Տխուր վիճակագրություն. Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ կինն ընտանիքում բռնության է ենթարկվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Ընտանիքում բռնության դեմ պայքարի 2023-2025 թվականների ռազմավարության և գործողությունների ծրագրի վերաբերյալ որոշման նախագիծը: Մասնավորապես, այս բնագավառում հիմնական խնդիրներն են հասանելի աջակցության կենտրոնների և ապաստարանների քանակը, միասնական թեժ գծի բացակայությունը, ապաստարաններում տեղավորված երեխաների համար կրթության ապահովումը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ թեժ գիծը սպասարկելու են հատուկ վերապատրաստում անցած աշխատակիցներ, որոնք կտրամադրեն տեղեկատվություն, խորհրդատվություն, ճգնաժամային աջակցություն և կոնֆիդենցիալ եղանակով անհատական հանդիպման համար կուղղորդեն աջակցության կենտրոններ, տեղական/մարզային ծառայություններ կամ պետական հաստատություններ` պատշաճ ուշադրություն դարձնելով զանգահարողների անանունությանը՝ միջազգային չափանիշներին համահունչ:

Բացի այս, կձևավորվի ընտանիքում բռնության դեպքերին Երևան քաղաքի և մարզային միջգերատեսչական արձագանքման մեխանիզմ, որի մաս կկազմեն ոստիկանության և իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչները, ինչպես նաև այլ համապատասխան մասնագետները:

«Ընտանիքում բռնության դեպքերի միջգերատեսչական աշխատանքային խմբերը» տարին առնվազն 3-4 նիստ, խորհրդակցություն պետք է հրավիրեն, որտեղ կքննրակվեն ընտանիքում բռնության կանխարգելմանն ուղղված աշխատանքները, առկա առավել բարդ դեպքերը և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները։ Ավելին Երևանի քաղաքապետը և մարզպետարնները յուրաքանչյուր կիսամյակ «Ընտանիքում բռնության դեպքերի միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները պետք ներկայացնեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին։

ՀՀ ոստիկանության տվյալներով, 2015-2017թթ․ գրանցվել է ընտանեկան բռնության 2333 դեպք, որից 1422-ը (61%) ամուսնու կողմից կնոջ նկատմամբ գործադրված բռնությունն է։ 2018 թվականի հուլիսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, ոստիկանությունն արձանագրել է ընտանիքում բռնության շուրջ 1600 դեպք: Ընդ որում՝ միայն 2019 թվականի առաջին չորս ամիսներին ոստիկանություն ներկայացվել է 695 ամփոփագիր:

Ըստ փորձագետների՝ Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ կինը ընտանիքում շարունակական բռնության է ենթարկվում: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից տրամադրվող ընտանեկան բռնության վիճակագրությունը հետևյալն է՝ 2000 դեպք տարեկան, այդ թվում՝ մահվան ելքով:

Այսպես, 2019 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին միայն Երևանում և հանրապետության 3 մարզերում գործող Երեխայի և ընտանիքի աջակցության և Երեխաների սոցիալական հոգածության 6 կենտրոնների ծառայություններից օգտվել են 420 բռնության ենթարկված կանայք, իսկ «Կանանց աջակցման կենտրոն» կազմակերպության տվյալներով շուրջ 90 կին իրենց երեխաների հետ խնամվել են կազմակերպության ժամանակավոր ապաստարանում:

Ս.Հ




Լրահոս