ՏՈՒՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ «Գլենդել Հիլզ»-ը դադարեցրել է շինարարությունը, քանի որ ֆինանսական խնդիրներ ունեն: Եւ քանի որ  «օձն իր պորտով, հավքն իր թեւով» չի  կարող մուտք գործել շինհրապարակ, որովհետեւ այն պարսպապատ է, եւ անվտանգության աշխատակիցները չեն թույլատրում ազատ մուտք, այդ պատճառով, բնականաբար, տեղեկությունը միանգամից ճշտել չհաջողվեց, քանի որ մեզ ոչ մի կերպ չթույլատրեցին պարսպից այն կողմ գնալ` համոզվելու համար` ինչ է կատարվում ներսում: Օրեր անց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը պարզաբանեց, թե շինարարությունը դադարեցված չէ, քանի որ Սերժ Սարգսյանից նման հրահանգ չեն ստացել: Մինչդեռ հիմա արդեն հստակ կարելի է հայտարարել, որ 2011թ. 1756 շահառուներ բնակարանամուտ չեն տոնի: Բանն այն է, որ աղետի գոտու բնակիչների վիճակահանությունը, որով պետք է նրանց բնակարաններ տրվեն, անորոշ ժամանակով հետաձգվել է: «Բնակարանների հանձնումն էլ կլինի հաջորդ տարի: Նախարարն է ասել, որ վիճակահանությունն էլ տեղի է ունենալու դեկտեմբերին: Մենք ինֆորմացիա ունենք, որ «Գլենդել Հիլզ»-ը դանդաղեցրել է իր շինարարությունը, այդ իսկ պատճառով շենքերի բնակեցումը կլինի հաջորդ տարի: Նախարարից էլ փորձել ենք ճշտել` կոնկրետ երբ կլինի բնակբաշխումը, որովհետեւ բնակիչները միշտ հարցնում են, բայց նախարարը կոնկրետ տվյալներ չասաց` որ օրը, երբ»,-«Ժողովուրդ»-ին փոխանցեց ՇՄ քաղաքաշինության վարչության բնակարանների եւ ենթակառուցվածքային գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը: Ուշագրավն այն է, որ «Գլենդել Հիլզ»-ից հակադարձում են,  թե շինաշխատանքները նորմալ տեմպերով ընթանում են, եւ իրենք անգամ տեղեկություն չունեն, որ հետաձգվել են վիճակահանության եւ բնակարանամուտի ժամկետները: Ընկերությունը պատասխանատվությունը բարդեց քաղաքաշինության նախարարության վրա: «Ժողովուրդ»-ին կապալառու կազմակերպության մամլո պատասխանատու Արմինե Ուդումյանը փոխանցեց, որ քաղաքաշինության նախարարությունից  հրահանգ «Գլենդել Հիլզ»-ին, թե հարկավոր է դադարեցնել շինաշխատանքների ընթացքը, չի եղել, հետեւաբար իրենք նույն տեմպերով աշխատում են: Այնուամենայնիվ, անօթեւաններն իսկապես անհանգստացած են ժամկետների հետաձգման առումով: «Մենք հույս ունեինք, որ ձմեռը  գոնե էդ նոր բնակարաններում կանցկացնեինք: Գիտեք, որ դոմիկներից շատերում գազ չկա, փետով ու զիբիլներով մի կերպ կտաքցնենք տները: Երեւի ուզում են մեր համբերությունը չափեն, թե 23 տարի դիմացել ենք, էլ ինչքան կկարողանանք դիմանալ»,-ասում է ընդամենը 12 քառ. մետր բնակմակերես ունեցող տնակում ապրող Ալինա Հարությունյանը, ում խոսքերով` Նոր տարին նոր բնակարանում անցկացնելու իր երազանքն այս տարի էլ իրականություն չի դառնա: Հիշեցնենք, որ Գյումրիում այսօր հաշվառված է 3189 ընտանիք, որոնք տուն չունեն: Սա պաշտոնական տվյալն է, իսկ ոչ պաշտոնական ցուցանիշներով այս թիվը կրկնապատիկ անգամ ավելին է: ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի




Լրահոս