել է 112 կարգադրագիր-հանձնարարական: Հարուցված վարչական վարույթներից  292-ը կարճվել են, որոնցից 86-ը՝ դիմումից հրաժարվելու հիման վրա: Վերլուծությունը ցույց է տալիս, որ դիմումատուները հիմնականում դիմումներից հրաժարվել են այն պատճառով, որ վարչական վարույթի ընթացիկ փուլում գործատուներն ինքնակամ վերականգնել են խախտված իրավունքները, հետեւաբար վերացել է վարչական ակտ ընդունելու անհրաժեշտությունը: Վարչական վարույթների արդյունքում հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին 163 որոշում, որոնցից 25-ը եղել են նախազգուշացումներ, մնացած դեպքերով սահմանվել է 24 մլն 400 հազար դրամի տուգանք:

«2022 թվականի համար նախատեսված ստուգումների թիվը նկատելիորեն աճել է: Տնտեսավարողների մոտ նախատեսված է 407 ստուգում: Աճը պայմանավորված է ռիսկի մեթոդաբանության փոփոխությամբ: Ասեմ, որ արդեն իսկ 120 տնտեսավարողի մոտ ստուգումներ են սկսվել»,- ասաց նա: 2022 թվականի առաջին երեք ամսում տեսչական մարմինը հարուցել է 322 վարչական վարույթ, որոնցից 229-ը՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ, մնացածը՝ ստացված դիմումների հիման վրա: Նշանակվել է շուրջ 17 մլն դրամի տուգանք:

Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանի խոսքով՝ քաղաքացիներից դիմում-բողոքները ստանում են, երբ նրանք արդեն աշխատանքից ազատվում են, աշխատանքային հարաբերությունների մեջ չեն լինում:  «Հետեւաբար, քաղաքացիներից ստացված դիմումների գերակշիռ մասը վերաբերում է գործատուների կողմից վերջնահաշվարկ չկատարելուն, ամենամյա արձակուրդ չտրամադրելուն»,-ասել է նա:

Քաղաքացիները սկսել են ավելի շատ դիմել տեսչական մարմնին: 2020 թվականի ընթացքում տեսչական մարմինը ստացել է 93 դիմում, 2021 թվականին՝ 277, 2022 թվականի առաջին երեք ամիսներին՝ 93 դիմում-բողոք: Աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանն էլ տեղեկացրել է, որ տեսչական մարմնի լիազորությունների ընդլայնմանը զուգահեռ ավելացել է տեսուչների թիվը:

«Հաստիքներն ավելացվել են, այժմ այդ թափուր տեղերը լրացվում են: Այնուամենայնի, տեսուչներն աշխատում են բավական ծանրաբեռնված, քանի որ վերահսկողական գործընթացները բավական ակտիվ են: Կարծում եմ, որ ամբողջական համալրումից հետո կկարողանանք նաեւ մեծ ծավալի աշխատանք կատարել»,- ասել է Ա. Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ զուգահեռ իրականացվում են նաեւ տեսուչների վերապատրաստման դասընթացներ:

 

 

 

ՍՏԱՐՏԱՓԸ ՁԵՌՔԻ ՊՐՈԹԵԶՆԵՐ Է ԱՐՏԱԴՐՈՒՄ

Նախագծում են, մոդելավորում, 3D պրինտերով տպում եւ հավաքում. ArmBionics ստարտափի երիտասարդ անդամները զրոյից ստեղծում են ձեռքի պրոթեզներ։ Ստարտափի տնօրեն եւ համահիմնադիր Մարինա Դավթյանը բժշկական համալսարանի ուսանող է, ընկերների հետ հետազոտական նախագիծը սկսել է 2017-ին, բայց նոր թափով սկսեցին աշխատել 2020-ի պատերազմից հետո հաշմանդամություն ձեռք բերած տղաներին օգնելու համար։

 

Ստարտափը մշակում է ձեռքի պրոթեզների երեք տեսակ՝ միոէլեկտրիկ, մասնակի եւ մեխանիկական, որոնք աշխատելու են մատների, ձեռքի, արմունկի հատվածներում: ArmBionics-ը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի 2021 թվականի դրամաշնորհային ծրագրի շահառուներից է։ Հիմնադրամի ֆինանսավորմամբ ստարտափը ձեռք է բերել ձեռքի պրոթեզների պրոտոտիպերի կատարելագործման համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկա, նյութեր եւ սարքավորումներ։

Աջակցության շնորհիվ նաեւ մեծացել է թիմը, ստեղծվել են նոր աշխատատեղեր։ Ստարտափն իր շուրջն է միավորել նաեւ սփյուռքահայ կամավորների աշխարհի տարբեր կողմերից։

«Նախագիծն իր շուրջ համախմբել է Հայաստանի ու սփյուռքի տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդների, որոնց նպատակն է զրոյից ներկայացնել միջազգային ստանդարտին համապատասխան ձեռքի պրոթեզներ եւ այդ ամենը իրականացնել Հայաստանում։ Ստարտափը նաեւ սկսնակ մասնագետներին ու ուսանողներին հնարավորություն է ընձեռում ստանալ փորձ եւ գիտելիքներ, որոնք կկարողանան կիրառել նաեւ պրակտիկորեն։ Ուրախ եմ նշել, որ մեր հիմնադրամը Հայաստանում առաջին կազմակերպությունն է, որ իր լուման ունեցավ այս կարեւոր ծրագրում»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Մեր շահառուները վերին վերջույթների հաշմանդամություն ունեցող մարդիկ են, ովքեր ամպուտացվել են տարբեր մակարդակներում: Մեր պրոդուկտները մի քանի տեսակի են եւ մենք կենտրոնացած ենք արմունկից ներքեւ պրոթեզների կատարելագործման ու արտադրության վրա: Շատ ոգեւորիչ է մեզ համար, որ հիմնադրամի աջակցության շնորհիվ կարողանում ենք համալրել թիմը, նոր աշխատակիցներ ներգրավել, նաեւ հնարավորություն ընձեռվեց մեզ մոտ կամավոր անդամներից մեկին սփյուռքից բերել Հայաստան, ինչը շատ կարեւոր է»,- նշել է ArmBionics ստարտափի համահիմնադիր Մարինա Դավթյանը: Առաջին շահառուներին մեխանիկական պրոթեզները կնվիրաբերվեն: Մեկ շահառու արդեն ստացել է արմնկային պրոթեզ, 2-րդ շահառուն՝ մասնակի, 3-րդը՝ աշխատանքային գործընթացում է:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է «Ակբա» բանկի, ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ», Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի եւ Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

 




Լրահոս