«ՔԱՂԱՔՈՒՄ ՊԱՐԱԼԻԶԱՑՈՒՄ ՉԿԱ». ԲԱՔՈՅԱՆ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը վստահեցնում է՝ Հայաստանում այլեւս երբեք որեւէ խումբ չի որոշելու՝ ով լինի իշխանություն: Պատգամավորը, գնահատելով Դիմադրության շարժման ու ընդդիմադիր գործիչների՝ իշխանափոխության մասին հայտարարությունները, ասում է՝ ընդդիմադիրներն իրենք իրենց հետ թող խնդիրներ լուծեն, պետք է կողմնորոշվեն, նոր որոշեն՝ ինչի մասին են ակցիա անում: Ինչ վերաբերում է ոստիկանական գործողություններին, ապա Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն ընդգծում է՝ ոստիկանների գործողություններում անհամաչափ որեւէ քայլ չի տեսել:

 

-Խորհրդարանի ընդդիմադիր Ձեր գործընկերները  այս օրերին փողոցում են: Երկու շաբաթից ավելի է՝ նրանք ասում են, որ քաղաքը պարալիզացնելով՝ գալու են իշխանության: Այս ընթացքում Դուք ի՞նչ եք տեսել, ի՞նչ գնահատական եք տալիս այդ գործողություններին:

-Ի սկզբանե իրենց հայտարարությունների եւ իրենց ակցիաների մեջ էլ նույնիսկ տարբերություն կա: Իրար քաղաքական համախոհություն խոստացած այն անձինք, որոնք այսօր փողոցում  են, իրար մեջ խնդիր ունեն: Իրենք նախ թող իրենց մեջ խնդիրը լուծեն, նոր որոշեն ու կողմնորոշվեն, թե ինչի մասին են ուզում՝ խոսենք, ու ինչի մասին են իրենք ակցիաներ անում:

-Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

-Այս մարդիկ ձեւակերպման խնդրի շուրջ պրոբլեմ ունեն: Միասնական չեն եւ տարբեր բաներ են հայտարարում, մեկը մյուսի ասածին չի համապատասխանում: Կարող է՝ իրենք կողմնորոշվեն, հետո նոր հայտարարեն:

-Նրանց շարժումը, փաստորեն, Ձեզ հիմք չի՞ տալիս մտածելու, որ, այո, կարող է այնքան մեծանա հասարակության մասնակիցների թիվը, լայն զանգվածներ գրավեն, որ, ի վերջո, հասնեն իշխանափոխության:

-Երկրում իշխանափոխություն լինում է ընտրությունների միջոցով, ժողովրդավարական ընտրությունների միջոցով:

-Մի խոսքով, չե՞ք տեսնում այն ներուժը, որ կգա ու այդ համընդհանուր ալիքը կբերի իշխանափոխության:

-Հայաստանի Հանրապետությունում այլեւս որեւէ խումբ չի որոշելու, թե ով է լինելու իշխանություն: Հայաստանում այլեւս Հայաստանի Հանրապետության քաղաքացին է որոշելու, թե ով է լինելու կառավարություն,  որը կծառայի իրենց:

-Նույն հաջողությամբ նրանք կարող են Ձեզ հակադարձել ու ասել, թե 2018 թվականին ինչպես քաղաքական կուրս փոխվեց, չէ՞ որ այն ժամանակ էլ կար ընտրված իշխանություն: Այս մասին ի՞նչ կասեք:

-Ոչ, այն ժամանակ վերապահում կար: Ուզում եք ասել, որ 2018 թվականից առաջ եղած ընտրությունները ժողովրդավարական ընտրություննե՞ր էին:

-Պարո՛ն Բաքոյան, անդրադառնալով քաղաքը պարալիզացնելու հայտարարություններին՝ Դուք՝ որպես ամենօրյա ռեժիմով աշխատանքի գնացող պատգամավոր, որեւէ խոչընդոտի հանդիպո՞ւմ եք:

-Գուցե որոշակի դժվարություն լինում է, այսինքն՝ խցանումներ լինում են, բայց ընդհանուր առմամբ պարալիզացում չեմ տեսել ո՛չ Կենտրոնում, ո՛չ ծայրամասերում:

-Դուք Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն եք, այս օրերին ոստիկանների գործողությունները ամենատարբեր կերպ  են մեկնաբանվում: Մի մասն ասում է՝ բռնի է, մի մասն ասում է՝ համաչափ չէ, մի մասն ասում է, թե ոստիկանները գերազանցում են իրենց լիազորությունները:  Դուք ի՞նչ գնահատական կտաք նրանց գործողություններին:

