«ԱՐՏԱՌՈՑ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ԱՅՍՏԵՂ ՉԼԻՆԵԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման կողքին նաեւ «5165» շարժումը եւ բողոքի ակցիա է իրականացնում: Ըստ շարժման հայտարարության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր բոլոր ձախողումների ու հանցագործությունների մեղքը միշտ հմտորեն բարդում է տարբեր մարդկանց, խմբերի, հաստատությունների վրա, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող փաստաթուղթ ստորագրելու իր պատրաստակամությունն այս անգամ էլ ժողովրդին ուզում է մատուցել միջազգային հանրության կողմից ճնշումների մասին կեղծ թեզերով, իբրեւ թե միջազգային հանրությունն է ստիպում Հայաստանին իջեցնել իր սահմանած նշաձողն Արցախի հարցում։

 

«Արցախի հարցում հայ ժողովրդի սահմանած նշաձողը արցախցիների ազատությունն ու անվտանգությունն է, ինչն իջեցնելը հավասար է ցեղասպանության։ Իր անվերջ ձախողումների ու հանցանքների մեղքը «նախկինների», ԳՇ պետերի, պաշտպանության նախարարների, ՀԱՊԿ-ի ու այլեւայլ սուբյեկտների վրա բարդելուց հետո Նիկոլ Փաշինյանը այժմ սլաքներն ուղղում է միջազգային հանրության վրա։ Նա շարունակում է ժողովրդին ահաբեկել, որ, իբր, «խաղաղության պայմանագիր» չկնքելու դեպքում նոր պատերազմ է սպառնում մեզ։ Նա պատերազմի սպառնալիքով այսպես Ադրբեջանին է զիջելու նաեւ Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը…»,- ասում են շարժան անդամները:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, ասում է, որ ամբողջ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հանցավոր ու ապիկար ղեկավարման մեջ է, ուստի նրան հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է։ «Հեռացնելով նրան ու համախմբվելով Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության եւ մեր ազգային արժանապատվության վերականգնման գաղափարի շուրջ՝ մենք կարող ենք արագ բարձրացնել Հայաստանի պաշտպանունակությունը, վարել ազգային-պետական շահերից բխող արտաքին ու ներքին քաղաքականություն, եւ ոչ մի թշնամի այլեւս չի կարող թելադրել մեզ իր կամքը»,- ընդգծում է մեր զրուցակիցը։

-Պարո՛ն Գրիգորյան, մի քանի այլ երգիչների հետ մի հրաշալի երգ ունեք. «Ի զեն»-ի մասին է խոսքը: Հիմա այդ պա՞հն է:

-Ես կարծում եմ, որ ի զենը չի նշանակում հենց զենք վերցնել, թեեւ  նշանակում է, որ զենք պետք է վերցնենք, բայց ի նկատի ունենանք, որ պետք է պայքարենք:  Պետք է անտարբեր չլինել հատկապես հիմա, երբ ոտնահարված են մեր ազգային եւ պետական շահերը, իրավունքները: Ամեն օր մեր արժանապատվությունը նսեմացվում է թշնամի պետության ղեկավարի կողմից: Այստեղ իշխանությունը պատասխան չի տալիս: Բա պետք է ելնենք պայարենք՝ հանուն Հայաստանի փրկության, ազատության, հանուն մեր ազգային արժանապատվության: Այսինքն՝ սա բնական երեւույթ է, մենք արտառոց բան չենք անում: Ես այստեղ եմ, եւ սխալ ու արտառոց կլիներ, որ ես այստեղ չլինեի, ոչ միայն ես, այլ իմ ընտանիքն ու երեխաները նույնպես այստեղ են: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ այսօր այստեղ պետք է լինի:

-Տեսնո՞ւմ եք այդ էներգիան մարդկանց մեջ այս հրապարակում:

-Այո, իհարկե, կա էներգիա, եւ ասեմ, որ 10 օր է, ինչ մենք սկսել ենք այս շարժումը, որը քաղաքական չէ, կուսակցական շահեր չի հետապնդում: Էներգիան ու ժողովրդի  մասնակցությունը օր օրի մեծանում է: Այսօր մեր ժողովուրդն ավելի շատ է զգում, թե մենք հիմա ինչ վտանգավոր վիճակի մեջ ենք, դրա համար անտարբեր չեն: Շատ մեր հայրենակիցներ, որոնք լռում էին, կողմ էին այս իշխանությանը, այսօր դուրս են եկել պայքարելու, որովհետեւ իրենք բոլորն էլ արդեն գիտակցում են, որ  սա մեր պետության գոյության խնդիրն է: Վերջիվերջո, մենք պե՞տք է Արցախին տեր կանգնենք, թե՞ ոչ: Մենք պետք է տեր կանգնենք ու բոլորին ստիպենք հաշվի նստել մեզ հետ, որ Արցախը հայկական է: Դա մեզնից է  գալիս. եթե մենք չսկսենք, ապա ոչ մեկ աշխարհում չի մտածելու այն մասին, որ Արցախը հայկական է: Մեր սահմանների մասին մենք պետք է մտածենք, ուրիշնե՞րը պետք է գծեն, թե մեր սահմանները ոնց պետք է գծվեն: Մեր ճակատագիրն ու մեր ապագան մենք ենք որոշելու: Մեր երիտասարդներն ու ուսանողները պետք է ոտքի ելնեն: 1988 թվականի  շարժմանը ես այստեղ՝ Կոնսերվատորիայի բակում, նստացույց  էինք անում: Ես այդ ժամանակ ուսանող էի: Մենք՝ որպես ուսանողներ, պայքարում ու մասնակցում էինք արցախյան շարժմանը, եւ մենք հասանք հաղթանակի: Ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում հայը, մի բռունցք դարձած, հաղթեց: Մնում է գիտակցել, որ սա ազգային խնդիր է, ուրիշ խնդիր չէ, եւ պայքարը բոլորինն է:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆՏԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻՑ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Դատարանում քննարկվում է Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցը։ Մասնավորապես, մեղադրող դատախազները պահանջում են անփոփոխ թողնել Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Մեղադրողը գտնում է, որ Հովսեփյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ նկատի ունենալով մեղսագրվող արարքի ծանրությունը, ինչպես նաեւ Հովսեփյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնները։

 

Մինչ պաշտպանները կմիջնորդեին փոփոխել խափանման միջոցը՝ Աղվան Հովսեփյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ խնդրելով, որ այսուհետ իր կողմից հնչած որեւէ դատողություն չընկալեն որպես վիրավորանք՝ ո՛չ դատախազները, ո՛չ դատարանը, որովհետեւ 45 տարի ծառայել է դատաիրավական համակարգում եւ վստահեցնում է, որ երբեք որեւէ բան չի արել, ինչը կարող է վիրավորել դատախազության յուրաքանչյուր աշխատողի կամ դատավորի։

Հովսեփյանը նշեց, որ ինքը 8 ամիս գտնվել է կալանքի տակ, լռել, ոչինչ չի ասել՝ ի պաշտպանություն իրեն, քանի որ ասողին լսող է պետք, իսկ լսելը միայն ականջներով չէ, լսել է նաեւ վերլուծելը, գիտակցելը, ի վերջո, իրավաբանի լսելը նշանակում է անցկացնել իր իրավագիտակցության մեջ, իսկ այս պարագայում ու՞մ համար խոսեր, երբ հասկանում ես, որ դիմացինդ ոչ միայն չի ուզում ընկալել քեզ, այլեւ, հակառակը, յուրաքանչյուր խոսք մշակվում է, կտցահարելով փորձում են ինչ-որ ապացույցներ ստեղծել։ Աղվան Հովսեփյանը հայտնեց, որ այս երեք տարվա ընթացքում ուղերձներ է ստացել համապատասխան մարմիններից, նախազգուշացումներ, որ եթե հանկարծ փորձի բացակայել երկրից, իր որդիներն անմիջապես կկալանավորվեն։ Նրա խոսքով՝ երբեք չի պատրաստվել մեկնել երկրից, իր հայրենիքից բացակայել, երբեւէ մտադրություն էլ չի ունեցել, հիմա էլ չունի, ավելին՝ իշխանափոխությունից հետո Մոսկվայում իրեն առաջարկել են մնալ այնտեղ, ինքը հրաժարվել է, հիմա էլ է նշում՝ հայկական բանտը նախընտրում է Մոսկվայում երեքսենյականոց հարմարավետ բնակարանից՝ փախուստի մեջ։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ կան մարդիկ, որոնք ուզում են տեսնել իրեն կալանքի տակ, որ իրենց սրտները հովանա: Փառք Աստծո, սրտները հովացավ։ Հովսեփյանը ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ բոլոր ցուցմունքները, որոնք դիտում են որպես ապացույց, ձեռք են բերվել ընտրություններից հետո՝ երեք տարի գործը քննելուց հետո։ Աղվան Հովսեփյանը պատմեց, որ իր ձերբակալության ժամանակ քննիչն իրեն ասել է՝ պետք է պաշտպանի երկու անձի շահ, ինչը նշանակում է, որ քննիչն իրեն դրել է տուժողների լիազոր ներկայացուցչի կարգավիճակում։

Հովսեփյանը դատախազներին հորդորեց հրաժարվել մեղադրանքից, հակառակ դեպքում կստացվի, որ վերջիններս անաչառ չեն։

 

 

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԹԱՆՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ 2022թ. մայիսի 3-ին Երեւան քաղաքի Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցը, ընդգրկված լինելով ծառայությունում եւ իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, Երեւան քաղաքի Սարյան փողոցից դեպի Պուշկին փողոց շարժվող քաղաքական ընդդիմության երթի մասնակիցներին ներկայացրել է երթեւեկելի գոտին ազատելու օրինական պահանջ, ինչից հետո նույն երթի մասնակիցը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում ծառայողական պարտականնությունների հետ կապված բռնություն գործադրել՝ ձեռքով հարվածել է ոստիկանության ծառայողի դեմքին:

Պարզվել է առերեւույթ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ԱՆԻՄԱՍՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ

«Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն արձագանել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ բանավիճելու հրավերին:

«Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու  ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ, հայտնում եմ,  որ ամեն ինչ ասված է. հասարակությունը գիտի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, եւ հիմա այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը։

«Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, որն անգամ զինվորական ծառայություն չի անցել եւ պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետեւ ամեն ինչ վաղուց ակնհայտ է»։

 

 




Լրահոս