«ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԵՄ». Հ. ԱՂԱԶԱՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ: 

 

-Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյան-Ալիեւ-Շառլ Միշել հերթական  հանդիպումը: Շատերը սա համարում են հենց, այսպես ասած, նշաձողի իջեցում, որովհետեւ չկա «Ղարաբաղի Հանրապետություն» կամ «Ինքնավար Ղարաբաղ» տերմինը, չկա ինքնորոշման մասին խոսք եւ այլն: Որպես իշխանության ներկայացուցիչ՝ Ձեր տեսակետը ո՞րն է այս հարցի շուրջ:

-Ես համաձայն չեմ Ձեր գնահատականի հետ, որ ինքնորոշման մասին խոսք չկա: Կոնկրետ Շառլ Միշելի հայտարարության մեջ նշված է այդ հանգամանքը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը պետք է պահպանվի: Եթե հիշում եք, 5-6 ամիս առաջ Ալիեւն ամեն օր հայտարարում էր, որ Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծված է եւ այլն,  բայց ինչ-որ իմաստով դա հիմա դառնում է օրակարգային հարց: Եվ սա ոչ թե նշաձողի իջեցման խնդիր է, այլ խնդիրը այնպես ներկայացնել, որ համաշխարհային հանրությունը ու այն ինստիտուտները, որոնք գոյություն ունեն այդ բնագավառում, նրանց հետ հնարավոր լինի  խոսակցություն բացել խնդրի շուրջ եւ տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցից: Եվ եթե մենք անընդհատ այդ տերմինը՝ նշաձողի իջեցում, օգտագործում ենք, նշաձողի իջեցում չի կարող տեղի ունենալ առանց Արցախի ժողովրդի եւ նրանց կողմից ընտրված օրինական իշխանությունների համաձայնության: Ես այդ անհանգստությունները չունեմ:

-Փաշինյանն ինքն էր այդ տերմինը հրապարակել…

-Այդ տերմինը, եզրույթը մենք նախադասության մեջ պետք է դիտարկենք: Նա ասաց, որ միջազգային գործընկերները մեզ առաջարկում են, որպեսզի մենք իջեցնենք նշաձող, բայց դա չի նշանակում, որ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունից են պահանջում: Պահանջում են կողմերից: Կողմերից մեկն էլ Արցախի մեր հայրենակիցներն են, եւ իրենք պետք է այդ խնդրին անդրադառնան: Հո մեր վրա դրված չէ՞ այդ իրավունքը: Մենք չունենք այդ իրավունքը, որպեսզի Արցախի ժողովրդի կողմից հայտարարություններ անենք, որոշումներ ընդունենք, փաստաթղթեր ստորագրենք:

-Արցախն արձագանքեց այդ հայտարարությանը, որ Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն առանց իրենց մասնակցության որոշումներ կայացնելու: Հատկապես շեշտվում է այն հանգամանքը որ հայկական կողմը բանակցություններում նահանջել է: Ինչո՞ւ է  առկա նահանջողական տրամադրություն:

-Ես համաձայն եմ այդ ձեւակերպման հետ. չնայած կոշտ նրբերանգներին՝ այդուհանդերձ միքտը ինձ համար հասկանալի ու թույատրելի է, որ մենք իրավունք չունենք Արցախի ժողովրդի փոխարեն որոշում կայացնել: Չի էլ արվում նման բան: Մենք՝ որպես պետություն, այսօր Արդբեջանի հետ խնդիրներ ունենք լուծելու եւ դրանք փորձում ենք լուծել՝ կյանքի կոչելով խաղաղության օրակարգը, բայց մեր հարաբերությունների ճշգրտման կոնտեքստում նաեւ միշտ այդ հարցը կա:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԺԱՄԿԵՏԸ ԿԵՐԿԱՐԱՑՎԻ

Խորհրդարանում երեկ կրկին նիստ էր միայն ՔՊ-ական խմբակցության պատգամավորների մասնակցությամբ: Նիստի ժամանակ քննարկվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը: Հնչել է առաջարկ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը դարձնել մինչեւ 18 ամիս` առանց երկարացման իրավունքի: Հիշեցնենք, որ գործող իրավակարգավորմամբ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ 6 ամիս է, որը կարող է մեկ անգամ հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ 6 ամսով: Այս կարգավորումը, ըստ Սերգեյ Բագրատյանի, խնդրահարույց է: Հեղինակն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասում` առաջին «վեց ամիս» բառերը փոխարինելով «մեկ տարի» բառերով:

 

 

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ վաղ առավոտից ընդդիմադիրների աջակիցների բնակարաններում խուզարկություններ են: Մասնավորապես՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը հայտնել էր, որ առավոտվանից խուզարկություն է իրականացվում ՀՀԿ Նոյեմբերյանի շրջանային խորհրդի կազմակերպչի տանը: «Հենց հիմա իշխանության ուղիղ հրամանով խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում»,-հայտնել էր «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը: «Այս պահին դավաճանի հրահանգով ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում»,- ասել էր ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Այսպիսով, Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե կոնկրետ ինչ դեպքով են իրավապահները մտել վերոնշյալ անձանց բնակարաններ եւ ինչ նպատակ են հետապնդել: Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները խուզարկությունները կատարել են՝ Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկում տղամարդու մահվան հանգամանքով պայմանավորված: Բանն այն է, որ ՀՀ ոստիկանապետի տեղեկալ Արա Ֆիդանյանը հայտնել էր, թե փորձաքննությունը ցույց է տվել, որ տղամարդու սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման հետեւանքով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները մահացած տղամարդու հետ կապված անձանց բնակարաններում սկսել են խուզարկությունների շարք, սակայն խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են մի քանի փամփուշտներ եւ թմրանյութ, եւ անգամ իրավապահ համակարգում կարծիք են հայտնել, որ առանձնապես արդյունք չի տվել խուզարկությունը, եւ, որպես այդպիսին, լուրջ բան չեն հայտնաբերել:

 

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խնամքի նպաստ կնշանակվի Հայաստանում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ երկու տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող հանդիսանալու հանգամանքից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։ Ընդ որում՝ վարձու աշխատողների եւ գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում՝ նաեւ եթե գյուղական բնակավայրում առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված լինելու՝ օրենքով սահմանված պայմանին ծնողը բավարարելու է 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։ Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը, որդեգրողը կամ խնամակալը՝ երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալու ամիսը ներառյալ: Իսկ եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչեւ երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ խնամքի նպաստի իրավունք ունեն՝

o խնամքի արձակուրդում չգտնվող ծնողը,

o վարձու աշխատող հանդիսացող ծնողը, որը չի գտնվում խնամքի արձակուրդում,

o անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող ծնողը եւ այլն:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից: Լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, լրագրողը կրկին խախտել է այդ կանոնները: «Քանի որ պրակտիկ կյանքում արձանագրում ենք մի քանի անգամ խախտում նույն լրագրողի կողմից, պետական մարմինը կդադարեցնի այդ լրագրողի հավատարմագրումը՝ լրատվամիջոցներին հնարավորություն տալով փոխարինել լրագրողին այլ լրագրողով»,-նշել է նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 67 կողմ ձայնով։ Նշենք, որ ընդդիմությունը ներկա չէր նիստին:

 

 

 




Լրահոս