ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԳՆԱՃՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա մարտին 12-ամսյա գնաճն ավելացել է եւ կազմել 7.4 տոկոս, ավելացել է նաեւ 12-ամսյա բնականոն գնաճը՝ կազմելով 7.0 տոկոս, սակայն ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝  կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

 

Նա նախ հիշեցրել է, որ 2022 թվականի մայիսի 3-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25 տոկոս:

«Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտությունը շարունակվում է, եւ պահպանվում են դրա հետ կապված անորոշությունները: Սա բացասաբար է արտահայտվում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական եւ ֆինանսական շուկայի  զարգացումների վրա: Այդ երկրներում տնտեսական աճի տեմպերի սպասվածից արագ դանդաղումն ուղեկցվում է գնաճային միջավայրի ընդլայնմամբ: Վերջինս պայմանավորված է արժեշղթաների խաթարումներով եւ միջազգային ապրանքահումքային շուկաներում գնաճի արագացմամբ: Այսպիսով, արտաքին հատվածից Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա գնաճային ազդեցությունը կպահպանվի»,-ասել է Գալստյանը:

Նրա խոսքով՝  2022 թվականի առաջին եռամսյակում դիտվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության սպասվածի համեմատ ավելի դրական զարգացումներ: Միջազգային այցելուների զգալի ներհոսքը արտացոլվում է ծառայությունների ճյուղի բարձր աճում եւ ընդլայնում ամբողջական պահանջարկը: «Դա նպաստում է ՀՀ արտաքին հաշվեկշռվածության բարելավմանը եւ արժութային շուկայում դրամի արժեւորմանը: Գնահատվում է, որ վերջինս դրական ազդեցություն կփոխանցի նաեւ ներքին գնաճային միջավայրի թուլացման եւ գնաճային սպասումների նվազման ուղղությամբ»,-ասել է ԿԲ նախագահը: Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել վերաֆինանսավորման տոկոսադրույքը դեռեւս թողնել անփոփոխ: ԿԲ խորհուրդը հետեւողական է համարժեք գործողություններով չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: «Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի եւ միջնաժամկետ  հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին»,-նշել է նա:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը պահպանվում է։ Միաժամանակ ԿԲ-ից ընդգծում են, որ կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որեւէ ուղղությամբ դրսեւորման պարագայում խորհուրդը համարժեքորեն կարձագանքի եւ կապահովի գների կայունության նպատակը:

Ըստ նրա՝ 2021-ին բարելավվել է բանկերի ինչպես վարկային պորտֆելի որակը, այնպես էլ ռիսկերի կլանման կարողությունը: Էապես նվազել է վատորակ վարկերի կշիռը, որին, ի լրումն տնտեսական ակտիվության աճի գործոնի, նպաստել է նաեւ բանկերի եւ վարկառուների կողմից ցուցաբերած առավել պահպանողական մոտեցումը: Գալստյանը վստահեցնում է՝ բանկային համակարգերի ռիսկերի կլանման կարողությունը բարելավվել է, մասնավորապես՝ գրանցվել է թե՛ կապիտալի, թե՛ իրացվելիության բուֆերների աճ:

Ն. Պ.

 

 

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՐԸ

ՀՀ կրթության, գիտութան, մշակութի եւ սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձեւով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման եւ անցկացման աշխատակարգը եւ ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2-րդ քննաշրջանի համար դրսեկության ձեւով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի հունիսի 7-ից մինչեւ հուլիսի 6-ը՝ ներառյալ Երեւանի թիվ 198 ավագ դպրոցում:

 

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Հայոց լեզու», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա» եւ «Կենսաբանություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ եւ անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Հայոց պատմություն», «Գրականություն» եւ «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները՝ բանավոր:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» եւ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ եւ անվտանգ կենսագործունեություն» եւ «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները՝ բանավոր:

«Ֆիզկուլտուրա» առարկայի քննության անցկացման եղանակը ստուգարքն է: Գրավոր քննական թեստերը կազմում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը` յուրաքանչյուր առարկայից առնվազն 4 թեստ՝ գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից՝ գնահատման 10 բալային համակարգով: 2022 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձեւով (էքստեռն) քննությունները կանցկացվեն՝ համաձայն սահմանված ժամանակացույցի:

Հիմնական կրթության վկայականում եւ միջնակարգ կրթության ատեստատում ավարտական եւ պետական ավարտական քննական առարկաները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի:

 

 

 

ԴՊՐՈՑԸ՝ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Ապրիլի 19-ին Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանին, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմիների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  22-րդ կետով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի  առաջարկությունը, որոշել է Նոյեմբերյան համայնքի «Կողբի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ը անվանափոխել եւ անվանակոչել Նոյեմբերյան համայնքի «Տիգրան Մանսուրյանի անվան մանկական երաժշտական դպրոց» ՀԱՈԿ։ Այդ որոշմանը կողմ են քվեարկել նիստին ներկա  գտնված համայնքի ավագանու բոլոր 16 անդամները։ Կողբի մանկական երաժշտական դպրոցը հիմնվել է 1993 թվականին, ունի 76 սան։ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը Կողբի  մանկական երաժշտական դպրոցի անվանակոչման հետ կապված սոցցանցի իր էջում գրառում է կատարել, լուսանկարներ  հրապարակել, որտեղ  երեւում են  այդ  առթիվ Կողբի երաժշտական դպրոց այցելած Տիգրան Մանսուրյանը, այլ հյուրեր։

 

 

 

ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը ապրիլի 26-ին որոշում է ընդունել Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական Աշոտ Թամրազյանին 2022թ. մայիսից 1-ից ազատել զբաղեցրած պաշտոնից եւ կատարել վերջնահաշվարկ։ Որոշման հիմքը պաշտոնից ազատվելու մասին Աշոտ Թամրազյանի դիմումն է։ Բացի Աշոտ Թամրազյանից, Դիլիջան համայնքի ղեկավարն ունի նաեւ այլ խորհդական, օգնական, առաջին տեղակալ։

 

 

 

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ»-Ը՝ ՊՈԱԿ-Ի ԴԵՄ

«Վեոլիա Ջուր»  ՓԲԸ ներկայացուցիչը «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ից  278 հազար 380 դրամ գումար բռնագանձելու պահանջով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել։ Դատարանի 2022թ. փետրվարի 18-ի որոշմամբ  հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։ 2022թ. ապրիլի 13-ին հայցվորի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել առարկություն, որով խնդրել է գործի պարզեցված վարույթը դադարեցնել եւ գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով։ Ապրիլի 18-ին Տավուշի մարզի աաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Ջավախյանը որոշել  է նշված քաղաքացիական գործով պարզեցված վարույթը դադարեցնել եւ գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով, դատական նիստ նշանակել 2022թ. մայիսի 26-ին դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս