ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24-ին հրավիրվել է պետաիրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

 

Արցախի ԱԺ-ի փոխանցմամբ՝ քննարկվել են պետական կառավարման մարմինների, արդարադատության համակարգի ու մի շարք այլ գերատեսչությունների աշխատակազմերի կատարողականները: ԱՀ նախագահի աշխատակազմի բյուջեն նախատեսված էր 756 մլն ՀՀ դրամի չափով, փաստացի ծախսվել է 678 մլն ՀՀ դրամ, կատարողականը՝ 89.6 տոկոս: Բյուջեի գերակշիռ մասը ուղղվել է աշխատավարձերի վճարմանը: Տնտեսումը կազմել է 78 մլն ՀՀ դրամ: ԱԺ աշխատակազմի ճշտված բյուջեն 687 մլն ՀՀ դրամ էր, փաստացի ծախսվել է 684 մլն ՀՀ դրամ, կատարողականը կազմել է 99.6 տոկոս: 601 մլն ՀՀ դրամը ծախսվել է «Աշխատավարձ եւ դրան հավասարեցված հոդվածներ» տողով: Պետական նախարարի աշխատակազմի ճշտված բյուջեն 166 մլն ՀՀ դրամ էր, փաստացի ծախսվել է 161 մլն ՀՀ դրամ գումար, որից 123 մլն-ը ուղղվել է աշխատավարձերի վճարմանը, բյուջեի կատարողականը  կազմել է  87.5 տոկոս: ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության բյուջեի ճշտված նախահաշիվը 329 մլն ՀՀ դրամ էր, փաստացի ծախսվել է 270 մլն-ը, որից 212 մլն-ը ուղղվել է աշխատավարձերին, կատարողականը կազմել է 82.2 տոկոս: Արդարադատության նախարարության ճշտված պլանը 385 մլն ՀՀ դրամ էր, փաստացի ծախսվել է 443 մլն ՀՀ դրամ: Տարբերությունը պայմանավորված է արտաբյուջետային մուտքերով: Կատարողականը կազմել է 401 մլն ՀՀ դրամ: Դատական համակարգի  բյուջեն 651 մլն ՀՀ դրամ էր, փաստացի ծախսվել է 602 մլն ՀՀ դրամը, կատարողականը կազմել է 92.5 տոկոս: Դատախազության բյուջեն 558 մլն ՀՀ դրամ էր, փաստացի ծախսվել է 481 մլն ՀՀ  դրամ, տնտեսվել է 77 մլն ՀՀ դրամ:

Համատեղ նիստն այնուհետեւ շարունակվել է ԱՀ քննչական կոմիտեի, Հաշվեքննիչ պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021թ. բյուջեի կատարողականների հաշվետվությունների ներկայացմամբ։ 2021թ. պետական բյուջեի միջոցներից ԱՀ քննչական կոմիտեի պահպանման ծախսերի համար նախատեսվել էր 354 մլն 915,200 հազ. դրամ, որից փաստացի ծախսվել է 330 մլն 987,861 հազ. ՀՀ դրամ կամ 93,2 տոկոսը։ Տնտեսված գումարի չափը կազմել է 23 մլն 927,339 հազ.  ՀՀ դրամ։ 2020թ. համեմատ՝ կոմիտեի 2021թ. փաստացի ծախսերը աճել են 43 մլն 525,315 հազ. ՀՀ դրամ։

ԱՀ հաշվեքննիչ պալատի պահպանման ծրագրով ԱՀ 2021թ. պետական բյուջեով հատկացվել էր 154 մլն 381,6 հազ. ՀՀ դրամ, տնտեսումը կազմել է 26 մլն 5 հազ. ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակաշրջանում պալատի փաստացի ծախսը կազմել է 128 մլն 152,6 հազ. դրամ։ Նշված ծրագրով 2021թ. փաստացի ծախսը, 2020թ. համեմատ, նվազել է 4 մլն 811.1 հազ. ՀՀ դրամով, կամ 3,6 տոկոսով։ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին 2021թ. բյուջեով  հատկացվել էր 63 մլն 696,5 հազ. ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանի վերջում ֆինանսավորումը եւ համապատասխանաբար դրամարկղային ու փաստացի ծախսերը կազմել են 49 մլն 315,9 հազ. ՀՀ  դրամ կամ նախատեսված բյուջեի 77,4 %-ը, իսկ տնտեսումը կազմել է  14 մլն 380,6 հազար դրամ կամ 22,6%։

Քաղաքացիական ծառայության խորհրդի 2021թ. ծախսերը կազմել են 103.7 մլն ՀՀ դրամ, որից փաստացի ծախսվել է 99,6 մլն  ՀՀ դրամ կամ կատարողականի 96 տոկոսը։ Պահպանման ծախսերի տնտեսումը կազմել է 4 մլն ՀՀ դրամ։

2021թ.  ԱՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողովին  պետական բյուջեից միջոցներ են հատկացվել 2 ծրագրի իրագործման համար։

«Գործադիր իշխանության, պետական կառավարման, հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրի համար 2021թ. պետական բյուջեով նախատեսվել էր 76 մլն 443 հազ. ՀՀ դրամ, փաստացի ծախսը կազմել է 64 մլն 499 հազ. դրամ, տնտեսումը՝ 11 մլն 943.6 հազ. ՀՀ դրամ։ «Պետական բյուջեի պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսված 5 մլն 22,7 հազ. ՀՀ դրամից փաստացի ծախսվել է 4 մլն 779.7 ՀՀ դրամ, տնտեսումը կազմել է 243 հազ. ՀՀ դրամ։

Ն. Պ.

 

 

ԿԱՐԿՈՒՏԸ ՎՆԱՍԵԼ Է ԲԵՐՔԸ

Լոռու մարզի Օձուն համայնքում նախօրեին տեղացած ուժեղ կարկուտը վնասել է գյուղացիների 80-ից 90 տոկոս բերքը։ Այս մասին ասել է Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը։ Ըստ նրա՝ կարկուտն ավելի շատ վնասել է գյուղի վերեւի հատվածների բերքը. «Ներքեւի հատվածներում համեմատաբար ավելի թույլ է եկել։ Հատվածներ կան, որ մշակաբույսերի ու ծառերի 80-ից 90 տոկոս վնասել է։ Գյուղում հիմնականում բերքատու ծառեր են՝ տանձենի, խնձորենի։ Մշակաբույսերից եգիպտացորեն էր դուրս եկել, դա է վնասվել, կարտոֆիլն է վնասվել. բոլորի սածիլները վնասվել են»։ Համայնքապետի խոսքով՝ վնասը կրել են գրեթե բոլոր գյուղացիները. «Ես մարզպետարանին հայտնել եմ այդ մասին, ասացին՝ փոխհատուցման տարբերակ չունենք»։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի փոխանցմամբ՝ ծանոթ է խնդրի մասին. «Մենք ուսումնասիրելու ենք եւ վնասի չափը ներկայացնելու ենք ՏԿԵ նախարարություն»։

 

 

 

ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ու Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի աջակցությամբ Իջեւանի «Վերնատուն» պատկերասրահում մեկնարկել է «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը: «Դպրոցական Մատենադարան» պիլոտային կրթական ծրագիրը շրջիկ ցուցահանդես-միջոցառում է՝ նախատեսված Տավուշի մարզի 4-6-րդ, 7-9-րդ եւ 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Ծրագիրը կազմված է երեք մասից՝ տեսական հատված, ծանոթություն ցուցադրությանը, գործնական հատված։ Տեսական հատվածում տարիքային խմբին համապատասխան նորովի մշակված շարադրանքի հիման վրա ամփոփ տեղեկություն է տրվում Մատենադարանի ստեղծման եւ կազմավորման պատմության, ինչպես նաեւ մշտական ցուցադրության մասին։

 

 

ՄԶԿԻԹՆԵՐ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Ադրբեջանի իշխանություններն արագ տեմպերով մզկիթներ են կառուցում օկուպացված հայկական բնակավայրերում։ Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գյունդուզ Իսմայիլովը մամուլի ասուլիսին հայտնել է, որ հայտնաբերվել է 67 մզկիթ, որոնց մեծ մասն ավերվել է. փոխանցում է ԱՊԱ-ն։ Պաշտոնյայի խոսքով՝ Հադրութում, Շուշիում եւ Մատաղիսում նոր մզկիթների շինարարությունը շարունակվում է։ Սակայն եթե մզկիթներն ավերվել են արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ապա ադրբեջանցիները նպատակաուղղված են ոչնչացնում հայկական ժառանգությունը։ Ադրբեջանցիներն արդեն բազմաթիվ հայկական եկեղեցիներ եւ հուշարձաններ են քանդել եւ վնասել 2020-ի հայկական տարածքների օկուպացումից հետո։




Լրահոս