«80-ականների զենքերի ամոթալի էջը փակված է», «80-ականների զենքի էջը փակում ենք». երկու մտքի հեղինակն էլ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն է: Առաջին հայտարարությունն արել է պատերազմից առաջ՝ 2020-ի հունվարի 20-ին, երկրորդը՝ պատերազմից հետո՝ 2021-ի մայիսի 5-ին: Քանի որ ոչ միայն վարչապետը, այլեւ նրա թիմակիցները նախկինում արած հայտարարություններից հետ կանգնելու ու «դա չենք նկատի ունեցել» ասելու բնավորություն ունեն, ապա թե՛ Փաշինյանի, թե՛ նրա խոսքը որպես աքսիոմ ընդունողների համար մանրակրկիտ բացատրենք՝ «փակված է»-ի ու «փակում ենք»-ի լեզվաբանական տարբերությունը: Առաջինի դեպքում «փակված» հարակատար դերբայը ստորոգյալի մի մասն է՝ ստորոգելին: Օժանդակ բայի հետ ստորոգյալ դառնալով՝ ցույց է տալիս կատարված եւ ավարտված գործողություն, ժամանակը՝ անցյալ: «Փակում ենք»-ը նույնպես նախադասության ստորոգյալն է, նրա ժամանակը, սակայն, անկատար ներկան է, այսինքն՝ գործընթացը դեռեւս չի ավարտվել, խոսքին զուգահեռ այն իրագործվում է: 80-ականների զենքի էջը փակելու տրամաբանության մեջ էին տեղավորվում, ըստ երեւույթին, Փաշինյանի մեկ այլ՝ «Սու-30»-ների մասին հայտարարությունները: «Այսօր շատ կարեւոր օր է մեզ համար, որովհետեւ ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ»,- 2019-ի դեկտեմբերի 27-ին հպարտորեն հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը: 44-օրյա պատերազմից հետո, սակայն, պարզվեց, որ գերժամանակակից ՍՈւ-երն առանց հրթիռի են եղել. «Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիսին են բերվել, եւ, այո, չենք հասցրել հրթիռները մինչեւ պատերազմը ձեռք բերել»: 44-օրյա պատերազմից հետո բանակի վերականգնման ու զինված ուժերի վերազինման աշխատանքների մասին լիազոր մարմինը՝ Պաշտպանության նախարարությունն առ այսօր որեւէ տեղեկատվություն չի տրամադրել, ու այդպես էլ բաց է մնում, թե, ի վերջո, «ամոթալի» այդ էջն օրվա իշխանությունները դեռ բացում-փակում են, թե բավարարվում են, օրինակ, զինվորին ելակ տալը որպես չլսված ձեռքբերում ներկայացնելով:
Ապրիլի 17-ից Երեւանի Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանը սկսեց շուրջօրյա պայքար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Մայիսի 1-ից փակ է Երեւանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակը, եւ արդեն չորս օր է՝ առավոտից մինչեւ կեսօր, պարալիզացված են մայրաքաղաքի եւ Հայաստանի մի շարք մարզային ճանապարհներ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ հետաքրքրվել՝ ինչ է նա մտածում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ դրա հանգուցալուծման մասին: Հետաքրքրվել էինք նաեւ՝ որպես նախագահ՝ ինչ է անում երկրում ներքաղաքական լարվածության հանգուցալուծման համար: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցադրմանը՝ հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին. «Հանրապետության նախագահը հետեւում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»: Թերեւս դրական է, որ ՀՀ նախագահը գոնե հետեւում է իրադարձություններին: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հորդորել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին նստել սեղանի շուրջ եւ հանգուցալուծել իրավիճակը՝ հանուն ՀՀ-ի:
Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը: Նիստին Աղվան Հովսեփյանը ուշագրավ հայտարարություններ արեց՝ նշելով, որ այս երեք տարվա ընթացքում ուղերձներ է ստացել համապատասխան մարմիններից, նախազգուշացումներ, որ եթե հանկարծ փորձի բացակայել երկրից, իր որդիներն անմիջապես կկալանավորվեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ուժային կառույցների ղեկավար կազմը՝ Գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ԲԴԽ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն, ԱԱԾ-ն, ուշադիր, շունչները պահած հետեւել են Հովսեփյանի ելույթին՝ սպասելով, թե իրենց էլ կանդրադառնա, սակայն Հովսեփյանը անդրադարձավ միայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, թե ինչպես է նա դիմել, որ Քննչական կոմիտեում քննիչ աշխատի, սակայն ստացել է մերժում: Ավելի ուշ Աղվան Հովսեփյանին է դիմել Սասուն Խաչատրյանի հայրը` Արաբկիրի դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը, սակայն նրա խնդրանքը եւս չի բավարարվել:
Հայաստանում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին պակասել է ոչ միայն ծնվածների, այլեւ մշտական բնակչության թվաքանակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի հունվար եւ մարտ ամիսներին ծնվածների թիվը կազմել է 7483, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 8618, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն պակասել է՝ դառնալով 8098: Մշտական բնակչության թվաքանակը այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 963 հազար 900 մարդ. մեկ տարվա ընթացքում մշտական բնակչության թվաքանակը պակասել է 2300-ով: Բացի այս, պակասել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 124-ից հասնելով 96-ի: