ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս տարվա ապրիլի 28-ին ի լուր աշխարհի ՀՀ կառավարության նիստում հայտարարեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը կրկին վերապրոֆիլավորվելու է եւ իր դռներն է բացելու ամբողջովին վերափոխված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը:
Բժշկական կենտրոնի բացման օր էր նախանշված երեկ՝ մայիսի 16-ը։ Եվ, ահա մայիսի, 16-ը եկավ, ու հերթական չիրականացված խոստմանը ականատես եղանք։
Բժշկական կենտրոնը հատարարություն տարածեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը չի վերաբացվելու։ Թե երբ կբացվի, պարզ չէ: «Բացման մասին լրացուցիչ կհայտարարենք։ Հայցում ենք բոլորիդ ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սա նշանակում է, որ մինչեւ վերապրոֆիլավորման գործընթացի ավարտը ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվելու է հիվանդանոցի այդ ճյուղը լրիվ անիմաստ, քանի որ կորոնավարակով հիվանդության դեպքեր գրեթե չեն արձանագրվում, իսկ այդ վարակի դեմ պայքարող բուժանձնակազմը շարունակում է աշխատել, հիվանդանոցը կոմունալ վճարումներ է անում, փաստորեն՝ անօգուտ: Ամեն օրը բեռ է պետության ուսերին, բայց, կարծես թե, այս ծանր բեռի թեման չի հետաքրքրում ՀՀ առողջապահության նախարարին: Նա մայիսի 22-28-ը գործուղվելու է Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնեւ) Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով:
Հուսանք՝ Շվեյցիարա «վոյաժ» գնալուց առաջ ուղղաթիռով Հայաստանի Հանրապետության մարզեր ճամփորդող մեր առողջապահության նախարարն իր անմիջական առաքելությունը կիրականացնի եւ, ի վերջո, կկատարի կառավարության նիստում իր իսկ զեկուցած կատարողականը եւ գոնե մոտ ապագայում կվերաբացվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն։
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ադրբեջանական իշխանությունները միշտ են հավակնություններ ունեցել Հայաստանի այն տարածքների նկատմամբ, որոնք կարող էին տալ բաժանելու, Հայաստանի տարածքի մեջ սեպի նման խրվելու եւ ճանապարհների ու ռազմավարական ենթակառուվածքների նկատմամբ վերահսկողություն ունենալու հնարավորություն: Բայց դրանց հետո էլի կանգ չեն առել ու նույն քաղաքականությունը շարունակել են արդեն նոր տարածքների նկատմամբ: Օրինակ՝ 1918-1920թթ.՝ Առաջին Հանրապետության կազմում, իսկ հետո էլ մինչեւ 1924թ. Խորհրդային Հայաստանի կազմում է եղել հայկական Բարանա (ներկայում՝ Նոյեմբերյան, Տավուշի մարզ) եւ ադրբեջանական Ղայմախլի (Ղայմախլու) գյուղերի միջեւ գտնվող 1002 դեսյատին տարածքով Աջի տեղամասը: Այս վայրի անտառները եղել են զգալի ծառաշատ, իսկ արոտավայրերը` անասնապահության համար չափազանց հարմար, ուստի եւ գյուղացիների համար ունեցել են կենսական կարեւորություն: Ունեցել են անվտանգության ռազմավարական նշանակություն: Ադրբեջանական իշխանություններն այդ ժամանակ մեծ ջանքեր են գործադրել այս տարածքին տիրելու համար՝ գիտակցելով, որ այդ դեպքում հնարավորություն կունենան Հայաստանի հյուսիսարեւելյան տարածքները կտրել իրարից, վերահսկողություն սահմանել ճանապարհների նկատմամբ: ՀԽՍՀ գյուղերի բնակիչների իրավունքների համար այս լուծումը լրջագույն խնդիրներ էր ստեղծելու ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաեւ անվտանգության տեսանկյունից: Արդյունքում Անդրկովկասի կենտրոնական գործադիր կոմիտեի հողային հանձնաժողովի՝ 1924 թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ՝ ՀԽՍՀ-ին պատկանող Աջի տեղամասի հյուսիսարեւելյան մասը` 612 դեսյատին տարածքով, հանձնվել է Ադրբեջանի ԽՍՀ-ին, իսկ հարավարեւմտյան մասը` 390 դեսյատին տարածքով, ՀԽՍՀ-ին, այսինքն՝ Հայաստանը զրկվել է այդ տարածքի մեծ մասից: Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական քաղաքականությունը տարիների ընթացքում այդպես էլ չի փոխվել: Հայաստանյան այդ ժամանակվա կառավարութուններն անուշադրության են մատնել գյուղացիների իրավունքների հարցերը, մարդկանց անվտանգությունը՝ սահմանային հարցերը դիտարկելով տարածքային-քաղաքական ու մեխանիկական մոտեցումներով»:
ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ՝ ՓՈԽՏՆՕՐԵՆ
Օրերս «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտօրեն է նշանակվել Ժորա Սահաբալյանը, որը 2002-2005թթ. պաշտոնավարել է որպես Դիլիջանի քաղաքապետ։
Ժ. Սահաբալյանը ծնվել է 1946թ., նա մասնագիտությամբ բնապահպան չէ, բարձրագույն կրթություն չունի։ 2020թ. Դիլիջանի ազգային պարկի երկարամյա տնօրեն Սուրիկ Աղաջանյանի՝ կենսաթոշակի անցնելուց հետո ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Ադամ Պողոսյանը, հետո՝ Արա Խլոյանը, արդեն 3 ամիս ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Արմեն Ղազարյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը վերջինիս հարց է ուղղել՝ արդյոք ունի բնապահպանական կամ բարձրագույն կրթություն։ Ղազարյանի խոսքով՝ կրթությամբ բնապահպան չէ, սակայն երկու բարձրագույն կրթություն ունի: Իսկ այն հարցին, թե ինչով է պայմանավորված կենսաթոշակառու, բարձրագույն կրթություն չունեցող, 76-ամյա Ժ. Սահաբալյանին ազգային պարկի փոխտնօրեն նշանակելու անհրաժեշտությունը, նա ասաց, որ Ժ. Սահաբալյանի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել մեկ տարի ժամկետով, Սահաբալյանը նախկինում աշխատել է ազգային պարկի տնօրեն, նաեւ՝ բնապահպանության Տավուշի մարզային բաժնի պետ, նրա փորձառությունը անհրաժեշտ է ազգային պարկի անտառների պահպանությունն արդյունավետ իրականացնելու համար, իսկ ազգային պարկի գիտական գծով փոխտնօրենը բնապահապան մասնագետ է։ 94 հիմնական, 15 սեզոնային (6 ամիս ժամկետով) աշխատակից ունեցող «Դիլիջան ազգային պարկում» քիչ չեն ո՛չ մասնագետ, ո՛չ հիմնավոր կրթությամբ պաշտոնյաները. ինչո՞վ է դա պայմանավորված։ Ա. Ղազարյանի խոսքով՝ նախատեսում է ազգային պարկի աշխատակիցների թրեյնինգների, որակավորման բարձրացման, նաեւ աշխատակազմի զտման միջոցով բարձրացնել ազգային պարկի աշխատողների գործունեության արդյունավետությունը։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի վկայությամբ՝ ազգային պարկում անտառապահներ կան, որոնք նույնիսկ տառաճանաչ չեն։
«Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին» տեղամասում անտառի պահպանության հետ կապված խնդիրներ կան, որոնք կապված են Հաղարծին գյուղում բնակչության ագրեսիվ վարք ունեցող խմբի հետ։ Ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնկաատարը հայտնեց, որ իրենց նպատակը ոչ միայն անտառի պահպանություն է, այլեւ ազգային պարկի բուսական եւ կենդանական միջավայրի զարգացումը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