ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը խոսել է այս տարվա ընդունելության կարգի փոփոխություններից: Ըստ նրա՝ եթե նախորդ տարի գործում էր 36 միասնական քննությունների քննական կենտրոն, ապա այս տարի գործելու է 41-ը: «Հայտագրվողների թիվը, նախորդ տարվա հետ համեմատած, ավելի մեծ է, եւ դա ունի իր պատճառները: Դիմորդների թիվը կազմել է 13573, իսկ նախորդ տարի եղել է 13120: Այս թվի մեջ ներառված են նաեւ ներբուհական քննություն հանձնողները: Ներբուհական քննություն հանձնողների թիվը, անցյալ տարվա համեմատ, կրկին աճել է»,-ասել է Կ. Նասիբյանը:

 

Հայտագրումն ավարտվել է մայիսի 10-ին: «Հայտագրման արդյունքում ամենամեծ թիվը գրանցվել է անգլերեն առարկայից` 5557: Երկրորդ տեղում մաթեմատիկան է`  5429,  իսկ երրորդ տեղում հայոց լեզու եւ հայ գրականություն առարկան` 5323: Մնացած առարկաները 1600 եւ պակաս թվեր են: Ի՞նչն է պատճառը, որ անգլերենի դիմորդների թիվն այդքան մեծ է… Երբ նայում ենք միասնական ընդունելության քննությունների ցանկը, տեսնում ենք, որ չնչին բացառությամբ անգլերենի քննություն նշանակված կամ ընտրված է համարյա բոլոր մասնագիտություններով»,- հավելեց ԳԹԿ փոխտնօրենը: «Փորձը ցույց է տալիս, որ անգլերեն հանձնողների մեծամասնությունն ավելի բարձր միավորներ է ստանում: Երեւի անգլերեն պարապողները ավելի հեշտ են կարողանում յուրացնել դասընթացը կամ ծրագիրը եւ ստանում են ավելի բարձր միավորներ, քան մյուս առարկաներից»,-անգլերենից քննություն հանձնողների մեծաթիվ լինելը այսպես է հիմնավորել ԳԹԿ փոխտնօրենը:

«Երկու առարկայի ներդրման շնորհիվ ավելացել է նաեւ բնագիտամաթեմատիկական առարկաներից քննություն հանձնողների թիվը: Օրինակ, եթե նախկինում ֆիզիկայից  շատ քիչ դիմորդներ էինք ունենում, այս տարի ֆիզիկայից քննություն է հանձնելու 1585 դիմորդ: Գիտեք որ մյուս բնագիտական առարկաներից` կենսաբանություն եւ քիմիա, հիմնականում բժշկական մասնագիտության դիմորդներն էին հանձնում, ֆիզիկա առարկան էլ շատ քիչ էին ընտրում, իսկ այս տարի 1585 թիվը  նշանակում է, որ բնագիտամաթեմատիկական հոսքերի կամ մասնագիտությունների դիմորդները նախընտրել են ֆիզիկան»,-ներկայացրել է մասնագետը:

Կարո Նասիբյանը հայտնել է, որ առաջին անգամ ԳԹԿ աշխատակիցները վերջին 5-6 տարիների ընթացքում շրջել են բոլոր մարզերում եւ տարածաշրջաններում, 12-րդ դասարանի շրջանավարտներ ունեցող տնօրեններին բացատրել նոր կարգը: Նա անդրադարձավ նաեւ ամենապահանջված մասնագիտություններին, ըստ այդմ`  առաջին տեղում Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական գործն է, երկրորդ տեղում՝ ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկան, երրորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարումը, չորրորդ տեղում՝ ԵՊՀ-ի իրավագիտությունը: ԳԹԿ տնօրենը հավելեց նաեւ, որ 160 մասնագիտությունների գծով ընդհանրապես դիմորդ չի եղել:

Կարո Նասիբյանը տեղեկացրել է, որ հունիսի 26-ից սկսելու են լրացուցիչ փուլի համար ընդունել դիմում-հայտեր: Լրացուցիչ փուլի հայտագրման, քննությունների հանձնման ժամկետը հուլիսի 2-8-ն է: «Արդյունքները հրապարակվելու են հուլիսի 18-ին: Դրանից հետո հրապարակելու ենք թափուր մնացած մասնագիտությունների անվանումները, եւ մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են կրկին հայտ ներկայացնել, առանց քննության, իրենց գնահատականներով փորձել ընդունվել»,- ասել է նա:

Ն. Պ.

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱՆ

Կառավարությունը նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոն զբաղեցնելու պայմանը ներառել հավելում վճարելու պայմանների ցանկում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը կսահմանվի ֆիքսված՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով: Բացի այս, Վճռաբեկ դատարանի դատավորների համար կսահմանվի պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով: Իսկ եթե դատավորի համար օրենքով սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա նրա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի 30 տոկոսը: Այս ամենի արդյունքում տարեկան կտրվածքով պետական բյուջեից շուրջ 283 մլն դրամի լրացուցիչ միջոցներ կհատկացվեն, որից Սահմանադրական դատարանի մասով՝ շուրջ 86 մլն դրամ, եւ Վճռաբեկ դատարանի մասով՝ շուրջ 197 մլն դրամ։

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԸ

Կառավարությունը շարունակում է մեկ անձից գնման ընմթացակարգով գնումներ կատարելու պրակտիկան: Այս անգամ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է այդպես վարվել՝ գնման ընթացակարգը չկայացած հայտարարելով եւ մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու թույլտվություն տալով: Այսպիսով, թույլատրվել է 40 մլն դրամով մեկ անձից  գնում կատարելու ընթացակարգով Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 80+920 հատվածի վրա գտնվող Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքները ձեռք բերել «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից:

Մինչ այս եղել է մրցույթ, որի արդյունքները հետագայում չեղյալ են համարվել: Որպես հիմնավորում նշվում է. «Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների իրականացման համար հայտ ներկայացված մասնակիցներից նվազագույն գին առաջարկել է «Ճանապարհ» ՍՊԸ-ն՝ ընդհանուր  59 999 999  ՀՀ դրամ, եւ նշված չափաբաժնի մասով ճանաչվել է հաղթող մասնակից: Սակայն ՃԴ-ՀԲՄԱՇՁԲ-2022/3Ս ծածկագրով գնման ընթացակարգի կազմակերպման ժամանակ մինչեւ գնման պայմանագրի կնքումը  հրավերով նախատեսված պայմաններով Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների գնման պահանջը դադարել է»։

 




Լրահոս