-Սա միայն իմ գնահատականը չէ. որեւէ անհամաչափ ուժ չի կիրառվել, ոստիկանների մասով որեւէ այլ աշխատանք չի արվել, նրանք գործել են օրենքի սահմանում:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՉԵՆ ՍՏԱՆԱ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է՝ ոստիկանության աշխատակիցները, որոնք ապրիլի 17-ից, ըստ էության, աշխատում են արտակարգ ռեժիմով, հավելավճար չեն ստանալու:

 

Համենայնդեպս, այդ է վկայում «Ժողովուրդ» օրաթերթին տրված ոստիկանության պատասխանը: Պատասխանում ասվում է. «Ոստիկանության ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան եւ տոն օրերին ծառայության համար հավելումներ չեն տրվում»: Իսկ որպես հիմք՝ նշվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը: Ոստիկանությանն ուղղված հարցման միջոցով ցանկանում էինք պարզել, թե ընդդիմության ակցիաների ժամանակ ոստիկանների այդպիսի մեծ ներգրավվածությունը որքան է արժենում պետբյուջեի վրա: Ոստիկանության պատասխանը ներկայացնում ենք ստորեւ. «Ընթացիկ տարվա մայիսի 1-ից 15-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցող  զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվող ուժեղացված ծառայությանը հիմնականում ուղղակիորեն վերագրվում են սննդի ապահովման,  հեղուկ վառելիքի եւ տրանսպորտային միջոցների վարձակալության ծախսերը։  Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում արտաքին ծառայության մեջ ներգրավված զինծառայողների սննդի ապահովման ծախսերը կազմել են 20,9 մլն դրամ,  հեղուկ վառելիքի գծով՝  10,1 մլն դրամ, եւ տրանսպորտային միջոցների վարձակալության համար՝  21,7 մլն դրամ»։

 

 

 

ՀՐԱՀԱՆԳ՝ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Հետեւելով ՀՀ ոստիկանության այսօրվա գործողություններին՝ ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը, վերադառնալով Նիդերլանդներից, ագրեսիվ գործելու հրահանգ է տվել ոստիկաններին: Այսօր ՀՀ ոստիկանության աշխատակիցները գործում են անթաքույց ագրեսիայով, նախապես չեն ծանուցում քաղաքացիներին, թե ինչու է բերման ենթարկելու անհրաժեշտություն առաջացել: Ավելին՝ արձանագրվում են ձերբակալելիս քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելու դեպքեր եւ այլ խայտառակ գործողություններ։ ՀՀ որեւէ օրենսդրությամբ սահմանված չէ նվազագույն արագության սահմանափակում, ուստի այսօր ոստիկանի ներկայացրած արագ վարելու պահանջը առերեւույթ հանցավոր է։ Որպես ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ արձանագրում եմ ՀՀ ոստիկանության այսօրվա ոչ համաչափ գործողությունները, որոնց կապակցությամբ մինչեւ օրվա ավարտը գրություն կուղարկեմ ՀՀ գլխավոր դատախազին: Պատրաստում եմ նաեւ օպերատիվ զեկույցներ՝ միջազգային կառույցներին ուղարկելու համար»:

 

 

 

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

Երեւանի այգիներում հատկապես այս ամիսներին ծառերի տակ եւ թփերի մոտ հնարավոր չէ կանգնել կամ նստել: Պատճառն այն է, որ դրանցից կա՛մ միջատներ, կա՛մ էլ խեժանման նյութ է թափվում: Երեւանցիների խոսքերով՝ ծառերը համապատասխան դեղորայքով չեն մշակվել, լվացվել, կարճ ասած չեն բուժվել: Ի դեպ, մասնագետները պնդում են, որ հենց տերեւները բացվում են, այդ ժամանակ պետք է սրսկել: Խոնավ եղանակը, հորդառատ անձեւները նպաստում են դրանց զարգացմանը. նման դեպքերում այդ լվիճները շատ շուտ զարգանում են, ավելի արագ են բազմանում, շիրա են արտադրում: Նշենք, որ դրանք հիմնականում թեղի ծառատեսակի մոտ են նկատվում, եւ թեղին ի սկզբանե քաղաքաշինության մեջ ընտրված սխալ ծառատեսակ է. թեղին չպետք է օգտագործել:  Քաղաքային պլանավորող, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ լվիճների դեմ պետք է գրագետ պայքարել: Մեր զրուցակցի խոսքերով՝ քաղաքապետարանի կողմից սրսկման աշխատանքները ճիշտ չեն կատարվում, բայց քաղաքային պլանավորողն ArmLur.am-ի հետ զրույցում հիշեց, որ ժամանակին ինքը լվիճների դեմ պայքարի իր տարբերակն է առաջարկել: Տեսնենք, թե Երեւանի քաղաքապետարանն այս անգամ իր անգործությունն ինչպես կարդարացնի:




Լրահոս