Ազգային ժողովի ամբիոնից 2014-ի մարտի 24-ին այն ժամանակ դեռ ՀԱԿ խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ «արագաչափերի ընկերության հետեւում կանգնած է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: Ասում եք` ո՞ւր են գնում գումարները. ո՞ւր են գնում, Սերժ Սարգսյանի ընտանիքին է գնում: Նախկինում հանրային գիտակցության մեջ Սերժ Սարգսյանի եղբայրը ընկալվում էր՝ որպես սրա-նրա բիզնեսների մեջ «փայ մտնող», հիմա ինքը փաստացի յուրաքանչյուր վարորդի ընտանեկան բյուջեի մեջ «փայ է մտնում»….»։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը արագաչափ-տեսախցիկներից ու այն կոնկրետ մի մարդու բիզնեսը համարելու մասին խոսում էր միշտ՝ թե՛ որպես ՀԱԿ խմբակցության պատգամավոր, թե՛ որպես «Ելք» խմբակցության ղեկավար, թե՛ 2018-ին՝ Գյումրիից Երեւան քայելելու ժամանակ: 2018-ի ապրիլյան քայլերթի օրերին, երբ Փաշինյանը յուր թիմի հետ Գյումրիից Երեւան էր քայլում, հերթական անգամ էր ակնարկում, որ տեսախցիկների «բիզնեսն» Ալեքսանդր Սարգսյանինն է:
«Նամակ ստացա այսօր,
Կարծեցի՝ կանչում են ճաշի,
Բացեցի, ախորժակս փակվեց,
Վճարի՛ր 5000. Սաշիկ»,- «Արութին Զիմզիմովին սրտառուչ բարեւներ հղելով»՝ ասում էր Փաշինյանը: Մի քանի օր անց նա «անտիսաշիկ 2» ակցիան էր իրականացնում՝ արագաչափի վրա ՔՊ կուսակցության լոգոն փակցնելով: 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո՝ 2019-ի հունվարի 23-ին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը հայտարարում է. «Տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց՝ դեռեւս 2013 թվականից: Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը եւ որեւէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը, եւ այդ գործառույթն իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ»: Այսպիսիով, Փաշինյանի եւս մեկ «փաստ», պարզվում է, լկտի սուտ է: Նրան հերքողը սեփական թիմակիցն է:
Իրավիճակն Ուկրաինայում շարունակում է մտահոգիչ մնալ: Դեռ կան վայրեր, որտեղ ուկրաինահայերը շարունակում են մնալ շրջափակման մեջ: Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ հայտնեց այնտեղ տիրող իրավիճակից. «Կիեւ քաղաքում համեմատաբար հանգիստ է, չհաշված որ շաբաթական մեկ-երկու անգամ հրթիռակոծվում է քաղաքը: Ծանր իրավիճակ է սոցիալական առումով. վառելիքի դեֆիցիտ է քաղաքում, դրա պատճառով շատ առեւտրի կետեր փակ են», – նշեց նա՝ հավելելով, որ ընդհանուր պետությունում պատերազմը շարունակվում է: Նրա խոսքով՝ ռուսական կողմը մեծ խնդիր ունի Մարիուպոլում, եւ այնտեղ, Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում են ամենաթեժ մարտերը: «Մի տեղ ստացվում է ռուսական կողմից առաջընթաց, մի կողմից՝ ոչ: Խարկովում հրթիռակոծությունը շարունակվում է, նրանք արդեն հեռվից են ռմբակոծում: Այդպես է իրավիճակը եւ ընդհանուր առմամբ ծանր», – հավելեց նա: Մկրտչյանի խոսքով՝ իրենք հենց առաջին օրվանից զբաղվել են հումանիտար հարցերով եւ հիմա էլ դրանով են զբաղված. օգնությունը չի ուշանում: Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին էր հայտարարել Դոնեցկում եւ Լուգանսկում հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին:
Քննչական կոմիտեն եւ Գլխավոր դատախազությունը լուրջ վեճ են ունեցել. պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի հարվածի հետեւանքով գրանցված վրաերթն է, որի պատճառով երիտասարդ աղջիկ մահացավ: Բանն այն է, որ դատախազությունը ցուցում է տվել, որը, սակայն, Քննչական կոմիտեն որոշել է չկատարել: Ինչպես հայտնի է, 2022թ. ապրիլի 29-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել երիտասարդ աղջկան վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Ա. Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչպես նաեւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Եվ, ահա, այս որոշումից հետո սկսվել է իրավապահ համակարգի կռիվը: Գործը հսկող դատախազը կոմիտեի քննիչից պահանջել է վերացնել այդ որոշումները, քննել նաեւ վարորդի՝ դեպքի վայրը լքելու հանգամանքը եւ կալանավորման միջնորդության հարցը քննարկել: Այս ցուցումը կոմիտեի դուրը չի եկել, եւ թեժ քննարկման են բռնվել դատախազության հետ, առարկություններ ներկայացրել, ինչը մերժվել է դատախազության կողմից: Չի բացառվում, որ երկու ուժային կառույցների վեճը այն աստիճան թեժանա, որ որոշվի քրեական գործը ուղարկել ԱԱԾ: Ասել է թե՝ դատախազի միակ հույսը իր ցուցումները կատարելու համար մնացել է ԱԱԾ-ն, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներքին տարաձայնություններ ունեն: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այդ թեմային, եւ հիմա էլ Քննչական կոմիտեն է սկսել դատախազության ցուցումների դեմ ընդվզել, մինչդեռ դա օրենսդրական խիստ պահանջ է:
ՀՀ հաշվեքննիչ պալատը փետրվարի 14-ից մինչեւ ապրիլի 30-ը ուսումնասիրություններ է իրականացրել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաշվեքննիչ պալատն Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մի շարք անհամապատասխանություններ է հայտնաբերել: Սննդի պատրաստման համար նախատեսված կոմունալ ծախսերի, ճաշարանի, խոհանոցի բանվորներին եւ օգնականներին, աշխատող դատապարտյալներին վճարվող աշխատավարձերի բաշխման գործընթացում խեղաթյուրում է արձանագրվել: Այս ծախսերը կատարվել են քրեակատարողական հիմնարկների հաշվին՝ մատակարարի փոխարեն, որը նախատեսված չի եղել պայմանագրով: Խոսքը ավելի քան 5.5 մլն դրամի մասին է: Բացի այս, Պալատը «Կոշ» ՔԿՀ-ի 630 ԿՎԱ տրանսֆորմատորի, էլեկտրական սարքավորումների եւ մոնտաժման աշխատանքների հարցում եւս 4 մլն 384 հազար դրամի չափով խեղաթյուրում է հայտնաբերել: «Արմավիր» ՔԿՀ-ի վարչական մասնաշենքի տանիքի վերակառուցման մասով խեղաթյուրումը կազմել է 16 մլն 516 հազար դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ 2021 թվականի ընթացքում ջրամատակարարման եւ ջրահեռացման գծով ծախսերը սահմանված նորմաներից ավելին են կազմել: