ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 10

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ թե՛ պատերազմի սկզբի, թե՛ ընթացքի ու Հայաստանի համար մեղմ ասած տխուր ավարտի մասին մանրամասնություններ է հայտնել: Տեղեկությունները, սակայն, ոչ միայն տարբերվող, այլ երբեմն հակասող են իրար: Օրինակ՝ մե՛կ ասում է, թե Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածություն չի եղել, մե՛կ հերքում ինքն իրեն, թե դրա մասին բանավոր են պայմանավորվել: Այսպես, 2020-ի դեկտեմբերի 28-ին նա, հարցազրույցներից մեկում անդրադառնալով Զանգելանի ու Կուբաթլուի շրջաններին, նշում է. «Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր պայմանավորվածություն, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք: Եվ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Ընդ որում՝ ես սրա մասին նախապես եմ ասել, իմ ուղերձներում ես սրա մասին նախապես եմ ասել։ Ո՞րն է այդ ձեռնարկված միջոցների էությունը. այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ»: Մեկ տարի անց՝ 2021-ի դեկտեմբերի 8-ին, արդեն խորհրդարանի գլխավոր ամբիոնից Ն. Փաշինյանը, ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, թե սահմանադրական որ նորմի հիման վրա է Հայաստանը բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերում, կիսամուննաթ տոնով հայտարարում էր. «Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործում, ու, իմիջիայլոց, ասեմ, որ այդ նարատիվը որ կա՝ բանավոր գաղտնի պայմանավորվածությունների, ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»: Իրականում դժվար է պատկերացնել այն, որ երկրի թիվ մեկ դեմքը մեկ տարվա տարբերությամբ իրար ուղղակիորեն հակասող ու ինքն իր սուտը բռնող հայտարարություն է անում: Ադրբեջանի՝ իր իսկ բնորոշած «կիրթ» գործընկերոջ հետ բանավոր բանակցելու առումով նա, փաստորեն, հերթական անգամ ստել է:

 

 

 

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեռ մայիսի 10-ին հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացի արդյունքում Տավուշի շրջանի յոթ գյուղերը եւ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը կհանձնվի Ադրբեջանին: Այս հայտարարություններից հետո «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ ուղղելով հետեւյալ հարցերը. 1. ի՞նչ պայմանավորվածություններ են առկա այս մասով ադրբեջանական կողմի հետ, 2. Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ պատասխան է տվել այս պահանջներին, 3. եթե ՀՀ-ն հրաժարվի այս պահանջները կատարելուց, ի՞նչ կլինի: Եվ, ահա, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացել ենք ընդհանրական մի պատասխան, որում ասվում է. «Տեղեկացնում ենք, որ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքները պետք է հիմնված լինեն երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող փաստաթղթերի ու քարտեզների վրա»: Թերեւս մեր երեք հարցերից ոչ մեկի պատասխանն այդպես էլ չտրվեց, ու անհասկանալի մնաց՝ Հայաստանը արդյոք հայտնել է իր անհամաձայնությունը մեզանից պահանջվող տարածքների վերաբերյալ, եւ ինչ արձագանք կա մեր մերժումից: Իսկ գուցե այդ տարածքները տալու մասով է՞լ է Նիկոլ Փաշինյանը մտադիր նշաձող իջեցնել. ԱԳՆ-ի պատասխանից ոչինչ պարզ չէ:

 

 

 

Ադրբեջանը մեծ արագությամբ ու թափով շարունակում է Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող նոր ճանապարհի կառուցումը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից, կանցնի արցախյան Հին շեն եւ Մեծ շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին: 32 կմ երկարությամբ ճանապարհն, ըստ երեւույթին, ռուս խաղաղապահները կհսկեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ճանապարհի շահագործումից հետո տեղում բնակվողները ստիպված են լինելու լքել իրենց տները: Այս մասով փորձեցինք Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից մեկնաբանություն ստանալ, բայց՝ ապարդյուն: Նա, ըստ մեր տեղեկությունների, այս պահին ադրբեջանական կողմի հետ միակ բանակցողն է Արցախից:  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղավնոյի գյուղապետը համոզմունք հայտնեց, որ գյուղը լքելու կամ տներն ազատելու մասին իրենց որեւէ մեկը որեւէ խոսք չի ասել, նախազգուշացում չի եղել: «Ամեն օր էլ տեսնում ենք ճանապարհի վրա աշխատող ադրբեջանցիներին, բայց մեզ ոչինչ չեն ասել, մենք էլ չենք պատրաստվում լքել մեր տները, եթե անգամ ասեն: Երեւի գիտեն՝ եթե ասեն էլ, զենք ենք վերցնելու, մնանք: Ինչ վերաբերում է նոր կառուցվող ճանապարհին, ապա ավելի լավ, թող կառուցեն, ազատագրելիս հեշտ կլինենք»,- նշեց նա:  Թե իրականում ինչ կլինի Բերձորի ճակատագիրը, պարզ կլինի մոտ ապագայում՝ վերոնշյալ ճանապարհի շահագործումից հետո: Հստակ է մի բան. պատկան մարմինները, պաշտոնյաները ու, մեծ հաշվով, ՀՀ քաղաքացիները թմբիրից կարթնանան միայն այն ժամանակ, երբ բանը բանից անցած կլինի:

 

 

Հայաստանի ձվի շուկայում ամենաթողություն է: Պետական մարմիններն ի զորու չեն վերահսկելու ձվի շուկան ոչ միայն գնային քաղաքականության, այլեւ որակական առումով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովն այս տարվա ապրիլի 5-ին «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել՝ հանձնարարելով մեկամսյա ժամկետում շտկել օրենքի խախտումը եւ դադարեցնել մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն արտադրված «ԷԿՈ» բառի մակնշմամբ հավկիթների իրացումը: Ապրիլի 19-ին նման բովանդակությամբ որոշում է կայացվել նաեւ «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ընկերության մասով: Ավելին՝ ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովը հանձնարարել է նաեւ «Շիրակ» ընկերությանը, որ ամբողջությամբ հավաքի արտադրված հավկիթները բոլոր խանութներից: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, արձանագրել է, որ մինչ օրս մի շարք խանութներում վաճառվում են «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթներ: Ինչպե՞ս է ստացվում ազատ վաճառքը: Այս հարցին ի պատասխան՝ Մրցակցության պետական հանձնաժողովից հայտնել են. «Որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց պատճենները տնտեսվարողներին հանձնելու հաջորդող օրվանից: «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ ծանուցումը ստացել է ապրիլի 27-ին, իսկ «Արզնու տոհմային ԹՏԽ»-ն՝ ապրիլի 29-ին»: Տեղեկացնենք, որ այսօր մայիսի 19-ն է, այսինքն՝ մոտ 25 օր է անցել ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովի արգելող որոշումների ծանուցումների ժամկետից, սակայն երկու ընկերություններն էլ «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթները ազատ վաճառում են: Եւ այստեղ խնդիրը ոչ թե վաճառողների, այլ արտադրողների մեջ է, որոնք չեն կատարում ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովի պահանջը եւ ապօրինի հավկիթներ են վաճառում, կամ էլ ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովի հետ ունեն ներքին պայմանավորվածություն, որ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը կփակի աչքերը, եւ անօրինական ձվերը կվաճառվեն խանութներում: Երկու դեպքում էլ իրավապահներն անելիք ունեն նաեւ Գեղամ Գեւորգյանի գործողությունների մասով:




Լրահոս